Վիտամինային անբավարարությունը օրգանիզմի հիվանդագին վիճակ է, որն առաջանում է սննդում վիտամինների անբավարարության, դրանց յուրացման խանգարման կամ օրգանիզմում սինթեզի նվազման հետևանքով:
Առավել հաճախ վիտամինային անբավարարության առաջացման պատճառ է դառնում սննդի մեջ վիտամինների ցածր պարունակությունը, հատկապես՝ զտած, չորացրած և պահածոյացված մթերքներով սնվելիս, երբ սննդում շատ են ածխաջրային բաղադրիչները, անբավարար կենդանական ծագման սպիտակուցներն ու ճարպերը, բացակայում են թարմ մրգերն ու բանջարեղենը:
Կարևոր է նաև սննդամթերքի ու դրա խոհարարական մշակման կանոնների պահպանումը, որոնց խախտման հետևանքով վիտամինները քայքայվում են, օրինակ` նիկոտինաթթվով աղքատ որոշ հատիկային մթերքով շարունակական սնման դեպքում առաջանում է պելագրա (քրոնիկական):
Ավելի հազվադեպ վիտամինային անբավարարությունը պայմանավորված է որոշ հիվանդություններով, որոնց դեպքում խանգարվում է վիտամինների ներծծումը, կամ դրանք մեծ արագությամբ քայքայվում են ստամոքսաղիքային համակարգում:
Օրգանիզմում վիտամինների քայքայումն ուժեղանում, իսկ սինթեզումն ընկճվում է նաև որոշ հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ և մի քանի այլ դեղանյութեր երկարատև օգտագործելիս (երբ դրանք կիրառվում են առանց բժշկի նշանակման):
Վիտամինային անբավարարություն կարող են առաջացնել նաև վիտամինների նկատմամբ օրգանիզմի պահանջը մեծացնող գործոնները, օրինակ` այն կարող է առաջանալ ֆիզիկական և մտավոր զգալի բեռնվածության, նյարդահուզական լարվածության, օդի ցածր կամ բարձր ջերմաստիճանի ազդեցության, թթվածնաքաղցի դեպքերում, հղիության և երեխայի կերակրման շրջաններում (նույնիսկ եթե օրգանիզմ են մտնում բավարար քանակությամբ վիտամիններ):
Վիտամինային անբավարարությունն առաջանում է աստիճանաբար, իսկ կլինիկական դրսևորումներն առաջանում են ոչ անմիջապես: Դա պայմանավորված է նրանով, որ լիարժեք սնուցման դեպքում օրգանիզմում կուտակվում են վիտամինների առավել մեծ պաշարներ:
Վիտամինների պաշարի նվազումից հետո սկսում են գործել փոխանակային բնույթի փոխհատուցողական մեխանիզմները: Փոխհատուցումն աստիճանաբար դառնում է անբավարար, խանգարվում է նյութափոխանակությունը, առաջանում են առանձնահատուկ հիվանդագին գործընթացներ:
Մասնակի վիտամինային անբավարարությունը կոչվում է թերվիտամինություն: Եթե միջոցներ ձեռք չառնվեն այն վերացնելու համար, ապա կարող է առաջանալ վիտամիանային լրիվ անբավարարություն կամ անվիտամինություն (վիտամինաքաղց):
Թերվիտամինությունը բնորոշվում է հիվանդության թույլ արտահայտված ախտանշաններով, հատկապես՝ սկզբնական փուլերում: Հաճախ փոխվում են հիվանդի ընդհանուր վիճակը, նկատվում են թուլություն, դյուրագրգռություն, քնի խանգարում, աշխատունակության անկում, ախորժակի կորուստ և այլն:
Նշված ախտանշանները դիտվում են նաև այլ հիվանդությունների դեպքերում, ուստի անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի` վիտամինների պարունակությունն օրգանիզմում ստուգելու: Անվիտամինությունն ունի հատուկ կլինիկական դրսևորումներ:
Կանխարգելումը
Վիտամինային անբավարարության կանխարգելումը ենթադրում է վիտամինների, դրանց պատրաստուկների և վիտամինային խտանյութերի օգտագործում:
Սննդի արդյունաբերության ձեռնարկություններում կատարվում է որոշ սննդամթերքների վիտամինացում, օրինակ` այլուրը հարստացվում է թիամինով, ռիբոֆլավինով և նիկոտինաթթվով, կաթը և շաքարը` ասկորբինաթթվով, մարգարինը` ռետինոլով:
Տնային պայմաններում վիտամինային անբավարարության կանխարգելմանը նպաստում է բազմազան սնունդը, որն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ վիտամիններով, ինչպես նաև սննդանյութերի պահպանման և դրանց խոհարարական մշակման կանոնների ճիշտ կատարումը:
Պետք է իմանալ նաև, որ վիտամիններն ունեն ուժեղ կենսաբանական ազդեցություն և առանց բժշկի նշանակման դրանց օգտագործումը կարող է վնաս հասցնել:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: