10:28
Տարածված հարցեր՝ մաշկի հետ կապված. պատասխանում է մաշկաբանը
 

   

 
Հարցերին պատասխանում են Հելիոս բժշկական կենտրոնի մասնագետները:
 
 

 
 
 
Ճի՞շտ է արդյոք, որ պսորիազը անբուժելի հիվանդություն է:
 
Պսորիազը բուժելի հիվանդություն է: Ճիշտ է, դա հաճախ դյուրին չէ, քանի որ այդ ժամանակ օրգանիզմում տեղի են ունենում ընդհանուր բնույթի ախտաբանական տեղաշարժեր, որոնք պահանջում են հիվանդի բազմակողմանի հետազոտություն և համակարգային բուժում:
Հիվանդության զարգացման վաղ շրջանում մեզ հաճախ հաջողվում է լրիվ վերացնել հիվանդությունը, հատկապես երեխաների մոտ: Այլ դեպքերում բուժման արդյունքում տարածված ախտահարումը մեղմանում է, սահմանափակվում, բայց հիվանդը լիովին չի  ապաքինվում: Այլ կերպ ասած ամեն ինչ կախված է կոնկրետ դեպքից, հիվանդի անհատականությունից:
 
Որո՞նք են մաշկի ալերգիկ հիվանդությունները և ինչպե՞ս պաշտպանվել դրանցից:
 
Ալերգիան որպես երևույթ իրենից ներկայացնում է օրգանիզմի ռեակցիան իր վրա կրկնակիորեն ներգործած տարբեր գրգռիչների /ալերգենների/ նկատմամբ: Որոշ մաշկային հիվանդությունների ժամանակ/մոլաքոր, Կվինկեյի այտուց, Լայելի համախտանիշ, Ստիվեն-Ջոնսոնի համախտանիշ, անաֆիլակտիկ շոկ/ զարգանում է սուր ալերգիկ ռեակցիա կամ անմիջական տիպի  գերզգայունության ռեակցիա, դրանք մեծ վտանգ են ներկայացնում հիվանդի կյանքի համար: Այլ մաշկային հիվանդությունների ժամանակ /շփումային ալերգիկ մաշկաբորբ,էկզեմա,քորպատիկ, հարդային տենդ և այլն/ ալերգիկ ռեակցիան դանդաղորեն զարգացող է: Նշված հիվանդություններից յուրաքանչյուրն ունի իր զարգացման մեխանիզմը, կլինիկական պատկերը, որոնք հաշվի առնելով կարելի է կանխարգելել հիվանդության առաջացումը:
 
Հնարավո՞ր է արդյոք բուժել եղունգների սնկային հիվանդությունները միայն արտաքին միջոցներով:
 
Առանց ներքին ընդունման դեղանյութերի, միայն արտաքին միջոցներով եղունգների սնկային հիվանդությունների բուժման խնդիր է առաջանում այն պարագայում, երբ հիվանդը ունենում է ալերգիկ ռեակցիա առաջինների նկատմամբ կամ լուրջ ախտաբանական վիճակ լյարդի կամ երիկամների կողմից: Նման դեպքերում բուժման պրոցեսը ավելի երկար է տևում և պահանջվում են ավելի մեծ ջանքեր ինչպես մասնագետի, այնպես էլ հիվանդի կողմից:
 
Ինչպե՞ս կարող է երեխան վարակվել մաշկի սնկային հիվանդություններով, եթե տանը կամ դպրոցում նման հիվանդներ չկան:
 
Եթե երեխայի մոտ հաստատվել է սնկային հիվանդության, սակայն մանրազնին հետազոտություններով վարակի աղբյուրը չի հայտնաբերվել ոչ ընտանիքի անդամների, ոչ էլ այլ անձանց շրջանում /մանկական հիմնարկություն, փողոց/, ապա վարակի աղբյուրը պետք է փնտրել ընտանի կենդանիների և կրծողների շրջանում: Առանձին դեպքերում վարակը կարող է անցնել հողից: Խոսքը գնում է  միկրոսպորիայի և տրիխոֆիտիայի մասին, որոնցով հաճախ ախտահարվում են գլխի մազածածկ մասը, հարթ մաշկը:
Այլ դեպքերում /երբ ախտահարվում է ոտնաթաթերի մաշկը, եղունգները, իրանի մաշկը/  վարակի աղբյուր կարող է  հանդիսանալ լողավազանները, հասարակական բաղնիքները:
 
Որևէ վտանգ ներկայացնում են արդյո՞ք  պապիլոմաները, եթե դրանք չբուժվեն:
 
Պապիլոմաները կամ փափուկ սրածայր  գորտնուկները ունեն վիրուսային ծագում, կլինիկորեն արտահայտվում են տարբեր չափերի ու ձևի, հաճախ թելանման, գորտնուկանման, ամենից առաջ տեղակայվում են պարանոցի վրա: Եզակի քանակով արտահայտված լինելու դեպքերում նրանք հակում ունեն բազմանալու /ինքնավարակման ճանապարհով/, չափերով խոշորանալու, պիգմենտավորվելու, փոխանցվելու ուրիշ մարդկանց /անմիջական շփման ճանապարհով/, ընդգրկելու բնական անցքերը: 
Արևի ճառագայթման ենթակա հատվածներում տեղակայված պապիլոմաները կարող են խիստ պիգմենտավորվել: Այս բոլորը համոզիչ փաստեր են, որպեսզի հիվանդը չխուսափի դրանք բուժելուց:
 
Եղունգների ինչպի՞սի  ախտահարումների ժամանակ է ցուցված դրանց ամբողջական հեռացումը:
 
Եղունգաթերթիկների ամբողջական հեռացման անհրաժեշտություն է լինում գերազանցապես վնասվածքային բնույթի,  ենթաեղունգային ծավալուն արյունահոսությունների և հեմանգիոմաների դեպքերում: Նման պարագաներում եթե անգամ չկատարվի եղունգի շտապ հեռացում, միևնույնն  է, այն 1-2 շաբաթ անց կընկնի: Այլ դեպքերում /եղունգների եզրերի ներաճ, սնուցախանգարումներ,սնկային ախտահարումներ և այլն/ եղունգների ամբողջական հեռացումից պետք է խուսափել, եղած ախտահարումը արդյունավետ ձևով բուժել այլ եղանակներով և միջոցներով, որը հաջողությամբ իրականացվում է ”Հելիոս” բժշկական կենտրոնում:
 
Բերանի լորձաթաղանթի ախտահարման դեպքում հիվանդը ո՞ր մասնագետին պետք է դիմի` ստոմատոլոգին, թե մաշկաբանին:
 
Եթե հիվանդի մոտ զարգանում է բերանի լորձաթաղանթի ախտահարում և նա ունենում է ցավի, այրոցի և  այլ  անսովոր զգացումներ, ապա նա կարող է դիմել և' ստոմատոլոգին և'  մաշկաբանին: Պետք է կատարվի ոչ միայն  բերանի լորձաթաղանթի, այլ նաև հիվանդի  լիարժեք կլինիկական և մանրէաբանական հետազոտություններ,  քանի որ եղած ախտահարումը կարող է լինել լուրջ ընդհանուր հիվանդութան մասնակի ախտանիշ: Միայն դրանից հետո կպարզվի, թե հիվանդը, ո՞ր նեղ մասնագետի մոտ պետք է շարունակի բուժումը:
  
 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 5650 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Առողջ ապրելակերպ, Եղունգների խնամք, մաշկի խնդիրներ, դեմքի խնամք, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ