15:34
Պե՞տք է օգտվել դեղատների վիտամիններից
 

   


Վիտամինների համար մրցավազքը դարձել է առողջ կենսակերպի ժամանակակից պատկերացման անբաժանելի մասը: Գեղեցիկ փաթեթներով վաճառվում են ցանկացած տարիքի համար նախատեսված գունագեղ բազմավիտամիններ՝ էլ «առողջության պահպանման», էլ «կանխարգելման ու հիվանդությունների բուժման»: Գեղեցիկ խոստումներին արժե՞ հավատալ:

Պե՞տք է օգտվել դեղատների վիտամիններից

«Կողմ» փաստարկներ


Որ վիտամինների պակասն առողջությունը խաթարում է՝ անհերքելի փաստ է, և վեճերն անիմաստ են: Գիտնականները դրանք հայտնաբերել են հենց հիվանդությունների զանգվածային բռնկումների պատճառները փնտրելիս... սննդի մեջ: Առաջին հերթին հիվանդանում էին նրանք, ում սննդակարգում բացակայում էին որոշ կարևորագույն նյութեր: Այսօր հայտնի է, որ սննդի մեջ բացահայտված 40 վիտամիններից առավել կարևոր են 12-ը:
Նախորդ դարի 80-ականների կեսերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զանգվածային հետազոտություն անցկացրեց, որի արդյունքները վկայում էին, որ Միջերկրական ավազանի երկրների բնակիչները շատ ավելի հազվադեպ են տառապում և մահանում սրտանոթային հիվանդություններից, քան Եվրոպայի բնակչությունն ընդհանուր առմամբ: Պատճառը տարբերվող սննդակարգն է: Միջերկրական երկրների բնակիչներն ավելի շատ թարմ բանջարեղեն և միրգ են ուտում:
Հենց այդ փաստը, որ սրտանոթային հիվանդությունների քանակն ավելի քիչ է այն տարածաշրջաններում, որոնք հարուստ են մրգերով և բանջարեղենով, բազմավիտամինային հեղափոխություն առաջացրեց:

Վայրկենապես հայտնվեցին հետազոտողներ, որոնք վիտամին C-ն և E-ն, ինչպես նաև պրովիտամին A-ն հռչակեցին սրտային հիվանդությունների դեղորայքի գրեթե համարժեքը: Աշխարհում, որտեղ յուրաքանչյուր երկրորդ մարդը մահանում է սրտանոթային հիվանդություններից, դա ցնցող հայտարարություն էր: Դեղագործական արդյունաբերությունն անհապաղ տասնապատկեց հզորությունները, իսկ սպառողները` այդ հրաշք դեղամիջոցների ձեռքբերման ծախսերը: Բարեբախտաբար դրանք դեղատներից գնելու համար դեղատոմս չի պահանջվում:
Ամենամյա հարցումները վկայում են, որ վիտամինների հաբեր ընդունող մարդիկ դրանց հետ են կապում իրենց ինքնազգացողության ակնհայտ բարելավումը: Սուբյեկտիվ զգացողությո՞ւն է: Նույնիսկ եթե այդպես է` ինքնաներշնչումը նույնպես օգտակար է:
 
«Դեմ» փաստարկներ
 
Մինչդեռ բժիշկներն այնքան էլ չէին շտապում ոգևորվել վիտամինային բուժմամբ: Սպասում էին կլինիկական հետազոտությունների արդյունքներին: Եվ ահա վերջապես դրանք հայտնվեցին: Ամերիկացի այն հիվանդները, որոնք վեց տարի շարունակ ընդունում էին վիտամին C-ի բուժական չափաբաժիններ (օրական 120 մգ ասկորբինաթթու), նույնքան հաճախ էին սրտային հիվանդություններ ունենում և դրանցից մահանում, որքան վիտամինային հավելումներ չընդունող մարդիկ:
Նույնը՝ վիտամին E-ի դեպքում: Ազդեցության իսպառ բացակայություն: Սրտի իշեմյան հիվանդություն ունեցողներն այն խմել են երկարատև` 3-6 տարի: Բայց դա ոչ մի կերպ չի անդրադարձել նրանց հիվանդության ընթացքի վրա:

Պե՞տք է օգտվել դեղատների վիտամիններիցԲացի դրանից՝ 7-14 տարվա ընթացքում առողջ մարդկանց ամեն օր տալիս էին բետա-կարոտինի չափաբաժին: Եվ ի՞նչ. այդ մարդկանց շրջանում սրտանոթային հիվանդություններից մահացությունների հաճախության նվազում բժիշկները չեն բացահայտել: Ավելին` բետա-կարոտինի ընդունումը նույնիսկ սրտային հիվանդություններից մահացության աճի միտում է առաջացրել: Եզրակացություն. բետա-կարոտինի, ինչպես նաև վիտամին C-ի և E-ի պաշտպանական ազդեցությունը գիտականորեն չի հաստատվել: Նույն եզրակացությանն է հանգել ևս մեկ աղմկահարույց հետազոտություն` Heart Protectio Study-ն, որն անց է կացրել Օքսֆորդի համալսարանի գիտախումբը: Իր հերթին սննդային չափօրինակների բրիտանական անկախ գործակալությունը (FSA) չորսամյա հետազոտություն է անցկացրել՝ վիտամինների և հանքային տարրերի համալիրների ազդեցությունն օրգանիզմի վրա ստուգելու համար: Եզրակացությունն ավելի անմխիթար էր. այն ամենօրյա չափաբաժինները, որոնք սովորաբար խորհուրդ է տրվում օգտագործել, կարող են առողջությունը վատացնել: Հատկապես վիտամին C-ն, որի չափաբաժինը վիտամինային հաբերում 3000 մգ է, մինչդեռ միջազգային բժշկության սահմանած թույլատրելի նորման 60 մգ-ն է (ամերիկացի գիտնական Լայնուս Պոլինգը խորհուրդ է տալիս գործածել 1000 մգ, այն էլ միայն բնական վիճակում` այսինքն բանջարեղենի և մրգերի կազմում):

Հետազոտությունն առաջացրեց վիտամինային համալիրների արտադրողների բուռն հակազդեցությունը: Նրանք FSA-ին մեղադրեցին գիտական մտքից հետ մնալու և մարդկանց վախեցնելու համար ՘Անգլիայում ամեն օր վիտամինային հաբեր են ընդունում տղամարդկանց 30, կանանց` 40 տոկոսը՗:
Իսկ մեկ տարի առաջ ամբողջ աշխարհի լրատվամիջոցներով տարածվեց հետևյալ նորությունը. շվեդ գիտնականներն ապացուցել էին, որ վիտամինային հավելումները մարդկանց սպանում են: Հակաօքսիդանտների ընդունումը մահացության գործակիցը բարձրացնում է 5 տոկոսով: Առանձին վիտամին E-ն` 4%-ով, բետա-կարոտինը` 7% ով, վիտամին A-ն` 16% ով:
 
Օգտակա՞ր է, թե ոչ
 
Վիտամինային հավելումների դեղագործական ազդեցության շուրջ ծավալված քսանամյա քննարկումներին առայսօր վերջակետ դրված չէ: Գոյություն ունեցող կլինիկական հետազոտությունները բավարար չեն վիտամինային դեղամիջոցներն անօգուտ համարելու համար: Իսկ թե համաշխարհային դեղագործական արդյունաբերությունը շահագրգռված է նման հետազոտություններում` առանձին հարց է:
Իրականում վիտամինային հավելումների կողմնակիցներն ասում են մի բան, իսկ նրանց հակառակորդները` բոլորովին այլ բան: Եվ միայն մի քանի գիտնականներ ամերիկացի Լայնուս Պոլինգի օրինակին հետևելով համարձակվում են խոսել վիտամինների կենսաբանական օգտակարության մասին: Ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ինչ տեսքով են այդ վիտամինները մտնում օրգանիզմ` որպես քիմիական ճանապարհով սինթեզված նյութե՞ր, թե որպես սնունդ:

Այո, վիտամինները պաշտպանում են հիվանդությունից: Բայց միայն «կենդանի» վիտամինները, ոչ թե՝ «մահացածները»: Կլինիկական փորձերում խայտառակված այդ նույն բետա-կարոտինը հիվանդներն ընդունել են արդյունաբերական ճանապարհով ստացված դեղամիջոցի տեսքով: Իսկ բույսերում և կենդանական ծագման մթերքներում գոյություն ունի կարոտինի երկու հարյուր տեսակ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին: Բոլորը միասին և ոչ թե փորձարանում մշակված բետա-կարոտինի առանձին տեսակը:
 
Իսկ վիտամին C՞-ն: Քիմիական ճանապարհով սինթեզված ասկորբինաթթուն և թարմ նարինջում պարունակվող բնական վիտամին C -ն երկու շատ տարբեր բաներ են, չնայած ունեն քիմիական նույն բանաձևը: Մրգային կենդանի վիտամինի շուրջն անպայման կուտակվում են վիտամիններ E-ն, PP-ն, կենսաբանորեն ակտիվ այլ նյութեր և մանրատարրեր: Դրա համար էլ պետք չէ զարմանալ, որ արդյունաբերական ասկորբինաթթուն հետազոտությունների ժամանակ ոչ մի պաշտպանական ազդեցություն չի դրսևորել:
Ինչ վերաբերում է վիտամին E-ին՝ շուկայում վաճառվող դեղամիջոցների մեծամասնությունը նավթից ստացված արհեստական քիմիական միացություններ են, շատ քչերն են բնական բուսական հումքից ստացվում:

Եվ այնուամենայնիվ` այդ ամենն ընդամենը տեսություն է: Գիտնականներն այսօր պատրաստ չեն ստուգել, թե բնական աղբյուրներից ստացված վիտամինները հիվանդությունների դեմ պայքարում ինչ ազդեցություն կունենան: Հետո` պարզ չէ, թե ինչ հետևանքներ կունենան այդ ուսումնասիրությունները: Իսկ եթե հանկարծ դրանք ոչնչացնեն վիտամինային դեղամիջոցների ամբողջ արդյունաբերությո՞ւնը:
 
Ի դեպ
 
Օրգանիզմը վիտամիններով հարստացնելու ամենապարզ և վստահելի միջոցը ծխախոտից ու ոգելից խմիչքից կտրականապես հրաժարվելն է: Գիտնականներն ապացուցել են, որ ծխող և խմող մարդիկ 30-40 տոկոսով ավելի քիչ են վիտամիններ ստանում, քան առողջ կենսակերպ վարողները:
 
Վիտամիններով հարուստ մթերքները
 
C. Մասուր, սև հաղարջ, նարինջ, թուրինջ, բուլղարական պղպեղ, թրթնջուկ, կանաչ սոխ:
E. Ցանկացած չզտված բուսական ձեթ (հատկապես ձիթապտղի), ոլոռազգիներ, ընկույզ, հատիկավորներ, կանաչ տերևով բանջարեղեն:
Կարոտին. Դեղին և կանաչ
բանջարեղեն, պանիր, կաթ, ձու,
լյարդ, ձուկ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1046 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ