19:43
Օգտակար խորհուրդներ ցուրտ եղանակի համար
 

   

 

Սառչել կարելի է տարվա բոլոր եղանակներին, սակայն ամենից հեշտ է դա անել ձմռանը։ Բավական է միայն մի քանի րոպե անշարժ կանգնել կանգառում։ Չսառչելու համար անհրաժեշտ է շարժվել։ Պետք չէ դողալ, քանի որ ինչքան ուժեղ ես դողում, այնքան շուտ կսառչես։

Անհրաժեշտ է անել ճիշտ հակառակը՝ թուլացնել ողջ մարմինը, զսպել դողը եւ կարգավորել շնչառությունը։ Ձմռանն ավելի լավ է շնչել քթով, հատկապես՝ ցուրտ եղանակին։ Տաքանալու համար կարող եք ձեռքի ափերը շփել իրար եւ թափահարել թեւերը։ Ընդ որում՝ ձեռքերը պետք է առավելագույնս թուլացած լինեն, իսկ մատները՝ լարված, ձգված։ Կարելի է օգտվել նաև էսկիմոսների մեթոդից։ Անհրաժեշտ է ձեռքերը ձգել մարմնի երկարությամբ, մատները լարել, բացել եւ ուսերն արագ- արագ, կտրուկ շարժել վերև- ներքև։ Արդեն տաքացած ձեռքերը կարող եք պահել թևատակերում կամ գրպանների մեջ։ Իսկ ոտքե՞րը։ Դրանք հաստատ գրպանը դնել չի լինի։ Դրա փոխարեն փորձեք շարժել ոտքի մատները, պարել, մի քանի անգամ կքանստել կամ տեղում վազել։ Եթե սառչում են քիթը, այտերն ու ականջները, ապա շփեք դրանք ձեռքի չոր ափերով։ Եվ ամենակարևորը՝ չի կարելի տաքանալուց հետո կանգ առնել։ Շարունակեք շարժվել եւ ոչ մի դեպքում չնստեք սառը նստարաններին, այլապես տաքանալու ձեր ջանքերը միանգամից ջուրը կընկնեն։ Ցուրտն ու արևը Ձմեռ է, ցուրտ, սակայն երկնքում շողում է արևը, և երեխաները նետվում են բակ։ Նրանք տարվում են խաղով ու մեկ էլ հանկարծ նկատում, որ այտերը սառչել են և անզգայացել։ Ի՞նչ անել։ Գուցե ձյունով շփե՞լ։ Ոչ մի դեպքում, քանի որ այդպես կարելի է մաշկը քերծել։ Անհրաժեշտ է շուտ գնալ տուն, որովհետև զգայունության կորուստը ցրտահարության առաջին նախանշաններից է։ Դա վտանգավոր է և ցավոտ։ Դրանից խուսափելու համար հիշեք, որ ցրտահարվել կարելի է ոչ միայն ուժեղ ցրտից։ Այստեղ կարևոր նշանակություն ունի նաեւ օդի խոնավությունը։ Որքան դրա մակարդակը բարձր է, այնքան ցրտահարվելն ավելի հեշտ է։ Ցուրտը կարող է վնասել մարմնի ոչ բոլոր հատվածները, այլ միայն այտերը, ականջները, քթի ծայրը, ձեռքերի ու ոտքերի մատները, սրունքներն ու դաստակները։ Օրինակ՝ որովայնը հնարավոր չէ ցրտահարել, որովհետև օրգանիզմը պաշտպանում է (այսինքն՝ տաքացնում է առաջին հերթին) այնտեղ գտնվող կենսական կարևոր օրգանները։ Երբ մարմինը սառչում է, ողջ ջերմությունն սկսում է «հոսել» դեպի ամենակարևոր օրգանները, ու քանի որ մատները, ականջներն ու քիթը որովայնից հեռու են գտնվում, դրանց համար շատ քիչ ջերմություն է մնում։ Ընդունված է ցրտահարության երեք աստիճան։ Առաջինի դեպքում վերջույթներն անզգայանում են և գունատվում։ Բոլորը, բացի ականջներից։ Դրանք միայն շատ ուժեղ կարմրում են, որովհետև գրեթե ամբողջությամբ կռճիկ են ու կաշի։ Ցրտահարության առաջին աստիճանի դեպքում անհրաժեշտ է չոր ձեռքերով (այլ ոչ թե ձյունով կամ ձեռնոցներով) վերջույթները շփել այնքան, մինչև տաքանան։ Նշենք, որ այս գործողությունը պետք է կատարել տանը և ոչ դրսում։ Խորհուրդ է տրվում նաև վերջույթները խորասուզել գոլ ջրի մեջ և աստիճանաբար ջրի ջերմաստիճանը բարձրացնել։ Այնուհետև պետք է դրանք սրբիչով լավ չորացնել և փափուկ շորով փաթաթել։ Ցրտահարության երկրորդ աստիճանի դեպքում մաշկի վրա փուչիկներ են առաջանում, համարյա ինչպես այրվածքների ժամանակ։ Անհրաժեշտ է հնարավորինս արագ դիմել բժշկի։ Երրորդ աստիճանի դեպքում մաշկի հյուսվածքներն սկսում են մահանալ։ Ի հետևանք՝ դրանք ստիպված են լինում վիրահատական եղանակով հեռացնել։ Սառույցի վրա Կարո՞ղ եք ասել, ի՞նչ է ստացվում, երբ ցրտին ավելացվում է մի քիչ ջերմություն, իսկ հետո նորից մի քիչ ցուրտ։ Ճիշտ է՝ մերկասառույց։ Սրան ամենից հեշտ է հանդիպել առավոտյան, դպրոց գնալու ճանապարհին, երբ երեխաները փորձում են սահելով ավելի կարճացնել այն։ Մեկ, երկու և հոպ՝ հայտնվում ես գետնին։ Ցավոտ է, չէ՞։ Ի՞նչ պետք է անել ընկնելու և վնասվածքներ ստանալու վտանգը նվազեցնելու համար։ - Հնարավորինս շրջանցել ճանապարհի սայթաքուն հատվածները։ - Սայթաքելիս աշխատեք ընկնել որովայնի վրա՝ ձեռքերն առաջ պարզած և արմունկները մի փոքր ծալած, որպեսզի կոտրվածքներ չստանաք։ Հիշեք, որ ընկնելիս ձեռքի ափերը մեղմացնում են հարվածը։ - Ընկնելու դեպքում գլուխն անհրաժեշտ է մի փոքր վեր պահել, որ դեմքը չվնասվի։ - Աշխատեք չընկնել ծնկների վրա։ Ավելի լավ է հագուստը կեղտոտվի, քան լուրջ վնասվածքներ ստանաք։ - Եթե մեջքի վրա ընկնեք, ապա փորձեք արագ կլորացնել մեջքն ու ոտքերը սեղմել որովայնին, որպեսզի ողնաշարը չվնասեք։ - Թեքության վրա ավելի անվտանգ է ընկնել կողքի՝ մի ձեռքն առաջ ու վեր մեկնած, որպեսզի գլուխը գետնին չխփեք։ Եվս մեկ կարեւոր կանոն, որն անհրաժեշտ է հիշել։ Առանձնահատուկ կերպով պետք է ուշադիր լինել փողոցն անցնելու ժամանակ և պահպանել անվտանգության կանոնները։ Հնարավոր է, որ վարորդը չկարողանա մերկասառույցի վրա կառավարել մեքենան։ Սառույցի վրա ավելի երկար է նաև արգելակումից հետո ավտոմեքենայի անցած ճանապարհը։ Իսկ ի՞նչ կարելի է անել կոշիկների հարթ և սայթաքուն ներբանների հետ։ Մաքուր եւ չոր ներբանի վրա կարելի է գործվածքից կպչուն ժապավենի կտոր ամրացնել կամ ուռուցիկ գլխիկներով մի քանի կոճգամ։ Սառույցի տակ Ձմռանը հատկապես վտանգավոր է լճերի և գետերի սառած մակերևույթը։ Երեխաները ցանկանում են օգտվել ձմռան պարգեւած այդ հնարավորությունից եւ խաղալ այնպիսի խաղեր, որոնք հնարավոր չէ խաղալ տարվա մյուս եղանակներին՝ հոկեյ, չմշկասահք եւ այլն, կամ պարզապես սառույցն օգտագործել որպես կամուրջ։ Դա շատ վտանգավոր է, քանի որ ջուրն անհամաչափ է սառչում։ Ափի մոտ սառույցն ավելի հաստ է, քան լճի կենտրոնում։ Հայտնվելով գետի կամ լճի սառած մակերևույթի վրա՝ աշխատեք ուշադիր լսել՝ արդյո՞ք այն չի ճրթճրթում։ Այդպիսի ձայն է արձակում միայն բարակ, ոչ ամուր սառույցը։ Նման ձայներ լսելիս անմիջապես հեռացեք դեպի ափ, բայց հանկարծ չվազեք։ Եթե ձեր ոտքի տակ սառույցը սկսում է ճաքել, ապա պառկեք փորի վրա և աշխատեք սողալով հասնել ափին։ Եթե մոտակայքում մարդիկ կան, ապա նրանց օգնության կանչեք։ Սառույցի կոտրվելու դեպքում պարզեք ձեռքերը ևփորձեք կառչել սառցակտորի եզրերից, որպեսզի չսուզվեք ջրի տակ։ Պետք չէ կտրուկ շարժումներ անել։ Աշխատեք դուրս գալ սառույցի վրա ևփորսող տալով հասնել ափ, որից հետո անպայման շտապեք տաքանալ, որպեսզի բարդություններ չառաջանան։ Եթե պետք է ուրիշին օգնել, ապա զինվեք փայտյա ձողով կամ տախտակով ևփորի վրա սողալով մոտեցեք այնքան, որ կարողանաք խեղդվողին նետել կաշվե գոտին կամ պայուսակի բռնակը, որից կառչելով նա կարող է ափ դուրս գալ։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 899 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ