21:10
Գազարը՝ փոքրիկ դեղատուն
 

   


Իզուր չէ, որ գազարը փոքրիկ դեղատուն են անվանում: Դժվար է պատկերացնել, որ այս  նրբիկ բանջարեղենի մեջ օրգանիզիմի համար չափազանց կարևոր վիտամինների ու տարրերի մի ամբողջ համակարգ է կուտակված, ինչի շնորհիվ բազմաթիվ հիվանդություններ կարելի է բուժել: 

Գազարը՝ փոքրիկ դեղատուն

Գազարը C, D, E, K, B խմբի վիտամինների հարուստ աղբյուր է: Եվ, այնուամենայնիվ, նրա հիմնական արժեքը պայմանավորված է կարոտինի պարունակությամբ: Լյարդն օրգանիզմ մտնող կարոտինը վերածում է A վիտամինի: Կարոտինի՝ A վիտամինի փոխակերպվելու այս բնական ընթացքն արագացնելու համար անհրաժեշտ է գազարն օգտագործել հում վիճակում՝ միաժամանակ ընդունելով ճարպ պարունակող սնունդ, օրինակ՝ 1 թեյի գդալ թթվասեր: Իսկ գազարով աղցան պատրաստելիս անպայման պետք է առատորեն ձեթ ավելացնել: Նկատի ունեցեք, սակայն, որ գազարով աղցանը հարկ է պատրաստել ուտելուց անմիջապես առաջ, քանի որ դրա մեջ պարունակվող կարոտինը շատ արագ կորցնում է իր արժեքավոր հատկությունները, երբ շփման մեջ է մտնում օդի թթվածնի հետ: 

Հայտնի է, որ գազարը վերքերն արագ ապաքինելու հատկություն ունի: Բավական է գազարն անցկացնել քերիչով, տարածել թանզիֆի մակերեսին և դնել վերքին: Մեր տատիկներն այս եղանակով բուժում էին ոչ միայն վերքերը, այլև այրվածքները, թարախային գոյացություններն ու ցրտահարված վերջույթները: 

Գազարի հյութը՝ կենարար հեղուկ 

Գազարի հյութը լայնորեն կիրառվում է հյութաբուժության մեջ: Գարնան ու աշնան սկզբին, երբ առավել զգայուն ենք վարակների նկատմամբ, ցանկալի է մոտ 15 օր գազարի թարմ հյութ խմել. դա բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: 
Մրսածության ժամանակ խորհուրդ է տրվում կոկորդի ողողումներ անել գազարի հյութով: Ուժեղ հազի և խռպոտության դեպքում օգտագործում են գազարի հյութը՝ ավելացնելով 1 ճաշի գդալ մեղր, իսկ բրոնխների ասթմայի նոպայի ժամանակ՝ գազարի հյութն ու կաթը՝ 1:1-ի հարաբերությամբ: Մրսածությունն անցկացնելու նպատակով կարելի է նաև գազարի և խնձորի հյութերի խառնուրդ ըմպել՝ 2:1-ի հարաբերությամբ: 

Գազարի հյութը հայտնի է հատկապես տեսողությունը լավացնելու և աչքերի մի շարք հիվանդություններ (կարճատեսություն, շաղկապենու բորբոքում, հավկուրություն և այլն) բուժելու իր անգնահատելի հատկությամբ: Հետևաբար նրանք, ովքեր տեսողության խնդիրներ ունեն, ամեն օր պետք է գազար օգտագործեն: Նրանց հատկապես օգտակար է գազարի թարմ քամած հյութը, որ պետք է խմել առավոտյան՝ քաղցած ժամանակ: Սա լավացնում է նաև աղիքների աշխատանքը՝ վերացնում է փորկապությունը, հետևաբար նպաստում նյութափոխանակությանն ու օրգանիզմից թունավոր նյութերի հեռացմանը, օգնում հաղթահարելու ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածությունը: 

Լնդերի բորբոքման, ստոմատիտի, անգինայի, ֆարինգիտի  դեպքում պետք է բերանն ու կոկորդը ողողել գազարի տաքացրած հյութով, ինչն օգնում է մեղմացնել ցավն ու վերացնել կարմրությունը: 

Որոշ դեպքերում գազարի հյութը կարող է անգամ անպտղություն բուժել: Հղի կանանց և կերակրող մայրերի համար ևս գազարի հյութը շատ օգտակար է: Այն լավացնում է կաթի որակը՝ հարստացնելով դրա բաղադրությունը, միևնույն ժամանակ օգնում պաշտպանվել աչքերի, ականջների վարակիչ հիվանդություններից: Փոքրիկների կերակրացանկում նույնպես պետք է անպայման գազար ընդգրկել՝ լինի աղցան, թե թարմ հյութ: Այն երեխաները, ովքեր կանոնավորապես են գազար օգտագործում, ավելի քիչ են բողոքում տեսողությունից, ախորժակի բացակայությունից, աղեստամոքսային ուղու խանգարումներից: Առանձնահատուկ պետք է նշել, որ գազարի հյութը նպաստում է երեխաների աճին և ոսկորների ամրացմանը: 

Գազարի հյութը խմելուց առնվազն 1 ժամ առաջ և 1 ժամ հետո (երբեմն՝ ամբողջ օրվա կամ բուժման ողջ ընթացքում) պետք է բացառել այն սննդամթերքների օգտագործումը, որոնք շաքար, օսլա կամ ալյուր են պարունակում: 

Գազարի հյութը՝ գեղեցկության աղբյուր

Այսօր կանայք ի՜նչ քսուքներ ասես օգտագործում են մաշկի երիտասարդությունը պահպանելու, հաճելի գույնն ու այտերի թարմ վարդագույնն ընդգծելու համար: Այստեղ դարձյալ հարկ է հիշել մեր տատիկներին: Նրանք դիմահարդարման թանկարժեք միջոցներից չէին օգտվում, սակայն զարմացնում էին իրենց առողջ մաշկով, փարթամ հյուսքերով և ամուր եղունգներով: Ինչպե՞ս էր նրանց հաջողվում պահպանել բնական գեղեցկությունը: Բանն այն է, որ մեր տատիկները լավ էին տիրապետում բնության պարգևներից, այդ թվում՝ գազարից գեղեցկություն «կորզելու» գաղտնիքներին: Նրանք լավ գիտեին, օրինակ, որ մաշկի «ամառային գույնն» ու վարդագույն թարմությունը դեռ երկար կպահպանվեն, եթե սեպտեմբերի առաջին 2 շաբաթվա ընթացքում ամեն օր մեկ բաժակ գազարի հյութ խմեն: Գազարի հյութը ոչ միայն մաշկի ընդհանուր վիճակն է լավացնում, այլև ամրացնում է ատամները, եղունգներն ու մազարմատները: Գազարն այսպիսի անգնահատելի հատկություններով է օժտված կարոտինի, E վիտամինի, ֆոսֆորի և երկաթի, մագնեզիումի և կալիումի, ինչպես նաև բազմաթիվ միկրոտարրերի առատ պարունակության շնորհիվ: 

Գազարը կարելի է օգտագործել նաև կոսմետոլոգիական նպատակներով: Մազարմատների վնասված կառուցվածքը վերականգնելու և մազաթափությունը կանխելու համար խորհուրդ է տրվում գազարի հյութով դիմակը: Գազարի հյութը պետք է քսել մազարմատներին, թողնել 15 րոպե, ապա լավ լվանալ: Նույնը պետք է կրկնել ամեն անգամ մազերը լվանալուց առաջª 1 ամսվա ընթացքում: Սակայն այս դիմակը խորհուրդ է տրվում մուգ մազերի դեպքում, քանի որ բաց գույնի մազերը կարող են գազարագույն երանգ ձեռք բերել: 

Եթե ձեր մաշկը չոր է, կօգնի հետևյալ դիմակը. խառնեք քերիչով անցկացրած գազարը, 1 դեղնուցն ու 1 գդալ մեղրը, քսեք դեմքին, թողեք 15 րոպե, ապա լվացեք գոլ ջրով: Իսկ գազարի և կիտրոնի հյութերի խառնուրդն օգտագործվում է պեպեններից և կորյակներից ազատվելու նպատակով:  

Ինչի՞ց պետք է զգուշանալ 

Ոչ միշտ և ոչ բոլորը կարող են գազարի հյութ օգտագործել: Պետք է խիստ սահմանափակել դրա օգտագործումը ստամոքսի բարձր թթվայնության, գաստրիտի կամ ստամոքսի խոցի, ինչպես նաև  տասներկումատնյա աղիների սուր խոցային հիվանդությունների, բարակ աղիքների բորբոքման դեպքում: Գազարի հյութի հետ «զգույշ» պետք է լինեն նաև շաքարախտով հիվանդները:  
Նրանք, ովքեր վերոնշյալ հիվանդությունները չունեն, չի նշանակում, որ կարող են անսահմանափակ քանակությամբ գազարի հյութ խմել: Դրա չարաշահումից օրգանիզմում կարող է կարոտինի ավելցուկ առաջանալ: Այդպիսի դեպքերում հնարավոր է դեմքի, ձեռքերի և ոտքերի մաշկը ժամանակավորապես դեղին երանգ ձեռք բերի: Եթե այսպիսի ախտանշաններ եք տեսնում, ուրեմն չարաշահել եք գազարի հյութը. ավելի լավ է որոշ ժամանակով հրաժարվեք դրանից: 

Եթե գազարի հյութն օգտագործում եք օրգանիզմը շլակներից, թունավոր նյութերից մաքրելու նպատակով, նկատի ունեցեք, որ գլխացավ, սրտխառնոց և այլ տհաճ զգացողություններ կարող են առաջանալ: Դրանից չպետք է վախենալ. այդ ախտանշանները մատնանշում են, որ օրգանիզմում սկսվել է մաքրման բնական ընթացքը: Սակայն այսպիսի երևույթներ կարող են առաջանալ նաև այն դեպքում, երբ չարաշահում են գազարի հյութը: Ուստի, օրական 1 բաժակից ավելի խմել խորհուրդ չի տրվում:

Ի դեպ

Գազարը, որից պատրաստվում եք հյութ քամել, պետք է էկոլոգիապես մաքուր լինի` զերծ քիմիական պարարտանյութերից: Եթե այն հագեցած է քիմիական պարարտանյութերով, ոչ միայն օգուտ չեք բերի ձեր օրգանիզմին, այլև կվնասենք, էլ չենք խոսում, որ կարող եք վնասել ստամոքսը և գազարի նկատմամբ ալերգիա «վաստակել»: 
Հյութ քամելուց առաջ գազարի կեղևը հանել պետք չէ: Պարզապես դանակով կտրեք կոշտ մասն ու հեռացրեք վնասված հատվածները, իսկ մակերեսը լվացեք` միաժամանակ մաքրելով կոշտ խոզանակով: 




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 5771 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ