01:04
Ալերգիա ` ծաղկափոշուց
 

   


Ինչու՞ են ձեր աչքերից արցունքներ թափվում, քիթը թաց է, կորցրել եք քունն ու ախորժակը, աշխարհը դարձել է մոխրագույն ու թշնամական… Գուցե դրանք սիրահարի տառապանքնե՞ր են: Օ˜, ոչ այս անգամ դա պոլինոզ է: 


Ծաղկափոշուց ալերգիան` պոլինոզը, հայտնվում է հարբուխով, արցունքահոսությամբ, աչքերի քորով և այլ տհաճ զգացողություններով, որոնք ստիպում են մնալ չորս պատի ներսում և քիթ հեռու պահել քամուց, իսկ դեմքը անցորդների հայացքներից: 
Մեր «դժբախտության» հիմնական «մեղավորը» մեր իսկ օրգանիզմի իմուն համակարգի ուժեղ արձագանքն է ծաղկած բուսերի ծաղկափոշուն:
Եվս մեկ մեղավոր. քաղաքի ծխառատ, փոշոտ, աղտոտված օդը: Քաղաքաբնակները պոլինոզով 6 անգամ ավելի շատ են հիվանդանում, քան գյուղաբնակները:

Եթե ծնողներից մեկը ունի ալերգիա` ծաղկափոշուց, ապա հավանականությունը, որ երեխան էլ կժառանգի` 30 տոկոս է, իսկ եթե երկու ծնողն էլ ունեն, ժառանգելու հավնականությունը 60 տոկոս է: 

Փրկվե՛ք, ով կարող է

Աղետն անխուսափելի՞ է, ուրեմն  պատրաստվե՛ք հակահարված տալ:
Քիթը վերածվել է ջրատար խողովակի, որից անընդհատ ջուր է հոսում, շնչել գրեթե հնարավոր չէ, իսկ հոտերի մասին կարելի է ընդհանրապես մոռանալ: Իրավիճակը բառացիորեն նման  է մի  ֆիլմի, որ նայում ես առանձ ձայները լսելու:

Ձեր գործողությունները. Հաճա՛խ լվացեք քիթը: 
Դա հատկապես անհրաժեշտ է անել զբոսանքից հետո: Կարելի է դանակի ծայրով մի փոքր աղ վերցնել, լուծել տաք ջրի մեջ և  կաթեցնել քիթը կամ դեղատնից ծովային աղաջուր վերցնել: Դրանով դուք ոչ միայն կթեթևացնեք շնչառությունը, այլ նաև կոչնչացնեք քթի ծաղկափոշին: Հարբուխի ուժեղացման ժամանակ փորձե՛ք կետային մերսում անել. արդյունավետ կերպով սեղմեք քթարմատները:
Հարբուխին ավելանում է նաև կոնյուկտիվիտը , արցունք է հոսում, առաջանում է աչքերի քոր և այրոց: 

Ձեր գործողությունները. Փողոց դուրս մի՛ եկեք առանց ակնոցի, հատկապես քամոտ եղանակին: Ակնոցը ձեզ համար ոչ թե նորաձև ակսեսուար է, այլ առանձնահատուկ տարր` աչքերը պաշտպանելու համար: Եթե լինզաներ եք կրում, հիվանդության ժամանակ հրաժարվեք կրելուց: Ձեռքերը աչքերից աշխատեք հեռու պահել, այժմ ձեր աչքերը հակված են տարբեր ինֆեկցիաներով վարակվելու:   

Դեմքն այտուցվում ու կարմրում է, դուք անզուսպ փռշտում եք, գլուխը կարծես դատարկ լինի, իսկ քթաըմպանը «խանձվում» է… Դուք տառապում եք ծաղկափոշու ալերգիայից: Ալերգիան ինքնիրեն չի անցնում, անհրաժեշտ է այն կանխել, քանի դեռ թույլ ախտանշանները չեն վերածվել բարդ իրավիճակի: 

Ձեր գործողությունները. Այտուցն անցկացնելու համար մերսե՛ք հոնքերը և քթարմատը. իդեալական դեղամիջոց է փռշտալու անհաղթահարելի ցանկության դեմ: Գլխում ծանրության զգացումից ազատվելու համար տրորե՛ք քունքերը: Երիցուկի, անանուխի կամ էվկալիպտի եթերային յուղի 2-3 կաթիլ կաթեցրե՛ք ապակե անոթի մեջ: Բուժիչ բույրը ներշնչելը կհանգստացնի նոպան և կթեթևացնի ալերգիան: Միայն նախապես այդ յուղի ընդունման թե՛սթ անցկացրեք` ուշադրությամբ հետևելով կից ցուցումներին:
Տարեցտարի ավելանում է ալերգիաներով տառապող մարդկանց թիվը: Գիտնականների մի մասը պատճառը համարում է աղտոտված էկոլոգիան, մյուս մասը, ընդհակառակն` ծայրահեղ մաքրակենցաղությունը: 

Նախազգուշացված եք, ուրեմն զինված եք

Ալերգիան մեր օրգանիզմի իմուն համակարգի ռեակցիան է ներքին և արտաքին գրգռիչներին: Բարեբախտաբար, ծաղկափոշու ալերգիայից տառապողների մոտ միայն որոշակի բույսերի ծաղկման ժամանակ է հիվանդությունը ծայրահեղ կետի հասնում:

Եղանակ «Ամենադաժան» ալերգենները
Գարնանային (ապրիլի կես – մայիսի վերջ) Լաստենի, թփակաղնի, կաղնի, թխկի, սոսի
Ամառային (հունիս – հուլիսի կես) Հատիկաբույսեր` սիզախոտ, աղվեսագի, ճիլ, տարեկան, եգիպտացորեն
Ամառա-աշնանային (հուլիսի կես – սեպտեմբեր) Բարդածաղկավորներ` ամրոս, օշինդր, սագախոտ (թելուկ)

Աշխարհում կան հատուկ ծառայություններ, որոնք հետևում են ալերգիկ բույսերի ծաղկման ընթացքին: Ամեն օր նրանք զանգվածային տեղակատվական ծառայություններին հայտնում են քաղաքների օդում եղած ծաղկափոշու քանակի մասին: Այդպիսի տեղեկատվություն կարելի է ստանալ ինտերնետային կայքերի միջոցով: Ալերգիայի հակվածությամբ մարդու համար շատ կարևոր է հետամուտ լինել այս տվյալներին, քանի որ որքան օդում շատ է ծաղկափոշին, այնքան ավելի վառ է արտահայտված պոլինոզը:

Աչքաթող մի՛ արեք

Այնուամենայնիվ, ոչ միշտ է վիճակը ծանր: Երբեմն ծաղկափոշու ալերգիան կարող է շատ աննշան ձևով արտահայտվել: Այդ դեպքում շատերը չեն շտապում բժշկի դիմել, այլ ապավինում են հավատարիմ «ընկերոջը»` թաշկինակին: Սակայն ալերգիան նման է հեղեղի. աստիճանաբար ուժեղանում է և չի դադարի մինչև «չավերի ճանապարհին եղածը»: Ալերգիան չբուժելու դեպքում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. դիմադրողականության անկում, բրոնխիալ ասթմա, արյունատար անոթների բորբոքային հիվանդություններ, խրոնիկ հայմորիտ… Կա նաև խաչաձև ռեակցիայի վտանգ, երբ օրգանիզմը համապատասխանաբար չի արձագանքում ոչ միայն ծաղկափոշուն, այլ նաև սննդամթերքներին, փոշուն, բրդին, ընտանի կենդանիներին, ներկերին, կոսմետիկային և այլն: Ալերգիան սեզոնայինից կարող է վերածվել կլոր տարվա: Այնպես որ, աչքաթող մի՛ արեք գարնանային հարբուխը:

Ալերգիայի պատճառը կարելի է հայտնաբերել մաշկային թեստերի միջոցով կամ ավելի ժամանակակից մեթոդով` արյան անալիզով: Միայն մասնագետը կարող է ճիշտ եզրահանգումներ անել:

Բուժման 7 պատվիրաններ

Լավագույն միջոցը` պոլինոզից խուսափելու համար, ծաղկափոշու և այլ ալերգենների հետ շփումը նվազագույնի հասցնելն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է հետևել նշված խորհուրդներին:

1. Օրվա թեժ ժամին փողոց դուրս մի՛ եկեք, հատկապես քամոտ եղանակին: Կեսօրին ծաղկափոշի թողնող բույսեն առավել ակտիվ են, իսկ վաղ առավոտյան և ուշ երեկոյան ծաղկափոշու խտությունն օդում նվազում է: 

2. Ամպամած եղանա՛կ սիրեք: Անձրևից հետո ծաղկափոշին անվտանգ է,  կարելի է համարձակ զբոսնել ու լիաթոք շնչել:

3. Օդանցքները փակե՛ք թանզիֆով կամ մանր ցանցով, հաճախ այն թրջե՛ք հեղուկացրով: Խոնավ կտորը թույլ չի տալիս, որ ծաղկափոշին ներթափանցի տուն: Ձերբազատվե՛ք պատուհանագոգերի բույսերից,  խավոտ գորգերից և այն ամենից, ինչը կարող է փոշի հավաքել: Հաճախակի տունը մաքրե՛ք խոնավ լաթով, նույնիսկ արժե «սնանկանալ»` գնելով լվացող փոշեկուլ:

4. Ծաղկունքի բուռն շրջանում գլխարկո՛վ փողոց դուրս եկեք, և լավ կլինի` փակ հագուստով: Տուն վերադառնալուն պես անպայման լոգա՛նք ընդունեք:

5. Արձակուրդին ինչ - որ տեղ մեկնելիս նախապես ծանոթացե՛ք ընտրած վայրի բուսականությանը, որպեսզի ալերգիան Ձեզ հանկարծակիի չբերի:

6. Բժշկի հետ խորհրդակցե՛ք, ճշտե՛ք այն բույսերի և մթերքների ցուցակը, որոնք պոլինոզ են առաջացնում: Հնարավոր է, որ ստիպված լինեք հրաժարվել սիրելի ծաղկաթեյից կամ բուսական հյութերից պատրաստված դիմակներից:

7. Պահպանե՛ք հիպոալերգիկ դիետա:

Հին և նոր մեթոդներ

Պոլինոզի ժամանակ միշտ չէ, որ հաջողվում է առանց դեղամիջոցների բուժվել: Ավանդական հակագիստամինային միջոցներից բացի, վերջին տարիներին ստեղծվել են պատրաստուկներ` տեղային կիրառման համար: Կարճատև օգնություն (5-7 օր) կարող են տալ անոթները նեղացնող միջոցները: Կան նաև համակցված ներգործությամբ դեղամիջոցներ: Նրանք ոչ միայն նեղացնում են անոթները, այլև ունեն հակաալերգիկ ներգործություն: Սակայն դեղամիջոցներով բուժում պետք է միայն բժիշկը նշանակի: Դեղամիջոցների ընդունումը ցանկալի է սկսել նախապես. նախքան ծաղկման շրջանի սկսվելը, բժշկին այցելելու ժամանա՛կ գտեք: 
Դեղամիջոցներով բուժումից բացի կիրառվում է յուրահատուկ իմունային բուժում. փոքր չափերով ալերգեն են ներարկում` աստիճանաբար հասնելով նրան, որ օրգանիզմն անընկալունակ է դառնում ալերգենի հանդեպ: Այդպես հին ժամանակներում թագավորական ընտանիքների անդամներն իրենց ողջ կյանքի ընթացքում փոքր քանակությամբ թույն էին օգտագործում, որպեսզի  նրա նկատմամբ դիմադրողականություն ձեռք բերեն: Այդպիսի բուժումը երկարատև է` 3-5 տարի, սակայն մոտ 10 տարի ազատում է ալերգիայից: Ճիշտ է, դա բոլորի համար չէ. անհրաժեշտ է մանրազնին հետազոտություն` բարդություններից խուսափելու համար:

Ալերգիայի բուժման ևս մի եղանակ է հայտնաբերվել Աուտոլիմֆոցիտոբուժում. Ձեզ ներարկում են Ձեր իսկ արյան հատուկ մշակված լիմֆոցիտները: Դա ապահովում է երկարատև դիմադրողականություն միանգամից մի քանի ալերգենների դեմ: Բուժումից հետո տևական «խաղաղության» շրջան է սկսվում, քանի որ իմունային պաշտպանության բջիջները սկսում են ճիշտ աշխատել և ալերգեններին հանդիպելիս տեղի են տալիս:

Եվս մի «օգնական»` էքստրակորպորալ հեմոկորեկցիա. Ձեզանից արյուն են վերցնում, մաքրում ալերգեններից և «վերադարձնում»:

Հետաքրքիր է

Եթե նարկոզային քնի ընթացքում մարդուն «առատորեն կշտացնեն» չարաբաստիկ ծաղկափոշով, ապա նարկոզից դուրս գալուց հետո նա անընկալունակ կդառնա ծաղկափոշու ալերգիայի դեմ: Արդյունքը, ինչպես յուրահատուկ իմունային բուժման ժամանակ, ալերգենների փոքր չափաբաժիններով աստիճանաբար դիմադրողականություն ձեռք բերելն է, միայն թե ավելի քիչ կողմնակի հետևանքներով:

Պոլինոզ, թե՞ մրսածություն: Համեմատե՛ք տարբերությունները:

Պոլինոզ Մրսածություն
Պատճառը Բույսերի ծաղկափոշին: Ախտանշանները սեզոնային են, ի հայտ են գալիս գարուն - ամառ շրջանում, ուժեղանում են ցերեկային ժամերին, շոգ և քամոտ եղանակին: Գերմրսածություն կամ շփում վարակված հիվանդի հետ: Ավելի հաճախ հիվանդությունն սկսվում է տարվա ցուրտ եղանակին:
Հիվանդության տևողությունը Երկարաձգվում է մինչև «մեղավոր» ալերգենների ծաղկումը:
Սովորաբար` 7-10 օր 
Ընդհանուր վիճակը Անտարբերություն, քթի խիստ փակվածություն, քոր, փռշտոց: Ջերմության բարձրացումը բնորոշ չէ: Առաջին 2-3 օրերին թուլություն, թունավորում, գլխացավ, բարձր ջերմություն, փակ քիթ, հետագայում ավելանում է ուժեղ հարբուխ, հազ:
Արցունքահոսություն Երկու աչքերից` առատ, քոր
կոպերի այտուցվածություն: Երբեմն թույլ` միայն մի աչքից:
Կոկորդի ցավ Չկա: Բնորոշ են քորը և այրումը, կոկորդը քորելու ցանկություն: Ուժեղ: Ձայնը խռպոտանում է, դժվարանում է կուլ տալը:
Ստորին ծնոտատակի լինֆոհանգույցները ցավը բնորոշ չէ: Մեծանում են, ցավոտ են:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 2660 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ