Հանգստի իրավունք. Քաղվածք ՀՀ աշխատանքային օրենսգրքից
 

   kiss.am

2004 թ. նոյեմբերի 9-ին ընդունված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածը կարգավորում է աշխատողների հանգստի ժամանակի հետ կապված հարցերը: Հանգստի ժամանակը աշխատանքից ազատ ժամանակն է, որն աշխատողն օգտագործում է իր հայեցողությամբ:

Հանգստի իրավունք

Հանգստի ժամանակի տեսակները
Հանգստի ժամանակի տեսակներն են`
1) հանգստանալու և սնվելու համար ընդմիջումը.
2) աշխատանքային օրվա ընթացքում հանգստանալու համար լրացուցիչ և հատուկ ընդմիջումները.
3) աշխատանքային օրերի միջև ընկած անընդմեջ հանգիստը.
4) ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը.
5) ամենամյա հանգիստը (ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրեր, արձակուրդ):

Ընդմիջում հանգստի և սնվելու համար
Աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավելի և կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում:
Հանգստի և սնվելու համար ընդմիջումը չի ներառվում աշխատաժամանակում, և աշխատողն այն օգտագործում է սեփական հայեցողությամբ: Աշխատողն իրավունք ունի այդ ընդմիջման ժամանակահատվածում բացակայելու աշխատավայրից:
Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի և հանգստյան օրերի նախօրյակին աշխատանքը կարող է իրականացվել առանց հանգստի և սնվելու համար ընդմիջման, եթե աշխատանքային օրվա տևողությունը չի գերազանցում 6 ժամը:
Այն աշխատանքներում, որտեղ, արտադրության պայմաններից ելնելով, հանգստի և սնվելու համար ընդմիջում տրամադրելն անհնար է, աշխատողին աշխատանքի ընթացքում սնվելու հնարավորություն է տրամադրվում:
Հանգստի և սնվելու ընդմիջման սկիզբը և ավարտը սահմանվում են ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները
Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում:
Մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե:
Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր կամ մինուս 10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում:
Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:
Լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

Հանգիստն օրվա ընթացքում
Աշխատանքային օրերի միջև ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը չի կարող պակաս լինել 11 ժամից:
Ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար չի կարող պակաս լինել 14 ժամից, իսկ տասնվեցից մինչև տասնութ տարեկան աշխատողների համար` ոչ պակաս 12 ժամից, և պետք է ներառի ժամը 22-ից մինչև 6-ը:

Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը
Ընդհանուր հանգստյան օրը կիրակին է, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին:
Այն կազմակերպություններում, որտեղ, բնակչությանը սպասարկելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ընդհանուր հանգստյան օրն անհնար է դադարեցնել աշխատանքը, հանգստյան օրը սահմանում է գործատուն:
Այն կազմակերպություններում, որոնցում աշխատանքների դադարեցումը հնարավոր չէ` կապված արտադրության տեխնիկական պայմանների կամ բնակչության մշտական անընդհատ սպասարկման անհրաժեշտության հետ, ինչպես նաև չընդհատվող ռեժիմով աշխատող այլ կազմակերպություններում հանգստյան օրերը հատկացվում են շաբաթվա այլ օրերին` աշխատանքի ժամանակացույցով յուրաքանչյուր խմբի աշխատողների համար սահմանված հերթականությամբ: Աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում աշխատողներին հանգստյան օրերը հատկացվում են աշխատանքի ժամանակացույցին համապատասխան:
Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից:
Հանգստյան օրերին արգելվում է աշխատողներին ներգրավել աշխատանքներում, բացառությամբ այն աշխատանքների, որոնց դադարեցումը արտադրության տեխնիկական պատճառներով անհնար է, կամ որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման, ինչպես նաև անհետաձգելի նորոգման, բեռնման կամ բեռնաթափման աշխատանքների կատարման համար:
Հղի կանայք, մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ: Մինչև տասնութ տարեկան աշխատողներին շաբաթվա ընթացքում տրվում է ոչ պակաս, քան երկու հանգստյան օր:

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol21/hangist.jpg

Կատեգորիա: Իրավական անկյուն | Ավելացրեց: Admin (07.06.2014) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 1754 | Տեգեր: Իրավական անկյուն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ