16:25
Ընտանիք և կարիերա. ինչպե՞ս համատեղել «անհամատեղելին»

Սոցիոլոգները պարզել են, որ կարիերայում հաջողության հասածների մեջ չամուսնացածները երկու անգամ ավելի շատ են: Պատճառն այն է, որ մարդկանց մեծամասնությունը կարծում է, թե այդ երկուսն այնքան էլ  համատեղելի չեն: Այդպե՞ս է, արդյոք: Իսկ գուցե պարզապես հարմա՞ր է չամուսնանալու կամ ընտանիքում ձախողվելու դեպքում մեղքը կարիերայի վրա բարդելը, իսկ կարիերայում առաջընթաց չունենալու պարագայում էլ ընտանիքին մեղադրելը: Գուցե այդ անհամատեղելիության պատճառներն ա՞յլ տեղ պետք է փնտրել:



Իրականում հնարավո՞ր է համատեղել ընտանիքն ու կարիերան:  Իհարկե  հնարավոր է, քանի որ կարիերան իր տեղն ունի, ընտանիքն՝ իր:
Եթե մարդը հաջողությունների է հասնում, ապա այդ հաջողությունները երկուստեք պետք է լինեն: Այստեղ թերևս կհարցնեք՝ բայց չէ՞ որ օրն ընդամենը 24 ժամ ունի, իսկ կարիերան ընտանիքի պես մի բան է, որին պետք է բավականին ժամանակ տրամադրել: Գուցե հենց այդ պատճառով էլ  շատ հաճախ  մարդիկ հայտնվում են այդ երկուսի բախման կետում և մտածում՝ կամ մեկը, կամ մյուսը:

Իսկ ինչպե՞ս վարվել, եթե ձեզ արդեն հաջողվել է կարիերայի սանդուղքով մի քանի  աստիճան բարձրանալ, ոգևորվել հաջողություններով և հանկարծ… հարված եք ստանում թիկունքից. ամենահարազատ մարդը չի ցանկանում ձեզ հասկանալ կամ, որ շատ ավելի վատ է, ձեր առջև կտրուկ հարցադրում է դնում՝ «կամ ես, կամ աշխատանքդ»:     Իրավիճակն իսկապես ողբերգական է թվում: 

Բայց ողբերգությունն այն է, որ ձեր ընտանիքում պակասում են սերը, հարգանքն ու փոխըմբռնումը: Դրանց առկայության դեպքում աշխատանքում ամուսիններից մեկի հաջողությունը ուրախություն է պարգևում նաև  մյուսին: Նա, ով աշխատանքում առաջխաղացում է ունենում,  պետք է ամուր թիկունք ունենա, զգա, որ իրեն ամենահարազատ մարդն օգնում է իրեն և ոգևորում: Փորձեք գտնել նրա սրտի բանալին: Գուցե նա ինքն էլ մոլորության մեջ է և, դա հասկանալով, կապացուցի իր սերը: 

Հիշում եմ, տարիներ առաջ մեր հարևանուհին, ով երեք երեխաների մայր էր, արտադրության տնօրեն աշխատելու առաջարկ ստացավ: Նա չէր համարձակվում այդ առաջարկն ընդունել, քանի որ մտավախություն ուներ, թե տնեցիներն իր բացակայության պատճառով անուշադրության կմատնվեն: 

Բայց պարզվեց, որ նրանք, չնայած հանկարծակիի էին եկել (հատկապես ամուսինն այդ փաստը  շատ ծանր էր տարել), այնուամենայնիվ, համաձայնեցին: Ավելին՝ ուսանողուհի դուստրն ասաց, որ գնումներ կանի և ճաշ կպատրաստի, դպրոցական որդին հայտնեց, որ կփորձի տունը հավաք պահել, իսկ նրանց ամենակրտսեր տղան աթոռի տակից դուրս էր սողացել ու, մոր գրկում տեղավորվելով, տեղեկացրել, որ խելոք կմնա ու մայրիկին չի զայրացնի: Սակայն այսպես քիչ է պատահում: 

Հիմնականում ամուսիններից մեկի հաջող կարիերան դառնում է հարաբերությունների կայունության փորձաքար, իհարկե, հատկապես այն դեպքերում, երբ դա կնոջն է վերաբերում: Վիրավորված արժանապատվություն, տեղի-անտեղի կշտամբանքներ, ցավագին արձագանքներ… այսպիսի պատկեր կարելի է տեսնել այն ընտանիքներում, որտեղ կինը փորձում է  ավելի բարձր դիրքի հասնել, քան իր կողակիցը: Թերևս պատճառն այն է, որ տղամարդկանց թվում է, թե կինը, կարիերայում առաջ գնալով, կարող է իրենցից խելացի երևալու հայտ ներկայացնել, և ենթագիտակցորեն պայքարում են դրա դեմ: Սակայն, եթե մարդիկ սիրում ու հարգում են իրար, նման հարցեր չեն ծագում:

Կան նաև ընտանիքներ, որոնցում տղամարդու կարիերան է դառնում  ընտանեկան գժտությունների պատճառ: Նա միշտ տանը չէ, ամբողջ հոգսը կնոջ ուսերին է, նա նույնիսկ սեփական երեխաներից տեղյակ չէ: Այս դեպքում առաջին բանը, որ կինը պետք է անի, խաղաղության դրոշ պարզելն է: Հենց այսպիսի դեպքերում է, որ կինը պետք է իր բնածին խոհեմությունն ու իմաստնությունը դրսևորի:  

Դուք, բնականաբար, սրտնեղում եք, որ  ձեր ամուսինն աշխատանքով ծանրաբեռնված լինելով, ձեր հանդեպ անտարբեր ու անուշադիր է դարձել, այն դեպքում, երբ դուք նրա համար բոլոր պայմանները ստեղծել եք, ամեն զոհողության գնացել, որ լիովին կարողանա նվիրվել իր աշխատանքին: Ամեն դեպքում, ներող եղեք: Նրա հաջողությունը նաև ձեր ընտանիքի հաջողությունն է:  Պետք չէ նրան հակադարձել կոպտությամբ ու անտարբերությամբ: Չէ՞ որ աշխատասիրությունն, ի վերջո, արատ չէ: Նա ոչ հարբեցող է, ոչ էլ խաբեբա: Ընդունեք մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա: Այո, ձեր կեսը տանը քիչ է լինում, միշտ զբաղված է, բայց չէ՞ որ դուք ամուսնանալիս արդեն գիտեիք, որ «հավերժական շարժիչի» հետ էիք ձեր կյանքը կապում: Այդպիսի մարդը, երբ որևէ բարձունքի է հասնում, կանգ չի առնում, որ շրջակա տեսարանով հիանա, այլ անպայման փորձում է հաջորդ բարձունքը նվաճել:

Այնպես որ եսասեր մի եղեք և թույլ տվեք, որ ձեր «Ֆիգարոն» իրեն լիովին դրսևորի: Չէ՞ որ չի կարելի «ազատություն» սիրողին ընտանեկան վանդակում փակել, թեկուզ՝ ոսկե վանդակում: Ի վերջո, ակտիվությունն այնքան էլ վատ բան չէ: Շատ ավելի վատ տարբերակներ էլ կան: Օրինակ, պատկերացնու՞մ եք  այն ամուսինների վիճակը, ովքեր երկուսն էլ ոչինչ չեն ուզում անել և դեռ չարախոսում ու նախանձում են նրանց, ովքեր, ավելի ակտիվ ու աշխասեր լինելով, հաջողությունների են հասնում: Այ, հենց դա է իսկական դժբախտությունը:

«Ես չեմ կարող ամուսնանալ, որովհետև զբաղված եմ իմ կարիերան կառուցելով»: Այսպիսին է չամուսնացող կարիերիստների հիմնական արդարացումը: Սակայն նրանք պարզապես իրենք իրենց խաբելու հեշտ միջոց են գտնում: Կարիերայի հարցում հաջողակ մարդը նույն հաջողությամբ, որոշակի պայմաններում և որոշակի ջանքեր ներդնելով, կարող է  իր կյանքը դասավորել նաև անձնական ոլորտում: Եվ մեկը մյուսին հաստատ չեն խանգարի: Նույնիսկ հնարավոր է, որ հաջողությունը, ճիշտ է, ավելի դանդաղ, բայց զուգահեռաբար նրանց ուղեկցի միաժամանակ երկու ճակատներում:

Այնպես որ, եթե դուք էլ եք այդպիսիների թվին պատկանում, մինչ կասեք, թե կարիերան խանգարում է անձնական կյանքին, փորձեք ինքներդ ձեզ համար պարզել, իսկապե՞ս ցանկանում եք ընտանիք ունենալ, թե՞ հարմար պատճառաբանություն եք փնտրում ձեզ արդարացնելու համար: Գուցե դուք դա այնքա՞ն էլ չեք ուզում, գուցե առայժմ չե՞ք հանդիպել ձեր կեսին ու մեղքն էլ կարիերայի վրա եք գցում:

Վերջապես պետք է գտնել ոսկե միջինը և ծայրահեղությունների մեջ չընկնել: Անիրական և անհասանելի ինչ-որ բարձունքների մասին երազելով՝ մենք մեզ  չպետք է զրկենք  մարդկային տարրական երջանկությունից, բայց նաև չպետք է կարիերայում մեր առաջընթացը կամ անհաջողությունը կապենք մեր անձնական կյանքի հետ:  Կատարյալն այն է, երբ առավոտյան հաճույքով արթնանում ես ու աշխատանքի գնում, իսկ աշխատանքից հետո ոչ պակաս հաճույքով տուն վերադառնում:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Կինը և կարիերան | Դիտումներ: 1114 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Կինը և կարիերան, Կանայք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ