Ուոլթ Դիսնեյի ստեղծած Միքի մկնիկը Ձմեռ պապից հանրահայտ է
09.12.2013, 00:12 | |||||||
![]()
  kiss.am Դեկտեմբերի 8-ին լրացավ աշխարհահռչակ կինոռեժիսոր-մուլտիպլիկատոր, պրոդյուսեր, նկարիչ Ուոլթ Դիսնեյի 108-ամյակը (5.12.1901 – 15.12.1966թթ.): Մեծ հեքիսաթասաց էր Դիսնեյը: Նրա ու իր համախոհների ստեղծած բազում հերոսները` Սպիտակաձյունիկն ու թզուկները, Բեմբի եղնիկն ու մոխրոտիկը, Փինոքիոն, Փիթեր Փենը և մյուսները մինչև օրս չեն իջնում աշխարհի տարբեր երկրների հեռուստաէկրաններից: ![]() Իր աշխատանքների համար Դիսնեյը ամերիկյան կինոակադեմիայի կողմից 29 անգամ արժանացել է Օսկար մրցանակի: Նա առաջիններից մեկն է յուրացրել գունավոր ֆիլմեր արտադրելու նրբությունները և հերթական Օսկարը ստացել «Երեք խոզուկներ»-ի համար: Առաջին Օսկարը, սակայն, Դիսնեյն ստացել է իր ամենասիրելի ու անփոխարինելի հերոսի` Միքի Մաուս մկնիկի կերպարի ստեղծման համար 1932թ.-ին: Մինչև կյանքի վերջ էլ նա մի յուրահատուկ ջերմությամբ էր «հոգ տանում» այս կերպարի մասին: Երեխաների կողմից անչափ սիրված Միքի Մաուսն արդեն 81 տարեկան է: Հայրենիքում նրա ճանաչելիության վարկանիշն ավելի բարձր է, քան Սանտա Կլաուսինը: Նրա կերպարն այսօր շուրջ երեք միլիոն դոլարի արժեք ունի: Միքին «լույս աշխարհ եկավ» 1928 թվականին: Այդ ժամանակ Ուոլթ Դիսնեյի ստուդիան աշխատում էր բավականին հայտնի «Օսվալդ` երջանիկ նապաստակ» անիմացիոն հեռուստասերիալի վրա, որի հեղինակային իրավունքները պատկանում էին Չարլզ Մինցին: Վերջինս ներկայացնում էր Universal կինոընկերությունը: 1927-ի վերջին բյուջեի մեծացման մասին Դիսնեյի հերթական խնդրանքից հետո Չարլզը կաշառեց նրա ստուդիայի աշխատակազմի մեծ մասին եւ «մեծահոգաբար» պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցել ապագա աշխարահռչակ մուլտիպլիկատորի հետ, եթե վերջինս համակերպվի ֆինանսավորման զգալի կրճատման հետ: Մեկ ուրիշը Ուոլթ Դիսնեյի փոխարեն քաշքշուկների մեջ կընկներ, ամեն ինչ կաներ դավաճան կոլեգաներին ու ընկերներին դիմակազերծելու համար... Ի վերջո դատական գործ կսկսվեր, որն ամենայն հավանականությամբ կաշխատեր ավելի հարուստ ու հայտնի ընկերության հարուստ ու հայտնի աշխատակցի օգտին: Եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով Դիսնեյին հաջողվեր հասնել արդարադատության, ապա առողջության և ժամանակի հատուցումով միայն: Դիսնեյը որոշեց ավարտին հասցնել պայմանագրով որոշված աշխատանքը Օսվալդ նապաստակի վրա, իսկ հետո ստեղծել նոր կերպար, որը արագ և առանց հատուկ ջանքերի կընդհատի Օսվալդի երջանիկ կյանքը: Շատ սեղմ ժամկետում ստեղծվեց նոր ստուդիա, որը կազմված էր ընդամենը 3 հոգուց, և նրանցից մեկը հենց ինքը` Ուոլթ Դիսնեյն էր, մյուս երկուսը` իրեն հավատարիմ մնացած անիմատոր Յուբա Այվերսկան և ռեժիսոր Լեսա Կլարկան: Աշխատանքն սկսեց եռալ: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում եռյակը ստեղծեց անթիվ ու անհամար կենդանական ներկայացուցիչներ` խոսող կովեր ու պարող ձիեր, ուրախ գորտեր ու ալեզարդ շներ, որոնք բոլորը հետագայում պիտի գրավեին իրենց «պաշտոնները» դիսնեյյան կայսրությունում: Սակայն, Դիսնեյը` որպես բացառիկ ռեժիսորական «հոտառությամբ» օժտված արվեստագետ, զգում էր, որ այդ ժամանակ նոր ինչ-որ բան է հարկավոր... Ամերիկյան հանդիսատեսը 1928 թվականի մայիսի 15-ին ծանոթացավ չքնաղ զույգի` Միքի և Մինի մկնիկների հետ: ![]() Սկզբում Դիսնեյը որոշել էր մկնիկին անվանել Մորտիմեր, սակայն նրա կինը` Լիլիանը, համոզեց ամուսնուն փոխել որոշումը: Հերոսի առաջին էկրանավորումը մեծ հետաքրքրություն չառաջացրեց հանդիսականների ու քննադատների շրջանում: Այդ է պատճառը, որ մայիսի 15-ը պաշտոնապես չի համարվում Միքիի ծննդյան օր: Պահանջվեց ևս մի քանի ամիս քրտնաջան աշխատանք, որի ընթացքում ստեղծվեցին մի շարք մուլտֆիլմեր մկնիկների մասնակցությամբ: 1928 թվականի նոյեմբերի 18-ին էկրան բարձրացավ «Ուիլիի շոգենավը», որը շրջադարձային եղավ Միքիի համար: Ուոլթ Դիսնեյը այսօր բոլոր մանուկների երազանքի այգի առաջին «Դիսնեյլենդ»-ը բացել է Կալիֆոռնիայում: Այսօր զարմանահրաշ այդ զբոսայգիները, ուր ներկայացված են Դիսնեյի հերոսները, գործում են նաև Ֆլորիդայում, Ճապոնիայում, Ֆրանսիայում: Նրա անունը կրող ստուդիայում այսօր էլ տարեցտարի ավելանում են նոր հերոսները: Ուոլթ Դիսնեյ ընկերությունը 2009թ.-ի սեպտեմբերին 4 միլիարդ դոլարով ձեռք բերեց նաև Մարվել Էնթըրթեյնմընթը: Այս անակնկալ համաձայնագրով` Միքի Մաուսի սեփականատերը ձեռք բերեց Սարդ մարդու, Երկաթյա մարդու և Մարվելի հազարավոր հերոսների նկատմամբ սեփականությունը: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2515 | Բեռնումներ: 0
| | |