Գիշատիչ բույսեր
12.01.2014, 22:37
 

   kiss.am


Գիշատիչ կամ միջատակեր բույսեր են կոչվում այն բազմամյա խոտաբույսերը, թփերը, թփիկները, լիանաները, որոնք որսում են մանր միջատներ, հազվադեպ նաև այլ մանր կենդանիներ և օգտագործում որպես լրացուցիչ (գլխավորապես ազոտային) սնունդ: Հայտնի են մոտ 500 գիշատիչ բույսեր:

Գիշատիչ բույսեր

Տարածված են ամենուրեք, առավելապես արևադարձային և մերձարևադարձային երկրներում: ՀՀ-ում տարածված է խորշաբուսազգիների ընտանիքին պատկանող 3 տեսակ՝ փոքր, միջին և սովորական խորշաբույսերը: Հանդիպում են լեռնային մարզերի (Լոռի, Տավուշ) լճերում, լճակներում և դանդաղահոս ջրերում:
 
Ջրային գիշատիչ բույսերն ազատ լողացող, արմատազուրկ, բազմամյա խոտաբույսեր են: Ցողունի երկարությունը մինչև 100 սմ է: Տերևները կտրտված են, դրանց մի մասը ձևափոխվել է մանր փամփշտիկների, որոնցով որսում են ջրային մանր կենդանիներ, միջատներ, որդեր, թրթուրներ և այլն: Խորշաբույսի կամ ջրատիկի փամփշտիկը կանաչ կամ կապտականաչ է, ունի փոքր անցք (երախ), որը ծածկված է հատուկ փականով, իսկ երախի շուրջը կան միջատներին գրավող լորձապատ մազիկներ: Ազոտային քաղցը, ֆոսֆորի, կալիումի և այլ նյութերի անբավարարությունը նրանք լրացնում են ի հաշիվ կենդանական կերի: Ունեն միջատներ որսալու տարբեր հարմարանքներ՝ սափորիկներ, պարկեր, թարթիչավոր ատամնաձև ելուստներ ու խոռոչներ, յուրահատուկ գունավորում, նաև արտազատում են միջատներին հրապուրող քաղցրավուն, կպչուն ու հոտավետ նյութեր:
 
Պինգուիկուլայի տերևները ծածկված են գեղձային կարճ ու երկար մազիկներով, որոնք արտադրում են միջատաորս կպչուն, լորձանման նյութ և ֆերմենտներ:

Ցողաբույսը (ցողիկը) միջատներին գրավում է գինեկարմիր գեղձակիր թարթիչների արտադրած կպչուն, ցողի կաթիլներ հիշեցնող հեղուկով, ցողատերևը և ալդրովանդան միջատներ են որսում տերևակոթունների վրա եղած խոզանավոր, ծալվող թիթեղիկներով: Ճանճորսի որսացող ապարատները տերևաթիթեղիկների փշիկները կամ խոզաններն են, սափորատունկինը (ցնցղենի) տերևակոթունի վրա դեղին կամ կարմիր, անուշաբույր սափորանման ձևափոխումներն են, որոնց եզրերը շատ ողորկ են, և միջատները նեկտար քաղելու հույսով դրանց վրա նստելիս իսկույն սահում են դեպի հատակը, որտեղ մարսող հեղուկն է:
 
Վերգետնյա գիշատիչ բույսերի
արմատային համակարգը թույլ է զարգացած: Կենդանական սնունդն արագացնում է նրանց զարգացումը, ծաղկումն ու պտղատվությունը: Գիշատիչ բույսերը, իրենց հերթին, շատ զգայուն են արտաքին գրգռիչների նկատմամբ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սա հետաքրքիր է... | Ավելացրեց: Admin | Տեգեր: Սա հետաքրքիր է
Դիտումներ: 2304 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ