Էֆթանազիա. «գթասրտությունից մղված սպանություն»
18.02.2014, 23:17 | |||||||
![]()
  kiss.am «Էֆթանազիա» տերմինը, որը ձևակերպվեց որպես «թեթև մահ», առաջին անգամ առաջարկեց անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը դեռևս 17-րդ դարում :Այս տերմինի ժամանակակից ձևակերպումը տրվեց 1980 թ.` «գթասրտությունից մղված սպանություն»: ![]() Էֆթանազիայի նպատակը հիվանդի տառապանքներին վերջ տալն է: Այն կիրառվում է միայն մահվան դատապարտված հիվանդների նկատմամբ, այն էլ` ծայրահեղ դեպքումերում: Գոյություն ունի պասիվ և ակտիվ էֆթանազիա: Պասիվի դեպքում դադարեցվում է հիվանդի կյանքը երկարացնելու համար բժշկական միջամտությունը, ինչն արագացնում է մահը: Ակտիվ էֆթանազիայի դեպքում կիրառում են մահն արհեստականորեն արագացնող տարբեր միջոցներ: Ակտիվ էֆթանազիան կարող է արտահայտվել հետևյալ ձևերով. 1. Գթասրտությունից մղված սպանություն- երբ բժիշկը, տեսնելով անբուժելի հիվանդի անտանելի տանջանքները, նրան բարձր դոզայով ցավազրկիչ է ներարկում: 2. Բժշկի միջամտությունը որպես ինքնասպանության խրախուսում. երբ նա օգնում է անբուժելի հիվանդին հեռանալ կյանքից: 3. Սեփական նախաձեռնությամբ ակտիվ էֆթանազիա. այն կարող է իրականացվել առանց բժշկի օգնության. հիվանդն ինքն է անջատում սարքը: Ասում են` առողջը չի հասկանա հիվանդին: Այս ասացվածքի վառ ապացույցն է 37-ամյա անգլիացի լրագրող Ֆիլ Սաչը: «Յուրաքանչյուր մարդ սեփական կյանքի իրավունք ունի, և ոչ ոք իրավունք չունի զրկել նրան այդ իրավունքից»,- հենց այսպես էր մտածում Սաչը, քանի դեռ նրա կյանք չէր ներխուժել մոտոնեյրոնային ծանր հիվանդությունը: Նա հիվանդացավ 2000 թվականին: Դա ծանր հարված էր: Ահա թե ինչպես է նկարագրել իր հիվանդության ընթացքը Սաչը. «Վերջին տարին հիվանդությունը դաժան հաշվեհարդար տեսավ ինձ հետ: Հունիսին ես արդեն հաշմանդամի սայլակին էի գամված, հոկտեմբերին կորցրի ձեռքս, ծննդյան տոներին արդեն խոսել չէի կարողանում: Ես ապրել եմ կարճ, բայց հագեցած կյանք և չեմ ցանկանում իմ օրերն ավարտել դանդաղ` վերածվելով փլատակի»: Սաչը դարձավ էֆթանազիայի ակտիվ կողմնակից` դեմ դուրս գալով Բրիտանիայում էֆթանազիան արգելող գործող օրենքին: Ահա ռուսաստանցի Կ.Գ.–ի նամակն իր բժիշկին, որ հիվանդ էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով. «Թանկագի´ն բժիշկ, Դուք պարտավոր եք պայքարել հիվանդի կյանքի համար, բայց ոչ տառապանքների: Իմ ցավերն անտանելի են: Դրանք վեր են մարդկային ուժերից: Ինձ ոչինչ չի կարող օգնել: Թողնելը, որ շարունակվեն հիվանդի տառապանքները չարիք է: Մինչդեռ բժշկության էությունը գթասրտությունն է: Վոլտերը չէր սխալվում, երբ ասում էր. «Եթե ամեն ինչ կորած է, կյանքն այդ դեպքում խայտառակություն է, իսկ մահը` պարտավորություն»: Մահվան շեմին բոլորը չէ, որ կամքի ուժ են դրսևորում և արժանապատիվ կեցվածք ընդունում: Հաճախ տառապանքները մարդու մեջ խիստ վատ որակներ են արթացնում: Անբուժելի հիվանդը կորցնում է իր մարդկային դեմքը, դառնում եսասեր, նյարդային, կասկածամիտ: Հայտնի է, որ թոքերի քաղցկեղով հիվանդ երգիչ Մ. Բեռնեսը կնոջ վրա շարունակ բղավում էր` ասելով, որ նա է իրեն վարակել: Դեռևս 20-րդ դարի սկզբին գերմանացի հեգեբույժ Գոհեն և բժիշկ Բինբինգը փորձեցին հիմնավորել ազգի և մարդկության համար «ոչ լիարժեք» անձանց ոչնչացման անհրաժեշտությունը: Այդ մարդկանց ցուցակում առաջին հերթին հոգեկան և ծանր խրոնիկական հիվանդություններ ունեցողներն էին: Դրանից 30 տարի անց հաստատված ֆաշիստական պետությունն իրականացրեց այդ ծրագիրը: Պաշտոնական տվյալներով` ծրագրի իրականացման առաջին հատվածում` 1939 -41 թթ., ոչնչացվեց մոտ 90 000 մարդ: Տարբեր մասնագետների ենթադրությամբ` 1945. «Էֆթանազիայի ծրագրի» զոհերի թիվը Գերմանիայում կազմում էր 120 000 – 250 000 մարդ: Պատերազմից հետո որոշ բժիշկ էֆթանազիստներ ինքնասպան եղան, մյուսները դատվեցին Նյուրբեգյան դատարանի կողմից: Այսպես` Գոհենի և Բինբինգի «գթասրտությունից մղված էֆթանազիայի» գաղափարախոսությունը շատ արագ անցավ «գաղափարական նկատառումներից բխող էֆթանազիայի», այն է` «ոչ լիարժեք ժողովուրդների» ոչնչացմանը: 1987թ.-ին տեղի ունեցած 39-րդ բժշկական վեհաժողովում ընդունվեց «Էֆթանազիայի մասին» հռչակագիրը , որը բացառում էր էֆթանազիայի կիրառումը: Սակայն «գթասրտությունից մղված սպանությունը» շարունակվում էր՝ օրենքը շրջանցելով։ Բայց դա չէր նշանակում, որ ինքնասպաններին աջակցողները կարող էին անպատիժ մնալ։ Ամերիկյան բժշկական ասոցիացիայի տվյալներով՝ ԱՄՆ-ի հիվանդանոցներում ամեն տարի մահանում է 6000 մարդ, մեծամասնությունը՝ բուժանձնակազմի կամավոր օգնությամբ։ Մեծ Բրիտանիայում էֆթանազիան օրինականացնելու համար շարժումը սկսվել է 1935թ.: 1938թ.-ին նմանատիպ հասարակական կազմակերպություն է ստեղծվում ԱՄՆ-ում։ 1941թ.-ին Շվեյցարիան դարձավ «գթասրտությունից մղված սպանությունը» օրինականացրած առաջին երկիրը։ Հենց սա էլ նպաստեց «մահացուտուրիզմի» զարգացմանը, մի քանի տասնամյակ շարունակ Շվեյցարիան դեպի իրեն էր ձգում այն անբուժելի հիվանդ եվրոպացիներին, ովքեր ցանկանում էին, որ իրենց նկատմամբ էֆթանազիա կիրառվի։ 1967թ.-ին Կալիֆոռնիայի Գերագույն դատարանը որոշում ընդունեց, որը հիվանդներին կյանքն ապահովող բուժումից հրաժարվելու իրավունք տվեց։ Այսպիսով` ԱՄՆ-ում օրենքով թույլատրվեց միայն պասիվ էֆթանազիան, իսկ ակտիվ ձևն արգելվեց բոլոր նահանգներում։ 1990թ.-ին լայն արձագանք ունեցավ Ջեկ Գևորգյանի գործը։ Ծագումով հայ, ամերիկացի հայտնի բժիշկ Ջեկ Գևորգյանն առաջինն էր աշխարհում, ով հրապարակայնորեն խոստովանեց, որ ինքն օգնել է կյանքից հեռանալու բազմաթիվ հիվանդների։ ![]() Ի դեպ՝ բժկության պատմության մեջ ընդունված է ամենահրեշավոր մարդասպան համարել բրիտանացի բժիշկ Հարոլդ Շիպմենին, որը «գթասիրաբար» սպանել է 265 մարդու։ Հաճախորդներին ստիպում էր իրենց կտակը փոխել իր օգտին։ Զարգացած երկրներից աշխարհում առաջինը Նիդեռլանդներն էր, որ օրինականացրեց էֆթանազիան։ 2000թ.-ին այստեղ պաշտոնապես գրանցվել էր էֆթանազիայի 2123 դեպք։ Հոլանդիայում էֆթանազիան պաշտոնապես կիրառվում էր բժիշկների կողմից, և դա քրեորեն չէր հետապնդվում: Մինչդեռ Շվեդիայի, Իտալիայի, Բելգիայի, Անգլիայի հասարակությունները կտրուկ դեմ էին այս երևույթին: Ավստրալիայում, որտեղ էֆթանազիան արգելվում է օրենքով, «Գթասրտությունից մղված սպանության կողմնակիցներ»-ը սկսել են այն տարածել որպես «ինքնասպանության համար հավաքածու»: Հավաքածուն իր մեջ ընդգրկում է խեղդվելու համար նախատեսված պոլիէթիլենային փաթեթ և քնաբեր: Մահը վրա է հասնում թթվածնային քաղցի արդյունքում: Շվեյցարիայում գործող լիբերալ օրենքների շնորհիվ մեծ ճանաչում է ձեռք բերել Ցյուրիխում գործող Dignitas ընկերությունը, որը «էֆթանազիայի համալիրային մայրաքաղաք է» համարվում: Այստեղ առավել անհանստացնող է այն հանգամանքը, որ Շվեյցարիա ժամանած կամավորների մեծ մասը էֆթանազիայի է ենթարկվում հենց առաջին օրը` առանց բշժկական համապատասխան եզրակացության: Դրա հետևանքով կյանքից հեռանում են ոչ միայն անբուժելի հիվանդներ, այլև հոգեկան անհավասարակշիռ մարդիկ: Բոլորովին վերջերս Սիեթլում ստեղծվեց «Կարեկցանք մահվան հանդեպ» կազմակերպությունը` իր տեսակի մեջ առաջինը ԱՄՆ ում, որի անձնակազմը բաղկացած է կամավորներից` բժիշկներից, բուժքույրերից և եկեղեցականներից: Նրանք խորհրդատվական ծառայություններ են մատուցում անբուժելի հիվանդներին: Կաթոլիկ եկեղեցին դեմ է նման կազմակերպությունների գործունեությանը։ Եկեղեցու կարծիքով, (նկատի ունենալով, որ այս հիվանդների բուժումը ֆինանսական ծանր իրավիճակի առաջ է կանգնեցնում նրանց հարազատներին), շատ հեշտ է հույսը կորցրած մարդկանց մղել ինքնասպանության, ինչի համար էլ վերոհիշյալ կազմակերպությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում։ Իսկ ո՞վ ասաց, որ բժիշկները չեն կարող սխալվել իրենց ախտորոշման մեջ: Հոգևոր տեսանկյունից կյանքն արհեստականորեն ընդհատելը մահացու մեղք է։ Մարդու հոգին իրավունք ունի վերցնել միայն նա, ով տվել է այն: «Մի՛ սպանիր»,–ասում է աստվածաշնչյան պատվիրանը։ Որքան էլ անտանելի է թվում ապրելը, պետք չէ հրաժարվել կյանքից և մինչև վերջին պահը պետք է հուսալ: «Քո կամքով չես ստեղծվել և քո կամքով չես ծնվել, քո կամքով չես ապրում և քո կամքով չես մեռնում։ Օրհնյալ Է Տերը»,-ասված է Սուրբ Գրքում: Ու թեև կրոնական կազմակերպությունների մեծ մասը դեմ է էֆթանազիային, այնուամենայնիվ ԱՍՆ-ում գոյություն ունեն որոշ կրոնական կառույցներ, որոնք հակառակ դիրքորոշում ունեն։ Չարժե անտեսել էֆթանազիան դատապարտողների փաստարկները ևս։ Դրանցից մի քանիսը բավական հիմնավոր ձևակերպված են ռուս բժիշկ Վ.Սոկոլովի նամակում. «Հարցն այն է, որ էֆթանազիան, ըստ էության, մի մարդու միջոցով, այս դեպքում բժշկի, մեկ այլ մարդուն սպանելն է։ Իսկ սպանությունը, մինչև իսկ անհույս հիվանդի պարագայում, անգամ նրա սեփական խնդրանքով, հակասում է բժշկի մասնագիտության էությանը, որի կոչումը կյանք պարգևելն է, մահվան դեմ պայքարելը և ոչ թե դրան աջակցելը: Հիշեք Հիպոկրատի երդումը. «Սպանելու իրավունք ունեցող բժշկին մարդիկ վաղ թե ուշ կդադարեն վստահել իրենց կյանքը, ինչի արդյունքում էլ հասարակությունը կհրաժարվի բժշկությունից»: էֆթանազիայի հակառակորդները կարծում են, որ այն հակասում է քաղաքակիրթ աշխարհի հիմնական սկզբունքին՝ մարդկային կյանքը հարգելուն։ Հենց սա է պատճառը, որ աշխարհի շատ երկրներում այսօր գոյություն ունեն հատուկ հիվանդանոց– հոսպիսներ անբուժելի հիվանդների համար։ Այստեղ նրանց խնամում են հատուկ պատրաստություն անցած բուժքույրերը։ Նրանք հիվանդների համար ստեղծում են խաղաղության և հարմարավետության մթնոլորտ։ Այնուամենայնիվ, այս «հումանիստական քայլի համար արդեն վառված է «կանաչ լույսը», և Հայաստանն ինքնաբերաբար ներքաշված է խնդրի, իհարկե, դեռևս կուլիսային քննարկմանը։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ խնդրի լուծմանը հրապարակայնորեն առաջին ձեռնոց նետողը հայ է, իսկ «մի՛ սպանիր» սկզբունքը դավանող կրոնն առաջինը պետականացրած երկիրը՝ Հայաստանը: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2207 | Բեռնումներ: 0
| | |