06:21
Օրվա սնունդի պարունակությունը, որ անհրաժեշտ է յուրաքանչյուրին
 

   

Կանոնակարգված սնունդը հանդիսանում է մարդու բարդ օրգանիզմի նորմալ կենսագործունեության, առողջության, առույգության հիմնական գործոններից մեկը:

 Յուրաքանչյուր տարիքի՝ սկսած վաղ մանկական հասակից, բնորոշ է իրեն համապատասխան սննդի ռեժիմը: Սակայն 40-50 տարեկան և ավելի մեծահասակ մարդկանց համար սննդի անհրաժեշտ ռեժիմի պահպանումն առավել ևս կարեւոր է դառնում: Սննդի բավարար կալորիականության դեպքում օրգանիզմին ապահովում է անհրաժեշտ էներգիայով, որը դեռ ամբողջը չէ, քանի որ սնունդը ծառայում է ոչ միայն որպես էներգիայի աղբյուր: Այն օրգանիզմին պետք է տա նաեւ հումք՝ հյուսվածքների և բջիջների կենդանի կառուցվածքների համար: Օրգանիզմի միլիոնավոր բջիջներ ամեն օր, նույնիսկ յուրաքանչյուր վայրկյան քայքայվում  եւ փոխարինվում են նորերով: Այն առաջին հերթին վերաբերում է արյան կարմիր և սպիտակ գնդիկներին: Մարդու օրգանիզմի ամբողջ սպիտակուցի կեսը լրիվ չափով նորանում  է 5-7 օրվա ընթացքում: Դրա համար էլ սնունդն իր մեջ անպայման պետք է պարունակի բոլոր նյութերը, որոնցից կազմված է մեր մարմինը՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հանքային աղեր, վիտամիններ և ջուր:

Սպիտակուցները ստամոքսաաղիքային տրակտում մարսողական հյութերի ազդեցության տակ տրոհվում են մինչև ամինաթթուների, որոնցից հետագայում գոյանում է տվյալ օրգանիզմին հատուկ սպիտակուցը:

Սննդի մեջ սպիտակուցի առկայությունը հատկապես անհրաժեշտ է այն պատճառով, որ օրգանիզմում այն կարող է սինթեզվել միայն սննդանյութի սպիտակուցների կազմի մեջ մտնող ամինաթթուներից:

Կենդանական ծագում ունեցող սննդամթերքից միսը, ձուկը, կաթը, պանիրը, կաթնաշոռը, ձուն, խավիարը հարուստ են արժեքավոր, անփոխարինելի սպիտակուցներով: Բուսական ծագում ունեցող սննդամթերքներից համեմատաբար շատ սպիտակուց են պարունակում լոբին, սոյան, սիսեռը, իսկ հացը և ձավարը  աղքատ են դրանով: Կենդանական ծագում ունեցող սպիտակուցները՝ համեմատած ոչ կենդանականի հետ, կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածության բարձրացման շնորհիվ կարող են էլ ավելի ուժեղացնել սրտանոթային համակարգի գործունեությունը: Մասնագետները նյարդային համակարգը գրգռող մսամթերքին հակադրել են կաթնա-բուսականը, որը հանգստացնում է նյարդային համակարգը և լավացնում քունը: Դրանք չափազանց կարևոր նշանակություն ունեն սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար, որը ամենևին չի նշանակում մսամթերքից հրաժարվել:

Ճարպերը էներգիայի շատ արժեքավոր աղբյուր են համարվում, որոնք օրգանիզմին անհրաժեշտ են նաեւ որպես հումք՝ բջիջների կառուցվածքների համար: Օրգանիզմի համար օգտակար են հատկապես կաթի ճարպը, կարագը, քանի որ դրանք պարունակում են  վիտամին A: Բուսական ճարպերի օգտագործումն օգտակար է հատկապես տարիքավոր անձանց համար, կենդանական ճարպերը պարունակում են մեծ քանակության խոլեստերին, որի ավելացումը վնասակար է օրգանիզմի համար:

Տարեց հասակում անհրաժեշտ է սահմանափակել նաեւ ձուն, խավիարը, լյարդը, ուղեղը, երիկամները, սիրտը, թոքերը, ճարպոտ միսը, ձուկը, շոկոլադը և այլ մթերքներ, որոնք հարուստ են խոլեստերինով: Անհրաժեշտ է ընդգծել, որ խոսքը սահմանափակման, այլ ոչ թե նրանցից լրիվ հրաժարվելու մասին է:

Ածխաջրերը՝ շաքարը և կրախմալը, մարսողության ընթացքում վեր են ածվում գլյուկոզայի և հիմնականում օգտագործվում որպես էներգիայի աղբյուր: Եթե սննդի մեջ շատ են ածխաջրերը, քան այն պետք է օրգանիզմին, այդ դեպքում դրանց ավելցուկը վերածվում է ճարպի: Ահա թե ինչու չափից դուրս խմորեղենի և քաղցրավենիքների օգտագործումը հաճախ  հանգեցնում է ճարպակալման, որը նկատելիորեն դժվարացնում է սրտի աշխատանքը:

Հանքային աղերը նույնպես մեծ նշանակություն ունեն օրգանիզմի համար: Մարդու օրգանիզմին օրվա ընթացքում անհրաժեշտ է մինչև 10 գրամ կերակրի աղ: Չմոռանալով, որ կերակրի աղի չափից շատ օգտագործումը ևս վնասակար է:

Կալիումի աղերով հարուստ են բանջարեղենը և մրգերը, իսկ մագնեզիումի աղերով հարուստ են ոչ միայն մրգերն ու բանջարեղենը, այլև խոշոր աղացած ալյուրից թխված հացը, հնդկացորենը, ընկույզը և այլն:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 617 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ սնունդ, դեմքի խնամք, մարմնի խնամք, առողջարան, առողւ մարմին | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ