02:04
Ես ամեն ինչ կորցնում եմ (ցրվածության մասին)
 

   


Իհարկե բոլորիս հետ էլ պատահում է, որ ինչ-որ բան ենք մոռանում, երբեմն նույնիսկ` շատ կարևոր բան: Այդպիսի դեպքերում ինքդ քեզ վրա զայրանում ես, երբեմն նույնիսկ  նյարդային վիճակից սկսում ես ծիծաղել: Հետո որոշում ես քեզ «հավաքել» ու սխալդ ուղղել:


Ես ամեն ինչ կորցնում եմ (ցրվածության մասին)Ինչպես արդեն ասվեց, յուրաքանչյուրիս հետ էլ այդպիսի դեպքեր պատահում են, բայց այդ պատահական դեպքերն անհետևանք անցնում-գնում են: Վտանգավորն այն է, երբ ցրվածությունը մշտական է դառնում, վերածվում բնավորության,  խանգարում մարդուն ապրել: Դա արդեն շատ լուրջ խնդիր է, որը պետք է հաղթահարել:
 
Երբեմն ցրվածության պատճառով մարդն այնպիսի կորուստ է ունենում, որն անհետևանք չի անցնում, իսկ հետագայում էլ գրանցվում է նրա կյանքի զավեշտալի, երբեմն էլ` ծիծաղաշարժ դրվագների մասին հուշերում: Պատկերացնում եք, օրինակ, մի իրավիճակ, երբ մեկն ամիսներ շարունակ երազում է արձակուրդը Եգիպտոսում անցկացնելու մասին, գումար է հավաքում, գործերը դասավորում,  ճամպրուկը հավաքում և երբ արդեն պատրաստվում է օդանավակայան գնալ, պարզվում է… կորցրել է ինքնաթիռի տոմսը: Նրան մնում է Քեոփսի բուրգի նկարի տակ նստել ու արտասվախառը ծիծաղել…

Կյանքի ետնաբեմում

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ցրվածությունը պարզապես անկազմակերպվածություն է: Այդպիսի մարդուն հարազատներն ու ընկերները քննադատում են, որ անտարբեր է  կյանքի առաջադրած պահանջների նկատմամբ, նրան չեն վստահում: Բայց պետք է հասկանալ, որ մշտական ցրվածության հետևում հոգեբանական պատճառներ կան թաքնված, որոնք, փաստորեն, նրան խանգարում են ապրել:

Մշտապես ցրված մարդուն լուրջ գործ վստահելն անմտություն է: Մեկ էլ տեսար` կես ճանապարհին ամենակարևորը մոռացավ ու ամեն ինչ տապալեց: Այդպիսիների  առաքելությունը կարծես մեր կյանքն ինչ-որ զվարճալի միջադեպերով հարստացնելն է: Նրանք մեր բազմազբաղ առօրյայում ընդամենը հումորային կերպարների դեր են կատարում և ոչ ավելին: Գլխավոր դերում նրանք կարող են հայտնվել միայն, ասենք, որևէ  զվարճալի ու թեթև  ֆիլմում, ինչպես, օրինակ, Պիեռ Ռիշարի կերպարը «Ձախորդները» կինոնկարում: Այնպես որ, եթե ցրվածությունը սկսում է մշտական դառնալ, չի կարելի դրան մատների արանքով նայել, անընդհատ հայտնվել անհարմար իրավիճակներում, ծիծաղել ու մնալ կյանքի ետնաբեմում:

Ցրվածության պատճառները

Ես ամեն ինչ կորցնում եմ (ցրվածության մասին)Մոռացկոտության և ցրվածության պատճառը երբեմն պայմանավորված է նրանով, որ մեր ուղեղն անդադար համալրվում է նորանոր տեղեկություններով, որոնց հոսքն այսօր չափազանց շատ է, և գործի է դրվում ինքնապաշտպանական մեխանիզմը.  գերծանրաբեռնվածությունից խուսափելոու համար անկարևոր բաները դուրս են մղվում,  անուշադրության մատնվում: Շատ հաճախ մենք մեխանիկորեն ենք բանալին գրպանը գցում, կամ բջջային հեռախոսը պայուսակի մեջ դնում և այդ գործողությունները չենք մտապահում: Բայց եթե նկատում եք, որ ձեր մոռացկոտությունը սկսում է մշտական դառնալ, դա արդեն ցրվածության մասին առաջին ազդակն է, որը չի կարելի անտեսել:
Հաճախ կորցրած իրն այն ախտանիշն է, որն ի ցույց է դնում մեր ներաշխարհում առկա որևէ խնդիր: Այդ իրը, շատ հնարավոր է, կյանքի այն ոլորտի հետ է կապված (աշխատանք, տուն, մարդկանց հետ հարաբերություններ), որտեղ մենք մեզ վստահ չենք զգում, որտեղ մեզ ինչ-որ բան խիստ անհանգստացնում է, ինչ-որ բան չի բավարարում: Օրինակ, հնարավոր է, որ երթուղայինում մտազբաղ նստած լինեք ու բաց թողնեք ձեզ անհրաժեշտ կանգառը: Եթե տնտղեք ձեր ներաշխարհը,  հնարավոր է պարզեք, որ ձեզ այնքան էլ չի ոգևորում տվյալ տեղը գնալու միտքը:
Մենք մեր իրերն ավելի հաճախ ենք կորցնում, երբ սթրեսային վիճակում ենք կամ տարված ենք մեզ հուզող ինչ-որ խնդիրներով: Բավական է, որ մենք վերլուծենք, թե հատկապես ինչն է մեզ անհանգստացնում, գտնենք իրական պատճառները, և ցրվածությունը կկարողանանք հաղթահարել:

Պատասխանատվություն ստանձնեք


Ծանոթներիցս մեկն  աշխատավայրում անընդհատ անհարմար իրավիճակներում էր հայտնվում. տանն  էր թողնում գրասենյակի կամ չհրկիզվող պահարանի բանալին, չէր գտնում գրառումների տետրը կամ դրամապանակն էր մոռանում: Սկզբում նա այդ մասին պատմում էր ինքն իր վրա ծիծաղելով, դա ներկայացնելով որպես իրեն բնորոշ հետաքրքիր առանձնահատկություն: Բայց եկավ մի պահ, որ նրան արդեն գործըներները սկսեցին լուրջ չվերաբերվել: Նրան կարևոր գործեր չէին հանձնարարում: Այդ վերաբերմունքը նրան սթափեցրեց, և հիմա արդեն նա ոչինչ չի կորցնում, և գործընկերների վերաբերմունքը նրա նկատմամբ նույնպես քիչ-քիչ փոխվում է` դրական առումով: Նա զգաց, որ չի կարելի խուսափել պատասխանատվությունից, և ցրվածությունը հաղթահարվեց:
Երբ մտածում ենք, թե մենք պատահական հանգամանքների պատճառով ենք մեր իրերը կորցնում, պատասխանատվությունն ինքնըստինքյան այդ հանգամանքների վրա ենք գցում և ոչ մի կերպ չենք կարողանում իրավիճակի վրա ազդել: Շատ կարևոր է գիտակցել, որ մեր ցրվածության պատճառը մեր մեջ է, իսկ կորցրած իրն էլ խորհրդանշում է մեզ անհանգստացնող որևէ խնդիր:
          
Իրերի հետ «ընկերացեք»

Ես ամեն ինչ կորցնում եմ (ցրվածության մասին)Իրերի նկատմամբ ավելի ուշադիր դառնալու ամենահեշտ ձևը դրանք ձեր զգացողությունների հետ կապելն է: Օրինակ, կարելի է բանալիների համար շատ գեղեցիկ կախազարդ ընտրել կամ այնպիսի դրամապանակ գնել, որը ձեզ շատ է դուր եկել: Մեր հավանած իրերին մենք ավելի խնամքով ենք վերաբերվում:
Ինքներդ ձեզ հարց տվեք` «Այդ կորցրած իրն ինձ համար ինչ նշանակություն ուներ»:

Պեղեք ձեր հոգին


Աշխատեք վերլուծել ձեր զգացմունքները: Գրգռվածության կամ ցրվածության ինչ-որ մակարդակում դուք կարող եք սթափվել, պատճառը գտնել և փորձել դուրս գալ այդ իրավիճակից:  Ինքներդ ձեզ հասկանալու հարցում ձեզ կարող են օգնել և ուղղորդել հենց ձեր զգացողություններն ու հույզերը: Փորձեք գտնել ճիշտ պատասխանը. այդ ինչ բեռից եք ցանկանում ազատվել, ձեզ ինչն է անհանգստություն պատճառում: Հնարավոր է, որ դուք ձեր հիշողությունից կյանքի այդ հատվածը պետք է ջնջեք կամ հակառակը, այն ձեզ համար այնքա՜ն թանկ է, որ այդ պատճառով էլ անհանգստություն է պատճառում, և այդ վիճակը չեք կարողանում հաղթահարել:

Մի՛ մեղադրեք ձեզ հարազատ մարդուն, ով հաճախ իրեր է կորցնում, բայց նաև նրա հանդեպ շատ հանդուրժող մի եղեք: Մի կողմից, դուք որքան հաճախակի եք մասնակցում կորած առարկաների որոնումներին, այնքան ավելի շատ են ձեզ դիմում այդ հարցով, մյուս կողմից էլ, ձեզ հեռու պահելով, կարող եք չնակատել այն «SOS» ազդանշանը, որով ձեր հարազատը ենթագիտակցաբար հայտնում է իրեն անհանգստանող որևէ խնդրի մասին: Փորձեք հասկանալ, թե նրա հետ ինչ է կատարվում, որի մասին նա չի կարողանում ուղիղ ձևով ձեզ հայտնել: Դա հասկանալուց հետո, արձագանքեք ոչ թե ախտանշանին, այլ փորձեք օգնել վերացնելու  պատճառը:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1854 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ ապրելակերպ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ