11:10 Անանուխի (նանայի) օգտակար հատկությունները | |||
Անանուխը հնուց հայտնի է մարդկությանը: Ավիցեննան դեղաբույսն օգտագործել է գլխացավերի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, բերանի լորձաթաղանթի բորբոքումների դեպքերում: Մխիթար Հերացին բույսն օգտագործել է որպես ցավազրկող, թարմացնող միջոց սրտխառնոցի, փսխման ու լուծերի դեպքում: Ամիրդովլաթը նշում է, որ անանուխը կամ նանան օգնում է գլխացավին, բերանից վանում է սխտորի, սոխի հոտը, տաքացնում է ստամոքսը, կտրում է սրտխառնոցը, բուժում մաշկի դեղնությունը, սպանում է ճիճուներին, կարգավորում է մարսողության խանգարման երևույթները, դադարեցնում է արյունահոսությունը, օգնում շան կծածին, կարիճի ու մեղվի խայթածին: Անանուխի յուղից ստացվող մենթոլը օգտագործվում է ստենոկարդիայի դեպքում, այն մտնում է այնպիսի դեղամիջոցների բաղադրության մեջ, ինչպիսիք են վալիդոլը, վալոկարդինը, ինգաֆենը, օլիմետինը և այլն: Անանուխի կաթիլներն ու եփուկը լոգանքի ձևով օգտագործում են երեխաների ռախիտի, գեղձախտի, աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումների ժամանակ: Տերևների թրջոցն օգտագործում են ռևմատիկ հոդացավերի ժամանակ: Անանուխի թուրմ պատրաստելու համար 2 ճաշի գդալ մանրացրած անանուխի տերևների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, 30 րոպե թրմել: Քամել և օրվա ընթացքում գոլ վիճակում քիչ-քիչ խմել: Այս թուրմը կարելի Է օգտագործել կոկորդը և բերանի խոռոչը ողողելու, ինչպես նաև մաշկի քորը հանգստացնելու նպատակով: Լոգանքների կամ հոգնայի նպատակով եփուկ պատրաստելու համար վերցնել 50 գ հումք և եռացնել 1 դույլ ջրում: Տերևների փոշուց մի պտղունց կարելի Է լցնել լեզվի վրա և վրայից գոլ ջուր խմել: Այս միջոցը շատ լավ օգնում է աղեստամոքսային տրակտի ցավերի ու բերանի վատ հոտի դեպքում: Անանուխի հյութը կարտոֆիլի հյութի հետ հիանալի միջոց Է ստամոքսի բարձր թթվայնության հետևանքով առաջացած այրոցի դեմ: Իսկ ահա անանուխի սպիրտային լուծույթի 20 կաթիլը եթե լուծեք 1 բաժակ սառը ջրի մեջ ու խմեք առավոտյան, լավ կթեթևանաք նախորդ օրվա գինարբուքից հետո: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |