08:53
Ամենանուրբն ու խոցելին. պարանոցի խնամքի մասին
 

   


Փոքրիկ խորամանկություններ

Ամենանուրբն ու խոցելին. պարանոցի խնամքի մասինԹերևս յուրաքանչյուր կին երազում է կատարյալ արտաքին, բարեկազմ ու սլացիկ մարմին ունենալու մասին: Բայց, ավա՜ղ, ոչ բոլորը կարող են պարծենալ այդ ամենով: Սակայն դա նաև չի նշանակում, որ պետք է տխրել, եթե ինչ-որ բան այնքան էլ ձեր սրտով չէ: Չէ՞ որ գոյություն ունի հագուստ կոչվածը, որն օգնում է թաքցնել այս կամ այն թերությունը:
Հասկանալի է, որ դուք ցանկանում եք անվերապահորեն հետևել նորաձևությանը, բայց մի՛ շտապեք և մինչև որևէ հագուստ գնելը, հայելու առջև մենակ մնալով՝ փորձեք հնարավորինս  ինքնաքննադատաբար դիտել ձեզ  և համարձակություն ունենալ խոստովանելու, որ կան բաներ, որոնք պետք է քողարկել:

Ինչպիսի՞ն է ձեր պարանոցը

Դուք Նեֆերտիտիի ժառանգորդուհին չե՞ք: Այլ կերպ ասած, ձեզ բաժին է հասել կարճ և հաստլիկ պարանո՞ց: Այդ դեպքում ձեզ հակացուցված են կարճ վզնոցներն ու պարանոցը երիզող գլխաշորերը, մեծ, ինչպես նաև բարձր օձիքները, քանի որ դրանք ավելի կընդգծեն այն, ինչը պետք է քողարկել: Պարանոցի ձևից է կախված նաև հագուստի լանջաբացվածքի ընտրությունը: Տվյալ դեպքում ավելի ճիշտ են առանց օձիքի սուր բացվածքները կամ փոքր օձիքները: Կարճ սանրվածքը կամ վերևում հավաքած մազերը դիտողականորեն կերկարացնեն պարանոցը:
Իսկ եթե ձեր պարանոցը երկար և բարակ է, այդ դեպքում առանց վարանելու կարող եք վիզն ագուցող գլխաշոր, փակ կամ բարձր օձիքներ կրել:

Պարանոցի մաշկի խնամքը

Պարանոցի մաշկը շատ նուրբ է, ենթամաշկային ճարպաշերտը՝ չափազանց բարակ, ինչի պատճառով այն բավականաչափ սնունդ չի ստանում  և ավելի արագ է ծերանում: Այդ պատճառով պարանոցը կնոջ մարմնի  ամենախոցելի հատվածն է: Դիմահարդարներն ասում են, որ երբ դեմքի վրա հայտնվում է առաջին կնճիռը, պարանոցին արդեն ցայտուն կերպով նկատվում են «տարիքային օղակները»: Կզակի հատվածում նույնպես մաշկը չափազանց բարակ է, նուրբ և չոր: Այստեղ ամենից շուտ են առաջանում ճարպային կուտակումները, և տարիքի հետ դեմքի օվալը ձևափոխվում է:
Պարանոցի մաշկի վրա ծալքերի և կնճիռների, ինչպես նաև կրկնակզակի առաջացմանը նպաստում են հետևյալ սովորությունները`

  • Քնած ժամանակ գլխի սխալ դիրքը, որի պատճառը մեծ բարձն է: Պետք է քնել տափակ բարձի վրա:
  • Կարդալիս, գործելիս կամ այլ աշխատանք կատարելիս գլուխը կախած վիճակում երկար ժամանակ նստելը:
  • Ճիշտ կեցվածքը շատ կարևոր է` գլուխը բարձր, կուրծքը` առաջ, ուսերն ուղիղ:
  
Պարանոցի մաշկի խնամքի գլխավոր նախապայմանը մաքրությունն է: Պարանոցը պետք է ամեն օր մաքրել` լվանալով օճառով կամ օճառահեղուկներով: Կարելի է նաև օգտագործել խոտաբույսերի, օրինակ, երիցուկի, լորենու, անանուխի, կեչու բողբոջների, եղեսպակի թուրմեր: Այդ թուրմերից որևէ մեկի մեջ թրջած բամբակով զգուշորեն սրբեք պարանոցը: Կողքերից այն պետք է մաքրել վերից վար, իսկ կզակի տակ` ներքևից վերև:

Կարելի է պատրաստել հետևյալ լոսյոնները.

  • 100 գ թթվասերին խառնեք մեկ ձվի դեղնուց, ավելացրեք մեկ քառորդ ճաշի գդալ օղի և կես նարնջի կամ կիտրոնի հյութ:
  • Մեկ նարնջի կամ կիտրոնի հյութին խառնեք մեկ ձվի դեղնուց, ավելացրեք մեկ ճաշի գդալ օղի և կես բաժակ կաթի սերուցք:
  • Քերիչով անցկացրեք թարմ վարունգը: Դրան ավելացրեք 25-30 գ օղի: Թողեք մնա 10 օր: Քամեք: Այդ լոսյոնը պետք է պահել սառնարանում և ամեն օր օգտագործել:
  • Պարանոցը մաքրելուց հետո պետք է սնուցող քսուք կամ տաք բուսայուղ քսել:

Թրջոց մաշկն առաձգական դարձնելու համար

Ամենանուրբն ու խոցելին. պարանոցի խնամքի մասինՊարանոցը շփեք ցանկացած բուսական յուղով, այնուհետև մանր աղով մերսեք մաշկն այնքան, մինչև թեթևակի կարմրի: Մերսումը կատարեք անրակներից դեպի կզակ: Դրանից հետո պարանոցը փաթաթեք մեկը մեկի հարաբերությամբ տաք կաթի ու ջրի մեջ թրջած սրբիչով£ Թրջոցը պահեք հինգ րոպե: Այնուհետև պարանոցը պարզաջրեք սառը ջրով և կրեմ քսեք:
 
Ինչպե՞ս կանխել կնճիռների առաջացումը

Շաբաթը 2-3 անգամ աղաջրի մեջ թրջած թավոտ սրբիչով թմբկահարեք կզակի տակ: Սրբիչի ծայրերն այնպես բռնեք, որ մեջտեղի հատվածը կախված լինի: Կտրուկ ձգելով սրբիչը՝ մեջտեղի հատվածով թեթևակի հարվածեք: Պարանոցը լվացեք սառը ջրով: Դա խթանում է արյան շրջանառությունը:

Դեկոլտե

Ըստ դիմահարդարների, պարանոցից եթե ոչ ավելի, ապա հաստատ  պակաս խոցելի չէ նաև դեկոլտեի հատվածը, որը մատնում է կնոջ տարիքը: Արևայրուկով շատ հրապուրվելու դեպքում այս հատվածի առանց այն էլ չոր մաշկն ավելի է չորանում, ժամանակից շուտ թոշնում և ծածկվում մանր կնճիռների ցանցով: Այդ կնճիռները հատկապես առավոտյան են առավել ցայտուն լինում, մանավանդ, եթե սիրում եք փորի վրա քնել£ Ի դեպ, դա կարող է արտահայտվել բավականին վաղ տարիքում, երբ դեռ դեմքի և մարմնի մաշկը երիտասարդ ու թարմ  են:
Հենց դեկոլտեի հատվածում է ամենից հաճախ ծագում ֆոտոալերգիա կոչվածը, որը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ պայմանավորված մանր ցանն է£ Չնայած այն որոշ ժամանակից անցնում է, սակայն մաշկի վրայից ոչինչ անհետք չի վերանում: Ըստ վիճակագրության մաշկի հենց այս հատվածն է առավել շատ արևահարվում, այդ պատճառով էլ այստեղ երբեմն պիգմենտային բծեր են առաջանում:

Սակայն կանանց մեծ մասը մանրակրկիտ հետևելով դեմքի մաշկի խնամքին, անուշադրության են մատնում դեկոլտեի հատվածը, այն դեպքում, երբ հատկապես այստեղ առավել մեծ խնամքի կարիք է զգացվում: Դեկոլտեի համար մեծ մասամբ կիրառվում են այն միջոցները, որոնք օգտագործվում են դեմքի մաշկի խնամքի համար: Օգտակար են կոլագեն, էլաստին,  հանքանյութեր պարունակող դիմակները, ակտիվ «կոկտեյլները», որոնց բաղադրության մեջ կարող են պարունակվել կոֆեին, արտիշոկի էքստրակտ, ցինկ, ամինոֆիլին և այլ ակտիվ նյութեր:    

Այժմ շատ տարածված են ամենատարբեր մրգային դիմակները: Դրա համար պետք է մրգերը մանրացնել և խառնել սերուցքի կամ կաթի հետ: Առավել նկատելի արդյունք ստանալու համար խորհուրդ է տրվում դիմակով պատված մաշկը ծածկել պոլիէթիլենային թաղանթով և վրայից տաք գործվածքով: Դիմակների համար կարելի է օգտագործել ելակ, բանան, կոկոս, կիվի: Դրանք օգնում են վերականգնել մաշկի թարմությունը, առաձգականությունը և տոնուսը: Դրանք մաշկը հարստացնում են B վիտամինով, որը թարմացնում է բջիջները և C վիտամինով, որը նպաստում է կոլագենի սինթեզին:      
 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 3076 | Ավելացրեց: Admin | Տեգեր: մարմնի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ