Շուշան Հակոբյան Ինչո՞ւ են տղամարդիկ երբեմն այդպես անհարգալից վերաբերվում մեր՝ կանանց անձնական կյանքին։ Այս սեզոնում նորաձև հռչակված շրթներկի որոնումները նրանց անիմաստ են թվում, հաճելի երկնագույն բլուզը, որի համար ահագին դրամ ենք ծախսել, հիացմունք չի առաջացնում, իսկ շատ կարևոր խոսակցությունն ընկերուհու հետ բանջարեղենի ներկայիս գների մասին ուղղակի հունից հանում է։
Ի՛նչ անել, որ մեր կյանքը տղամարդկանց համար, թեկուզ ոչ այնքան հետաքրքիր, բայց գոնե հարգանքի թույլ նշաններ ունենա։ Ինչպե՞ս ստիպել հարգել մեր կանացի թուլությունները, գաղտնիքները և անգամ հրապուրանքները։ Փորձենք պարզել։ Ես ոչինչ, ուղղակի ոչինչ չեմ հասկանում ավտոմեքենաներից, իսկ կարբյուրատոր կամ կարդանային լիսեռ բառերից սրտիս խորքում տհաճ ծակոց եմ զգում։ Ոչինչ չեմ հասկանում մեխերից, պտուտակներից, մուրճերից ու աքցաններից, իսկ ալմաստե գայլիկոնների բազմազանությունն ինձ համար մինչև հիմա առեղծված է մնացել։ Ես չգիտեմ, ուղղակի չեմ ըմբռնում, թե ինչպես կարելի է իրար հետևից մարտաֆիլմեր նայել՝ տհաճ կռիվներով, երբ ռոմանտիկ պատմությունները՝ երջանիկ ավարտով, շատ ավելի մեծ բավականություն են պատճառում, քան կրակոցները, արյունն ու սարսափը։ Եվ ավելին՝ ո՞ր կինը ժամերով կնստի գետի ափին՝ կարթը ձեռքին, և բռնելով մի ձուկ՝ առանց ափսոսանքի այն նորից ջուրը կգցի։ Ես չեմ խմում, ուստի գլուխ չեմ հանում գինիներից, կոնյակներից, նույնիսկ շամպայններից։ Մի խոսքով, տղամարդկանց հետ շփման ոչ մի եզր չունեմ։ Այսուհանդերձ ամուսինս ինձ իր լավագույն ընկերն է համարում։ Նա կարծում է, որ իր կինն ամեն ինչ հասկանում է, և նրա հետ կարելի է ժամերով խոսել և անգամ քննարկել, թե ինչու մեր մեքենայի շարժիչն առավոտյան չի միանում, ինչու Նաիրի կոնյակը Արարատից ավելի լավն է, ինչպես կեղծ սիգարը կարելի է միանգամից տարբերել իսկական կուբայականից, և անգամ ինչու Շարոն Սթոունն ավելի տպավորիչ է, քան Աինդի Քրոուֆորդը, թեպետ, եթե անկեղծ լինենք, թե՛ մեկը, թե՛ մյուսն ինձ դուր չեն գալիս։
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1551 |
| | |

