Ինչպե՞ս ապրել ավելի խաղաղ՝ սկսած այսօրվանից
 

   «Նանե»

Երբ հիվանդանում ենք, սկսում ենք բուժել մարմինը: Երբ վատ տրամադրություն ենք ունենում, փորձում ենք բուժել հոգին: Բայց մարդ արարածը մեկ միասնություն է, ուստի ինքներս մեզ պետք է ընկալենք և բուժենք համալիր կերպով, ամբողջ համակարգը, միասնական օրգանիզմը: Ամերիկացի բժիշկ Սյուզան Ջոնսը «Հոգու խաղաղություն» գրքում փորձել է, միավորելով ավանդական և ոչ ավանդական բժշկության օրենքները, ստեղծել իր համակարգը, որը հնարավորություն կտա դարմանելու մարդկային օրգանիզմը:
 
Այդ համակարգը եզակի է և հետաքրքիր: Ու թեև առանձին դրույթներ կարող են վեճ հարուցել, այդ ամենը հետաքրքիր է, և արժե անձամբ ծանոթանալ դրանց: Հազիվ թե հնարավոր լինի համառոտ հոդվածում լիարժեք լուսաբանել հեղինակի բոլոր գաղափարները, բայց գրքի մի քանի դրվագ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
 
Ինչպե՞ս ապրել ավելի խաղաղ՝ սկսած այսօրվանից
Ամրացրեք մկանները
 
Ընտրեք վարժությունների լավ մտածված համակարգ, որը ներառի ուժային վարժություններ, աերոբիկա և ձգումներ: Այն դարձրեք ձեր կյանքի հիմքը և դրանից մի՛ հրաժարվեք:  Միայն կանոնավոր ֆիզիկական վարժությունները ձեզ, առողջ, եռանդուն և երիտասարդ կդարձնեն՝ անկախ տարիքից: Ժամանակ թողեք հանգստի և քնի համար: Աշխատեք խմել մաքուր ջուր, թարմ օդ շնչել և երբեմն լինել արևի տակ: Նախապատվությունը տվեք առողջ բուսական սննդին (բանջարեղեն, մրգեր, ձավարեղեն, լոբազգիներ): Խուսափեք խոր վերամշակված մթերքներից: Այս բոլոր պայմանների ապահովման դեպքում միայն կկարողանաք հասնել լավագույն առողջության:
 
Սովորե՛ք թուլանալ
 
Անհրաժեշտ է հոգու և մարմնի  լիակատար թուլացմանը հասնելու կարողություն: Ձեր նյարդային համակարգը ենթարկվում է ագրեսիվ շրջակա միջավայրի հարձակումներին. աղմուկ, լույսի բռնկումներ, գովազդներ և այլն: Սովորեք խոր շնչառության, մեդիտացիայի, յոգայի տեխնիկան, որպեսզի ունակ լինեք հաղթահարելու սթրեսը:
 
Ձեր զգացմունքները ներսում մի՛ պահեք
 
Սթրեսը, որ առաջանում է տևական ցասումից, կարող է չափազանց ավերիչ լինել: Հոգու խորքում թաքցված զգացմունքները  բառի բուն իմաստով կրծում են ներսից, ուստի աշխատեք դուրս հանել դրանք: Այդ դեպքում ավելի հազվադեպ կհիվանդանաք և երկար կապրեք:
 
Վերահսկեք ձեր մտքերը
 
Մեր մտքերն են կանխորոշում մեր գործերն ու արարքները: Միտքը նյութական ուժ է, այն կարող է նյութականանալ, ուստի մտածեք այն մասին, թե ինչ եք ուզում տեսնել ձեր կյանքում:
 
Մի՛ վախեցեք սեփական վախերից
 
Ինչքան էլ ուժեղ և համարձակ լինեք, միևնույն է, թեկուզ հոգու խորքում վախ եք զգում: Այն զենքի պես պաշտպանում է կյանքի ինչ-ինչ կողմերից: Վախը հզոր ուժ է, որը զգում ենք շատ մակարդակներում՝ ֆիզիկական, մտավոր, զգայական: Ինչպիսին էլ, որ լինեն ձեր վախերը, ո՛չ լավ են, ո՛չ վատ, դրանք պարզապես գոյություն ունեն: Մի՛ վախեցեք, նայե՛ք ձեր վախի աչքերին. չէ՞ որ չեք վախենում, երբ տեսնում եք սեփական ստվերը:
 
Մենակ մնալու հնարավորություն գտեք
 
Վայելեք միայնությունն ամեն օր: Ջանացեք խոր շնչել, խաղաղվել, մի խոսքով՝ վերականգնել ուժերը: Լռությունը հանգստացնում է հոգին և բուժում միտքը: Մենակ մնալու հնարավորությունը կամրացնի առողջությունը, հանգստություն և հավասարակշռություն կպարգևի ձեզ:
 
Ամեն օր զբաղվեք մեդիտացիայով
 
Ամեն օր ժամանակ գտեք մեդիտացիայի համար: Ականջ դրեք ձեր ներքին ձայնին: Հանգստացրեք ձեր միտքը, որը խռովված է առօրյա հոգսերից: Ձեզ հասցրեք արգասաբեր հավասարակշռված վիճակի:
 
Կյանքին ավելի պարզ վերաբերվեք
 
Մի՛ շտապեք, կարողացե՛ք նկատել կյանքի փոքր ուրախությունները: Մի՛ շտապեցրեք ձեզ: Խոր շնչեք, զգացե՛ք ծաղիկների բույրը, շփվեք կենդանիների հետ, ունկնդրեք թռչունների երգեցողությունը, վայելեք արևը, քորեք կատվի ականջների տակ, շարժեք ինչ-որ մեկի ժպիտը: Ձեզ վերաբերվեք ինչպես հրաշքի, որևէ մեկին աեք, որ սիրում եք իրեն  և հաճախ ծիծաղեք:
 
Զարգացրեք սերը ձեր հանդեպ
 
Հավասարակշռությունն անհրաժեշտ է ձեր իսկ բարեկեցության և նրանց բարօրության համար, որոնց սիրում եք: Ձերբազատվեք բացասական հույզերի բեռից, ինքներդ ձեզ վերաբերվեք բարությամբ ու հարգանքով: Հիշե՛ք, որ կյանքը մեր նկատմամբ մեր իսկ վերաբերմունքի անդրադարձն է:
 
Եղե՛ք երախտապարտ
 
Սովորեք երախտապարտ լինել ճակատագրին այն ամենի համար, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում՝ անկախ հանգամանքներից: Դա հնարավորություն կտա ձեզ պահպանելու հոգու անդորրը և զգալու կյանքի ուրախությունը:
 
Ականջալուր եղեք ներըմբռնմանը (ինտուիցիային)
 
Ինտուիցիան երբեմն համարում են վեցերորդ զգայարան: Այն կարելի է զարգացնել այնպիսի միջոցներով, ինչպիսիք են ներհայեցողությունը, ռելաքսացիան, բնության հետ շփումը: Սովորե՛ք լսել ձեզ: Ինչքան հաճախ ենք լսում մեր ներքին ձայնը, այնքան հստակ է այն հնչում:
 
Զարգացրեք հումորի զգացումը
 
Զգայական օտարացման որոշակի աստիճանն ու առողջ ծիծաղն ամրապնդում է իմունային համակարգը: Կյանքին չափից ավելի լուրջ մի՛ վերաբերվեք:
 
Երեխա եղեք
 
Երեխաները կարողանում են իսկապես վայելել կյանքի ուրախությունը: Եղե՛ք ավելի ճկուն, հեշտ ներեք, կյանքից մի՛ վանեք փոքր անակնկալներն ու էքպրոմտները: Չափից ավելի խիստ ու քննադատ մի՛ եղեք: Երեխային, որ ապրում է յուրաքանչյուրիս մեջ, անհրաժեշտ է ժամանակ տալ խաղերի համար:
 
Սովորե՛ք ապրել ներկայով
 
Ապրե՛ք ամեն րոպեով, ոչ թե հանուն ինչ-որ մեկ րոպեի: Ներկան մի՛ համեմատեք անցյալի հետ: Ազատվե՛ք ուրվականներից ու ստվերներից, եղե՛ք այստեղ և հիմա:
 
Բարություն ու սեր բաժանեք
 
Դրական հույզերն ամրացնում են առողջությունը, բացասականները՝ քայքայում այն: Յուրաքանչյուրս սիրո կարիք ունենք, բայց ոչ ռոմանտիկ կապվածության: Այն ջերմության զգացումը, որ ունենում ենք երեխային գրկելիս, ընկերոջ հետ խորհրդակցելիս, լսելով ինչ-որ մեկին, նպաստում է հավասարակշռության և առողջության ամրապնդմանը:   
 
«Նանե» ամսագիր, Ժաննա Ֆահրադյան

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/xary2/hogekan_nangstutyun2.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (07.08.2013) | Հեղինակ: «Նանե» W
Դիտումներ: 4247 | Տեգեր: Հոգեկան հանգստություն, Հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ