![]()
  2ov.am Մենք բոլորս սովորական մարդիկ ենք. ունենք մեր երազանքները, պատկերացումները, նպատակները, ունենք կյանքի նկատմամբ որոշակի վերաբերմունք, սակայն մենք շատ տարբեր ենք: Ինչպես ծառի վրա երկու միանման տերև չես գտնի, այնպես էլ երկու միանման մարդ չես գտնի: Այսինքն՝ մարդիկ ունեն անհատական տարբերություններ, որոնք ապահովում են յուրաքանչյուրի յուրօրինակությունը: Այդ անհատական տարբերություններից մեկն էլ մարդու բնավորությունն է:
Բնավորությունն անձի քիչ թե շատ կայուն գծերի համագումարն է, որով որոշվում են նրա հարաբերությունները, վերաբերմունքը այլ մարդկանց, շրջապատի և աշխարհի հանդեպ,- գրում է 2ov.am-ը: Օրինակ՝ կան ուրիշների հետ շփման դժվարություններ ունեցող մարդիկ, ուրախ ու հեշտ շփվող մարդիկ, կան շուտ գրգռվող և շատ զգայուն մարդիկ և այլն: Այս բոլորը բնավորության գծեր են: Դրանք ժառանգաբար չեն փոխանցվում, այլ ձևավորվում են մարդու անհատական զարգացման ընթացքում: Ճիշտ է, դրանք համեմատաբար կայուն են և մեծ տարիքում քիչ են փոփոխության ենթարկվում, սակայն ինչպես և վերը նշված ծառի տերևները, այնպես էլ մարդիկ նույնը չեն, բայց կարող են նման լինել: Ուստի որոշ հոգեբաններ որոշեցին առանձնացնել բնավորության տիպեր, խմբավորել մարդկանց ըստ բնավորության ինչ-որ գծերի:
Այդ հոգեբաններից մեկն էլ Ա. Ե. Լիչկոն էր: Նա ուսումնասիրում էր, թե կա՞ն արդյոք բնավորության գծեր, որոնք առավել արտահայտված են տվյալ մարդու մոտ, քան մյուս գծերը: Բազմաթիվ ուսումնասիրությունների ընթացքում նրան հաջողվեց գտնել օրինաչափություններ: Առավել արտահայտված գծերն սկսեցին անվանվել բնավորության շեշտվածություններ: Այսպիսով, Լիչկոն առանձնացրեց բնավորության տասնմեկ շեշտվածություն: Հենց դրանք էլ մաս առ մաս կներկայացնենք ձեր ուշադրությանն այս և հետագա գրառումներում:
Հիպերթիմ տիպ: Այս տիպի մարդիկ միշտ բարձր տրամադրություն ունեն: Մանկության տարիներից սկսած նրանք տարբերվում են մեծ շարժունակությամբ, ինքնուրույնությամբ, հակված են արկածախնդրության: Նրանք ունեն լավ ախորժակ և առողջ քուն, անկեղծ են և ինքնավստահ, հեշտ են գրավում շրջապատի ուշադրությունը և սովորաբար շրջապատի սիրելին են լինում:
Հիպերթիմ մարդիկ կան, ովքեր տարբերվում են նաև անկայունությամբ: Նրանք սիրում են ռիսկի դիմել, անըդնհատ նոր և սուր զգացողությունների կարիք ունեն: Այսպիսի շեշտվածությամբ մարդիկ հաճախ են ունենում թմրադեղերից և ալկոհոլից կախվածության որոշակի աստիճաններ: Լինում են հիպերթիմ և միաժամանակ աֆեկտիվ մարդիկ, ովքեր կարծես պայթյունավտանգ լինեն: Ամեն մանրուքից կարող են զայրանալ, պայթել, սակայն հետո շատ շուտ ընդունում են իրենց սխալներև ու ներողություն խնդրում:
Նոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1516 |
| | |