Հարցեր հոգեբանին «Ես վախենում եմ սիրել»
![]()
  «Հարցեր հոգեբանին» «Ես 22 տարեկան եմ: Ու, ինչպես հասկացել եմ, իմ մեջ վախ կա լուրջ սիրային հարաբերությունների հանդեպ: Երբեք չեմ հանդիպել տղաների հետ: Արտաքնապես համակրելի եմ, ուշադրության պակաս չեմ զգում (երկրպագուներ շատ ունեմ, ինձ նկատում են), կենսախինդ եմ, և ոչ ոք երևի չի էլ պատկերացնի, որ իրականում շատ միայնակ եմ: Ես շատ եմ ուզում երջանիկ լինել, սիրել և սիրված լինել: Բայց հենց գիտակցում եմ, որ ինչ-որ մեկն ինձ դուր է գալիս, և դա փոխադարձ է, կարծես փակվում եմ ինքս իմ մեջ:
![]() Սկսում եմ ծանոթներիցս տեղեկություններ իմանալ նրա մասին, ամեն կերպ փորձում եմ ինքս ինձ համոզել, որ նա ինձ զույգ չէ, մենք իրար չենք համապատասխանում: Ներամփոփ եմ դառնում: Արդյունքում կորցնում եմ այն տղամարդուն, ում հանդեպ անտարբեր չեմ:
Դրանից շատ վատ եմ զգում, բայց չեմ կարողանում նույնիսկ խոստովանել ճշմարտությունը: Պարզապես լուռ համակերպվում եմ իրավիճակին: Եվ այդպես` ամեն անգամ:
Միգուցե մանկությունից եկող ինչ-որ խնդիրներն են պատճառը: Փոքր ժամանակ ես գիրուկ երեխա էի. որոշ ժամանակ ինձ ծաղրում էին: Ծնողներս երբեք ինձ բավարար ուշադրություն չէին դարձնում, քանի որ նրանց աշխատանքը կապված էր արտասահմանյան գործուղումների հետ: Ուստի մենք շատ սառը հարաբերություններ ունենք:
Ավելի ուշ, երբ հասկացա, որ խնդիրներիս հիմքում ավելորդ քաշն է, հավաքեցի ամբողջ վճռականությունս և լավ արդյունքի հասա:
Վերջերս մի հոգեբանական թեսթ լրացրի, որը պարզում էր` կա արդյոք իմ մեջ վախ սիրո հանդեպ, թե ոչ, և այն համընկավ ինձ հետ 100%-ով: Ես իսկապես համոզվեցի, որ վախենում եմ հիասթափությունից, վախենում եմ, որ ինձ կնեղացնեն, կխաբեն, վախենում եմ բացվել որևէ մեկի առջև: Ինձ համար դժվար է նույնիսկ ինքս ինձ խոստովանելը, որ սիրում եմ: Ժամանակի հետ այդ վախն իմ մեջ աճում ու աճում է: Օգնեք, խնդրում եմ, դուրս գալ այս շրջապտույտից: Ես գիտեմ, որ այն փակուղային չէ»:
![]() - Դուք գրել եք այն մասին, որ ցանկանում եք սիրել և լինել սիրված, բայց վախենում եք հիասթափությունից, որ ձեզ կարող են նեղացնել կամ խաբել: Բացառված չէ, որ ձեր վախն ընդամենը դիմակ է, որի ետևում թաքնված է ոչ հստակ պատկերացումը սեփական անձի, սեփական արժեքի մասին:
Ձեզ համար, ինչպես գրում եք, դժվար է անգամ բարձրաձայնելը, որ սիրում եք: Փորձեք լսել ձեր սրտի ձայնին և ոչ շրջապատի մարդկանց: Այո, այդպես լինում է` մարդիկ հանդիպում են, ապա հեռանում են: Բայց բաժանման արդյունքում մենք չենք զրկվում մեր արժանիքներից, դրանք մնում են մեր մեջ: Մենք ավելի վատը չենք դառնում այն պատճառով, որ ինչ-որ մեկի հետ հարաբերությունները չդասավորվեցին:
Ամեն դեպքում դուք պետք է ընտրություն կատարեք` մնալ մենակ և ամբողջ կյանքում տառապել սիրելու և սիրվելու անկատար ցանկությունից, ինչպես հիմա է, կամ ձեր կյանք թողնել մտերիմ մարդու` միաժամանակ վախենալով, որ սերը կանցնի: Դա այնքան բնական է` վախենալ կորցնել այն, ինչ ունես և ինչը թանկ է քեզ համար. սիրած մարդուն, կյանքդ, առողջությունդ, հաջողությունդ…
Եվ ավելի ցանկալի է, որ դա լինի ոչ թե պարզապես վախ, այլ ուղի` դառնալու ավելի լավը, ավելի վառ զգալու լիարժեք կյանքի շարժը:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 4314 |
| | |