Այսօր «երջանկության հաբերը» 25 տարի առաջ հորինված պրոզակ հակադեպրեսանտի գլխավորությամբ մեծ տարածում են վայելում ամբողջ աշխարհում: Եվրոպայում հակադեպրեսանտների ընդունումն ամեն տարի աճում է 20%-ով, և եվրոպացիները դրանց վրա տարվա մեջ ծախսում են 800մլրդ եվրո: Ըստ այդմ՝ դեպրեսիան սպառնում է 10 տարի անց դառնալ №1 հիվանդությունը և կարող է կաթվածահար անել երկրի բնակչության կեսի կյանքը: Ի՞նչ է կատարվում մեզ հետ. ի վերջո դեպրեսիաների միայն 3-5%-ն է առաջանում հույզերի կենսաբանական կարգավորման խաթարումների պատճառով:
Այսօր մենք ապրում ենք ավելի բարեկեցիկ կյանքով, ավելի հարմարավետ պայմաններում: Լավին արագ ենք հարմարվում,- փոխանցում է 2ov.am-ը: Կյանքի ռիթմն այսօր այնքան շրջադարձային է, որ «ինչպե՞ս ես» հարցին անկեղծորեն պատասխանում ես՝ վազքի մեջ: Դրանով հանդերձ քիչ ենք շարժվում և մկանային ակտիվության բացակայության հետևանքով առաջացած մտավոր հոգնածությունն ավելի է ներսից կրծում, քան մարմնական հոգնածությունը, որից կարելի է ազատվել գոնե քնելով: Կյանքի հորիզոններն անկասելի կերպով ընդլայնվում են, և եթե նախկինում դու սիրում էիր «քո աղքատիկ հողը այն պատճառով, որ այլ երկիր չէիր տեսել», ապա այսօր կարող ես լինել ամենուր, և ամբողջ աշխարհը կարող է հայտնվել համակարգչիդ էկրանին: Ինֆորմացիան կարծես գլխիդ է թափվում ջրվեժի ուժգնությամբ. սպանություններ, կողոպուտ, ահաբեկչություններ, սեքս և սկանդալներ, բռնություն, սև փիար … Պատահեն մեր երկրում, թե հեռավոր Որտեղստանում, ազդում են մեզ վրա և հետք թողնում: Հարմարավետ կյանքը ոչ թե կախարդանքի արդյունք է, այլ սահմանված բազմաթիվ կանոնների ու օրենքների, որոնց չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, և դու պետք է տեղավորվես դրանց շրջանակներում: Այսօր կյանքը 10 տարվա ընթացքում ավելի շատ է փոխվում, քան նախկինում մի քանի սերունդների փոփոխման ընթացքում, և դու քեզ զգում ես ինչպես վարորդն անծանոթ ճանապարհին մշտապես փոփոխվող երթևեկության կանոնների և ճանապարհային նշանների պայմաններում վարելիս: Գոյատևման և կյանքի որակի ակցենտներն ավելի ու ավելի են խառնվում: Զգայուն ես դառնում սեփական վիճակի նկատմամբ: Վատ տրամադրությունը, որպես նորմալ արձագանք աննորմալ իրավիճակներին, այլևս չի բավականացնում, նետվում ես երջանկության հաբերի հետևից, առավել ևս, որ տխրելու ժամանակ էլ չունես. պետք է վազել, աշխատել: Այսօր մարդն ավելի ազատ է: Դա, սակայն, ոչ միայն ինքդ քեզ դրսևորելու ազատությունն է, այլև սեփական կյանքի ուղին ընտրելու, ընտրություն կատարելու և որոշումներ կայացնելու ազատությունն է, և պատասխանատվության այդ բեռը շատ հաճախ ավելի ծանր է, քան ավանդույթներին և կանոններին ենթարկվելը, իսկ մարդկանց բազմության մեջ մենակությունն ավելի ծանր է, քան ֆիզիկական մենակությունը: Մի խոսքով՝ կյանքն ավելի լավն է դառնում, իսկ դրանով ուրախանալը՝ ավելի դժվար: Բացի այդ, կյանքով չբավարարված լինելն այսպես, թե այնպես բերում է այն, ինչը հոգեբանության մեջ կոչում են երկրորդային շահ՝ ուշադրություն, կարեկցանք, աջակցություն և «Ինչ հաճելի է ընկնել անելանելի հուսահատության մեջ. դա իրավունք է տալիս նեղանալ ամբողջ աշխարհից» (Ժ. Սարտր): Արդյո՞ք հաբերն օգնում են ազատվել այս ամենից: Ե՛վ այո, և՛ ոչ: Դրանք կարող են ժամանակավորապես բարձրացնել տրամադրությունը, սակայն կան մարդիկ, ովքեր երկար տարիներ ընդունում են դրանք՝ ավելի ու ավելի ընկղմվելով դեպրեսիայի մեջ: Դրա պատճառն այն է, որ դեպրեսիաները հոգեբանական են, և դեղահաբերը չեն վերացնում չլուծված խնդիրները: Դուք ինքներդ կարող եք ձեր հոգեբանը լինել՝ չփախչելով ընկճվածությունից և դրա հետ երկխոսության մեջ մտնելով: Ի՞նչ եք զգում և մտածում դրա առաջացման պահին և դրանից հետո: Ի՞նչ է այն ձեզ տալիս: Նախկինում ձեզ ինչպե՞ս է հաջողվել դուրս գալ այդ վիճակից: Ելքի ինչպիսի՞ միջոցներ են ձեզ համար ավելի արդյունավետ և հաճելի եղել: Շատ հավանական է, որ դուք հոգեբանի կարիք չունենաք, իսկ եթե որոշեք, որ մի գլուխը լավ է, երկուսը՝ ավելի, ինչու՞ քայլ չանեք: Վ. Կագան Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 853 |
| | |
