Երջանիկ լինելու գաղտնիքները
 

   Չաք Ֆոլքեն

Երջանկությունը կյանքի բազմակողմանիության, լիարժեքության վայելումն է, շրջապատի հետ ներդաշնակության մեջ գտնվելու զգացողությունը: Իհարկե, անգամ երջանիկ մարդիկ չեն ապրում երջանկության զգացումը մշտապես: Նրանց կյանքում էլ ուրախության պահերին հաջորդում են մտահոգություններն ու տառապանքները:
 
 
Երջանիկ լինելու գաղտնիքները
 
Կյանքն իր մեջ անխուսափելիորեն պարունակում է անհաջողություններ ու հիասթափություններ, կորուստներ, թյուրիմացություններ անգամ հարազատ մարդկանց հետ, ինչի արդյունքում անպակաս են բացասական զգացումները` ցավ, տխրություն, վիշտ… Բայց երջանիկ մարդիկ վճռական ու համարձակ անցնում են կյանքի փորձություններով: 
 
Լինելով խելացի` նրանք մի կողմից ընդունում են դրանք որպես կյանքի անբաժանելի մաս, մյուս կողմից` չեն կորցնում աշխատունակությունը և անում են իրենցից կախված հնարավորը փորձությունները հաղթահարելու համար: Երջանկությունը հենց այդ էլ նշանակում է. սիրել կյանքը` իր ուրախություններով ու տխրություններով հանդերձ, սիրել աշխարհը` իր երկու անխուսափելի չարի ու բարու բևեռներով: Իսկական երջանկությունը ճառագում է բնության հանդեպ սիրուց, ընկերների հանդեպ լավ վերաբերմունքից, ակտիվ գործունեությունից և այս ամենի հիմքում ընկած գաղափարից` սիրուց դեպի այն ամենը, ինչ գոյություն  ունի աշխարհում (այդ թվում սիրուց ինքներս մեր նկատմամբ): Երջանկությունը, նույնանալով սիրո հետ դեպի կյանքը, աշխարհը և մեր անձը, կլցնի մեր օրերը համապատասխան մտքերով, զգացումներով ու գործողություններով:
 
Երջանիկ մարդը մնացածից տարբերվում է բարությամբ ու մեծահոգությամբ, բարյացակամությամբ, մարդկանց նրբորեն զգալու, նրանց օգտակար լինելու կարողությամբ, վստահելիությամբ ու պատասխանատվութամբ, ազնվությամբ, մարդկանցից գլուխ հանելու ունակությամբ և ինքնավստահությամբ: Նրանք ոչ մի դեպքում չեն կորցնում ակտիվ գործունեության ընդունակությունը, կարողանում են կանխատեսել իրենց գործողությունների հետևանքները և ունեն համարձակությունը անելու այն, ինչ անհրաժեշտ են համարում:
 
Ամեն ինչ որոշում են մեր մտքերն ու արարքները
 
Ինչպիսին էլ փորձենք ցույց տալ մեզ, միայն մեր մտքերով ու գաղափարներով, նպատակներով ու արարքներով է որոշվում` ովենք մենք իրականում: Մենք կարող ենք ցածրացնել մեզ չար մտքերով ու եսասիրությամբ, բայց կարող ենք և բարձրանալ` անկեղծորեն մեր նպատակին, մեր իդեալին ձգտելով: Ըստ էության` մեր ամեն դրական գործողությունը, անկախ նրանից նշանակալի ենք համարում այն, թե աննշան, առաջացնում է ինքնագնահատականի բարձրացման ու ներդաշնակության զգացում: Դրանով մենք նաև զգալի օգուտ ենք բերում մեր հասարակական դիրքին. չէ՞ որ դրական հեղինակությունը շատ ազդեցիկ դեր ունի բիզնեսում, օգնում է բարեկամական հարաբերություններ կնքելուն մեզ հետաքրքրող մարդկանց հետ:
 
Երջանիկ մարդիկ ունենում են բազմազան հետաքրքրություններ
 
Եվս մեկ տարբերակիչ գիծ երջանիկ մարդկանց համար. նրանք հետաքրքրություն են տածում ամենաբազմազան զբաղմունքների հանդեպ: Ոչինչ չի կարող փոխարինել այն հաճույքին, որը մեզ պարգևում է ակտիվ, բազմազան հետաքրքրություներով հագեցած կյանքը: Բացի այդ` այսպիսի կյանքը հնարավորություն է տալիս ցրվել տհաճություններից, իսկ բանականությունը գտնում է` ինչով փոխարինի ծանր ու բացասական մտքերը:
 
 
Երջանիկ ես, երբ սիրում ու ապրումակցում ես 
 
Երբ մենք երջանիկ ենք, մեզ համար բնական է սիրելն ու շրջապատող մարդկանց հանդեպ սրտակցության զգացում ունենալը, նրանց հետ անկեղծանալու, համագործակցելու ձգտումը: Զգացմունքային կապերը շրջապատող մարդկանց հետ ամրապնդում են մեր ինքնահարգանքը, տալիս են կյանքին, հասարակությանը պատկանելու զգացում: Մեզ ընդունում ու հարգում են, մեզ սիրում են: Մենք անհրաժեշտ ու պետքական ենք զգում այն դեպքում, երբ օգնում, մեր ուժերն ենք նվիրում ընկերներին ու սիրելիներին: Իրենց հերթին ընկերները կարող են ցուցաբերել զգացմունքային աջակցություն, վստահություն հաղորդել մեզ, կիսվել օգտակար գաղափարներով, իսկ անհրաժեշտության դեպքում` օգնել և կոնկրետ գործողություններով:
 
Երջանիկ զգալուն նպաստում են ընկերները
 
Իհարկե, երջանկության զգացումն անհնար է առանց ուրախության, որը բերում է ընկերությունն ու մտերմությունը մարդկանց հետ: Հոգեբանները վաղուց են նկատել, որ իրենց հաճախորդների ձեռք բերած ունակությունը` ընկերներ գտնել և պահպանել ընկերությունը, մեծացնում է հոգեկան առողջությունն ու տարբեր հոգեբանական խնդրիների լուծման հնարավորությունը: Կյանքում սթրեսի բազմաթիվ պատճառներ կան. անձնական վիշտ, աշխատանքի կորուստ, լուրջ հիվանդություն, անսպասելի դժբախտ պատահար կամ խոր ապրում այն առիթով, որ տարիները հեռանում են և մենք մեծանում ենք… բայց եթե ճակատագիրը կրկին փորձում է ձեր ամրությունը, ապա ընկեր-ծանոթներից ստացված զգացմունքային աջակցությունը նվազեցնում է դեպրեսիայի, հիասթափության հնարավորությունը և մեծացնում կայունությունը սթրեսային իրավիճակների հանդեպ: Պարզվում է, որ նևրոզներով տառապող մարդիկ քիչ ընկեր-ծանոթներ ունեն ու ավելի քիչ են բավարարված նրանց հետ հարաբերություններով:
 
Կարողացեք ուրախանալ մանրուքներով
 
Մասնագետները կարծում են, որ լավագույն տարբերակը բազմազան կապեր ունենալն է, որոնց բնույթը կարող է սկսվել չափազանց  մտերմիկից, վերջանալ պարզապես ծանոթականով: Այդուհանդերձ շատերը կարողանում են երջանիկ լինել` ունենալով մեկ ընկեր: Բացի այդ ` հին ընկերոջ մասին հիշողությունները, եթե անգամ նա հեռվում է,  շարունակում են մնալ երջանկության աղբյուրներից մեկը: Ամփոփելով` կարելի է ասել, որ երջանիկ է այն մարդը, ով շարունակում է աշխատել, կարողանում է տեսնել լավը, գնահատում է ամենօրյա փոքրիկ ուրախությունները` արևի լույսը, բնությունը, անցորդի ժպիտը, հավատարիմ է իր գաղափարներին և ունի հավատ ապագայի նկատմամբ:

 

HD որակով դիտել այստեղ:


 

Подпишитесь на доски (Կարիերա, հոգեբանություն, հարմոնիա) следующих пользователей Pinterest: Օգտակար.

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/vol5/erjaniklinel1.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (14.11.2013) | Հեղինակ: Չաք Ֆոլքեն W
Դիտումներ: 4623 | Տեգեր: Հոգեբանություն, ներդաշնակ շփում, երջանիկ լինել, հոգեկան անդորր, հոգեկան խաղաղություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ