Փորձե՞լ եք առաջ քայլել՝ հետ նայելով կամ քայլել հետ՝ նայելով միայն առաջ: Ինչ խոսք, եթե կյանքը ճանապարհ է, իսկ մարդն անցորդ, ապա նա այդ ամբողջ ճանապարհը անցնում է քայլելով ետ-ետ՝ երբեք չտեսնելով, թե ինչ կա հաջորդ քայլին ու միշտ հիշելով այն ամենը, ինչ անցնում է իր կողքով: Մյուս կողմից կան շատ մարդիկ, որոնք ներկայով են ապրում, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում մի կողմ դնել անցյալի հիշողությունները և տեսնել ներկայի գունավոր կողմերը: Այդ մարդիկ ապրում են անցյալի՝ իրենց ստեղծած փոքրիկ աշխարհում:
Անցյալը հիշելու մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում:
Մոռանալ անցյալը, պարադոքսի պես է հնչում: Ասում են՝ մի բանը մոռանալու համար նախ պետք է այն հիշել: Անցյալը մոռանալը հնարավոր է՝ միայն հիշելով այն, ապրելով այն, ավարտելով ինչ ուզում ենք: Ճիշտ ինչպես բայերն ունեն ներկա, անցյալ և ապառնի ժամանակներ, այնպես էլ մեր կյանքում են առկա այս երեք պատուհանները:
Հենց այս վայրկյանը մեկ վայրկյան հետո կգրվի անցյալի էջերին, (ինչ հետաքրքի է չէ՞): Սա նշանակում է, որ անցյալը, ներկան և գալիքը ապրում են մեկը մյուսի գրպանում: Մտավոր վերադարձ անցյալին՝ բառացիորեն նշանակում է մարդու չգիտակցված հակվածությունը դեպի անցյալ և մղումն ավարտելու անցյալում կիսատ թողած իրավիճակները:
Երբեմն տխուր եմ լինում ու փորձում եմ հիշել անցյալում պատահած որևէ ուրախ դեպք, որն իր ջերմ հիշողություններով տրամադրությունս կբարձրացնի: Այս կերպ փորձում եմ անցյալից օգուտ քաղել, սակայն կան մարդիկ, ովքեր ամեն վայրկյան ապրում են անցյալի բացասական հիշողություններով: Երբեմն անում ենք քայլեր, որոնց համար հետագայում մեզ մեղադրում ենք կամ վախենում ենք հետադարձ հայացք գցել անցյալին՝ մեզ մեղավոր համարելով որևէ դեպքի համար: Սակայն պետք է գիտակցել, որ մարդիկ կատարյալ չեն: Անցյալը պետք է կյանքի գիրք լինի, թերթելով այն պետք է հմտանանք, սովորենք նորը: Կյանքի ուղեցույց է հետևյալ արտահայտությունը. «Հիշիր անցյալը, ապրիր ներկայով, մտածիր ապագայի մասին»:
Անցյալը ներկա չպետք է դարձնել ու չպետք է ապրել ներկան՝ ձգտելով այն վայրկյանառաջ վերածել անցյալի… Կարծում եմ, որ իրականում անցյալը մոռանալն անհնար է, միայն հնարավոր է հնարավորինս կրճատել էմոցիանների ինտենսիվությունը: Հիշելով անցյալը` կարելի է օգտակար հետևություններ անել և հասկանալ, թե ի՞նչ է մեզ պետք և ի՞նչը պետք չէ: Հիշողությունները մեր անձնական գրադարանի գրքերն են, որոնք պարբերաբար կարելի է աչքի անցկացնել: Անցյալը մեզ օգնում է, որ ճիշտ կառուցենք մեր ներկան:
Ուլյանա Բաբայան, հոգեբան
HD որակով դիտել այստեղ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1619 |
| | |
