Հարց հոգեբանին. «Ինձ մոտ բացակայում է կամքի ուժը, և դա ինձ շատ է խանգարում»
 

   Kiss.am

 
Հարց հոգեբանին. «Ինձ մոտ բացակայում է կամքի ուժը, և դա ինձ շատ է խանգարում»
 
Հարց
 
«Ինձ մոտ բացակայում է կամքի ուժը, և դա ինձ շատ է խանգարում: Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ»: (անծանոթ)
 
Պատասխան
 
Ողջույն: Նախքան ձեր բուն հարցին պատասխանելը փորձեմ մի փոքր ներկայացնել` ինչ է իրենից ներկայացնում կամքը, կամքի ուժ ասվածը, արդյո՞ք բոլոր մարդիկ ունեն կամքի ուժ, և եթե այո, ապա ինչպես զարգացնել այն: Սա կօգնի ձեզ, որպեսզի կարողանաք ավելի լավ պատկերացնել, հասկանալ, խորապես ըմբռնել ձեր խնդրի լուծման անհրաժեշտությունն ու կարևորությունը, կարողանաք սթափ գնահատել ստեղծված  իրավիճակը և արժեվորել սեփական կարողությունները:
 
Երբ մեր առջև որևէ նպատակ ենք դնում և ձգտում  հասնել դրան, ապա մեզանից հաճախ մեծ եռանդ, գործողությունների կազմակերպվածություն, հետևողականություն և ծագող դժվարությունները հաղթահարելու մեծ ընդունակություն է պահանջվում: Եթե զուրկ ենք այդ հատկություններից, ապա մեր առջև դրված նպատակին հասնել չենք կարող:
Կամքը սեփական գործողությունները գիտակցորեն կազմակերպելու և այդ ճանապարհով դրված նպատակին հասնելու ընդունակությունն է:  Կամքի անհրաժեշտությունը զգացվում է հատկապես այն դեպքում,  երբ նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտներ են հայտնվում, և մարդը հաղթահարում է դրանք: Կամքը սերտորեն կապված է ինքնագիտակցության, Ես–ի ուժի հետ:
 
Որոշ մարդիկ, հիմնականում կանայք, ասում են, որ իրենց կամքի ուժ հարկավոր չէ կամ՝ դա իրենց տրված չէ:  Նրանք ինչ-որ թեթևությամբ ասում են. «Դե, իմ մեջ չկա կամքի ուժ»: Չնայած, որ առավոտյան մարզանքը և սառը   ցնցուղը շատ հանգիստ հետաձգում են մինչև մյուս երկուշաբթի  կամ հանում են հերթական ծխախոտը տուփից, և արվում է էլի ինչ-որ մի բան, որից պետք է հրաժարվել:  Այսպիսի մարդիկ պարզապես կեղծավորություն են անում ուրիշների առաջ կամ փորձում են  դրանով թաքցնել իրենց իսկ թերությունները:
 
Մի՛ ասեք, թե ձեր մեջ կամքի ուժը բացակայում է: Դա ինքնախաբեության, հոգեկան թուլության, ինչու չէ  նաև հոգեկան «ծուլության» նշան է: Պարզապես ձեզ հարմար է լինել «զոհի» կարգավիճակում: Չեք ցանկանում, վախենում եք  խոստովանել ինքներդ ձեզ, որ ուժեղ եք, որ ընդունակ եք հաղթահարել խոչընդոտներ, լուծել խնդիրներ: Դուք պարզապես խուսափում եք դժվարություններից:
 
Այն, որ այսօր ձեր հարցով դիմել եք հոգեբանի` ակնկալելով աջակցություն, դա արդեն մեծ առաջընթաց է, քանի որ դուք ցանկանում եք լուծում տալ ձեր խնդրին:
Թույլ, փոքրիկ, նույնիսկ աննշան՝ բայց բոլոր մարդկանց  մեջ էլ կամքի ուժ կա: Պարզապես պետք  է կարողանալ հասկանալ, թե այն ինչ մակարդակի վրա է գտնվում ձեզ մոտ և ինչպես ճիշտ զարգացնել այն:
Սկսեք կանխամտածված կատարելագործվել` հենց ձեզանում դաստիարակելով կամքի ուժը:
 
Կամքի ուժի զարգացումը շատ դժվար գործընթաց է: Չէ՞ որ դա բռնություն է ինքդ քո հանդեպ. ստիպված լինել անել այն, ինչը չես ուզում անել կամ հակառակը`  հրաժարում նրանից,  ինչը շատ ես ուզում: Իմ կարծիքով, ավելի լավ է այն զարգացնել սպորտի միջոցով. տարբերություն չկա ինչ տեսակի: Սպորտում անընդհատ ստիպված ես լինում հասնել ինչ-որ արդյունքի`  հաղթահարելով տարբեր դժվարություներ և քո երկրորդ Ես-ը: Հենց այդ երկրորդ Ես-ը, որը խնդրում է քեզ առավոտյան պառկել անկողնում ևս հինգ րոպե, չնայած նրան, որ դու արդեն ուշանում ես... Հենց այդ Ես-ն է, որը ստիպում է գնել ևս մի կարկանդակ կամ մեկ տուփ ծխախոտ, չնայած, որ դու արդեն երեկ խստորեն որոշել էիր այլևս չգնել դա: Դա այն Ես-ն է, երբ  կտրականապես խզել ես քո բոլոր կապերը սիրելիիդ հետ, իսկ նա շարունակում է խնդրել, աղաչել քեզ. «Եվս մեկ զանգ, վերջին անգամ», չնայած որ այդ «վերջին»-ը  միշտ էլ որպես անկատար «վերջին» է մնում: 
 
Այդ երկրորդ Ես-ը կա ամեն մարդու մեջ, և համարյա մեզանից յուրաքանչյուրը ամեն օր շատ անգամներ նրա հետ մտնում է պայքարի մեջ: Եվ այստեղ, ինչպես սպորտում, դու զգում ես և’ հաղթանակի ուրախություն, և՛ պարտության կսկիծ, կարծես դու պայքարում ես ուրիշ անձի հետ: Եվ այն, թե ինչքան շատ ես հաղթում այդ պայքարում, ցույց է տալիս քո  կամքի ուժի զարգացման աստիճանը: Չնայած   դու «երկուսն ես մեկում»,  բայց դու առաջինն ես: Եվ դա նշանակում է, որ տերն էլ հենց դու պետք է լինես: Նա, ով արդեն թողել է պայքարը, նման է այն ամուսնուն, ով անում է կնոջ ամեն մի ասածը` արժանանալով խղճահարության և անտեսվածության:
 
Սպորտով զբաղվելը չպետք է նման լինի դպրոցի ֆիզկուլտուրային` շաբաթը մեկ կամ երկու անգամ, որպեսզի կիսել դասը, միևնույն ժամանակ ուրախ անցկացնել ժամանակը: Դա չպետք է լինի սպորտ սրահ գնալու նման, այլ հենց պարապմունք: Եվ հենց այդ պարապունքը սկսվում է միայն այն ժամանակ,  երբ ձեր առջև դնում եք հստակ նպատակ, խնդիր` վազել 1 ժամում 20 պտույտ, հետո` 30, 40 և այդպես շարունակ:
 
Այդ դեպքում  անպայման կգա պահը, երբ ձեր երկրորդ Ես-ը կբղավի «հերի՛ք է, այլևս չեմ կարող, ինչի՞  համար է այս ամենը, և հնարավոր է՝ սա վտանգավոր է»: Եվ դա այն պահն է, որ ձեզ հարկավոր է: Հիմա ձեր թշնամին երկրորդ Ես-ն է: Նայե՛ք առարկաներին և երևույթներին հետևյալ կերպ`  դուք  պարտվում եք ոչ թե   հակառակորդին, որին ոչ մի կերպ չեք հասնի, այլ  զիջում եք ձեր երկրորդ Ես-ին: Եվ պայքարեք ոչ թե հակառակորդի, այլ   ձեր երկրորդ Ես-ի հետ: Հիշե՛ք, թե քանի անգամ է նա ձեզ հուսախաբ արել, դավաճանել: Բարկացե՛ք նրա վրա, անիծեք նրան, ուղարկեք ինչքան հնարավոր է հեռու` գրողի ծոցը: Նրան պետք է սեղմել ամեն ձևով: Եթե դուք նրան զիջեք, մի՛ ենթարկվեք նրան, դուք հաղթողն եք: դուք հաղթել եք, նույնիսկ, եթե   չեք հասել ձեր առջևից վազողին: Եթե   հաղթել եք մարտը` վեճը ինքներդ ձեզ հետ, ապա անպայման կզգաք այդ պահը: Պարապմունքներից հետո ձեզ կզգաք թուլացած, բայց միևնույն ժամանակ ձեզ մոտ կնկատեք զգացմունքային ֆոնի բարելավում: Կրկնում եմ, սպորտաձևը կարող է լինել ցանկացած` բռնցքամարտ, լող, պար, շախմատ: Կարևորը պարապմունքների ինտենսիվությունն է:
 
Հաջողությունը գալիս է միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուր պարապմունք բերում է մարդուն նրա հնարավորության սահմանները: Բոլոր գործողությունները օգտագործելով կամային ուժի դաստիարակության մեջ` դուք պետք է բարձր տեմպերով և հագեցած անցկացնեք պարապմունքը: 
 
Բայց, եթե սպորտը ձեզ մոտ այդքան էլ լավ չի ստացվում, դա դեռ դժբախտություն չէ: Ամենօրյա կյանքը տալիս է անսահման, բազում հնարավորություններ ինքնակատարելագործման համար: Ամբողջ օրվա ընթացքում մենք լինում ենք շատ տարբեր իրավիճակներում, որտեղ մեզ անհրաժեշտ է   լինում ընդունել որոշումներ, անել կամ չանել որևէ բան, իսկ եթե անել, ե՞րբ և ինչու՞: Եվ հաճախ մենք փոխհամաձայնության ենք   գալիս և ընդունում ենք ոչ այնպիսի որոշումներ, որոնք  հեշտ է կատարելը: Հենց այստեղ և պետք է լարել կամքը, ստիպել ձեզ ինչ-որ բան անել, ստիպել մտածել: Դա է պատճառը, որ ոչ ոք չի ստիպում ձեզ անել այն, ինչը ձեզ անհրաժեշտ կամ հարմար է: Եվ, եթե ինչ-որ մեկը կստիպի ձեզ, նշանակում է ստիպում է ձեզ մտածել և անել այնպես, ինչպես նրան է անհրաժեշտ: 
 
Որպեսզի նրա դեմ ելնել, ձեզ կրկին պետք կգա լարել կամքը, որպեսզի գնալ կյանքի այն ուղղությամբ, որը ձեզ է պետք, այլ ոչ թե լողալ այնտեղ, ուր դուք ստիպված կլինեք հաճախ լարել ձեր  միտքն ու կամքը:
Ձեր կամքի ուժը, ինչպես մկանը, հաճախակի լարումներից կդառնա ավելի ուժեղ և ամուր: Եվ, երբ դուք բավականին կամրապնդեք ձեր կամքի ուժը, նրա հաճախակի լարումը այլևս չի   առաջացնի անհանգստություն, լարվածություն և այլ  տհաճ զգացողություններ` ինչպես  սկզբում: Բացի այդ՝ դուք կտեսնեք, որ ձեր կյանքը կփոխվի դեպի լավը:
 
Վերջում կցանկանայի պարզապես մի խորհուրդ տալ ձեզ, որը հնարավորություն կտա մարզելու  կամքի ուժը և կօգնի զգալ հոգեպես ուժեղ. խոստովանե՛ք ինքներդ ձեզ, թե տվյալ պահին ինչն եք ամենաքիչը ուզում և փորձեք  անել հենց այդ «ամենաքիչը»: Եվ մի փոքրիկ հիշեցում` անհրաժեշտ է հասնել վարժությունների արդյունավետությանը` ուղղված կամքի ուժի դաստիարակությանը: Անիմաստ ծախսված ուժը ավերում է կամային հնարավորությունները:
Հաջողություն եմ մաղթում ձեզ և վստահեցնում, որ ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ անհնարինն է հնարավոր դառնում:
 
Հարգանքներով`  Անուշիկ Պետրոսյան, հոգեբան:
 
 

 
Հատվածներ Հայկ Բլբուլյանի «Գիշերային կյանք» ռադիոծրագրի ուղիղ եթերներից:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/vol5/kamqiuzh1.jpg

Կատեգորիա: Տղամարդիկ | Ավելացրեց: Admin (08.11.2013) | Հեղինակ: Kiss.am W
Դիտումներ: 3482 | Տեգեր: Հոգեբանություն, հասնել հաջողության, կամքի ուժ, Հարցեր հոգեբանին | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ