20:15
Կինը և կարիերան. երբ մայրիկն աշխատում է...

Կինը և կարիերան. երբ մայրիկն աշխատում է...

 

Ոչ թե քանակ, այլ որակ

Քսան տարի առաջ երեխաների զարգացման հարցերում մասնագիտացած անգլիացի հոգեբան Ջեյ Բելսկին հայտարարեց, որ շաբաթվա ընթացքում մոտ 20 ժամ դայակների ու դաստիարակների հսկողության տակ մեծացող երեխաները կարող են հեռանալ իրենց մայրերից, ինչպես նաև տարբեր բարդույթներ ունենալ, որոնք դեռահասության շրջանում անպայման գլուխ կբարձրացնեն: Նրա հայտարարությունից հետո շատ աշխատող մայրիկներ շտապեցին աշխատանքից ազատման դիմում գրել: Սակայն ոչ բոլոր հոգեբաններն են Բելսկու կարծիքին: Նրանցից շատերը գրում են, որ կարևորը երեխայի կողքին մոր անցկացրած ժամերի քանակը չէ: Համաձայնեք՝ տնային տնտեսուհի մայրը ոչինչ չի անում երեխայի համար, եթե ամբողջ օրվա ընթացքում մեջքով է կանգնած երեխային ու կաթսաներն է փայլեցնում, մինչդեռ կես ժամ լինելով երեխայի կողքին՝ կարելի է նրա կյանքը հագեցնել տարբեր հետաքրքրություններով: Իսկ այդքան ժամանակ կարող են հատկացնել նաև ամենազբաղված գործարար կանայք՝ երեխային հաղորդելով իրենց սերն ու քնքշանքը, հոգատարությունն ու խնամքը:
Կնոջ կարևորագույն առաքելությունը երեխա լույս աշխարհ բերելն է: Իսկ երբ մանկիկն արդեն սեփական ոտքի վրա է կանգնած, կնոջ մեջ մի կարևոր հարց է ծագում՝ արդյոք աշխատանքի անցնելու ժամանակը չէ՞: Բավական է չորս պատերի ներսում նստել:

Հավանաբար այս հարցն իրենց միայն նվիրյալ տնային տնտեսուհիները չեն տալիս, քանի որ նրանք իրենց այնքան էլ վատ չեն զգում հենց այդ չորս պատերի ներսում: Մյուսները մտածում են, որ կարելի է համատեղել տնային գործերն ու աշխատանքը: 

Խորհրդային շրջանում՝ հետպատերազմյան տարիներին, աշխատող կանայք շատ շուտ էին վերադառնում աշխատանքի՝ ծննդաբերելուց ընդամենը մի քանի ամիս անց: Սակայն վերջին տասնամյակներին Հայաստանում ու Ռուսաստանում օրենքը թույլ էր տալիս երեխայի կողքին երեք տարի նստել: Ինչ վերաբերում է արևմտյան երկրներին, օրինակ՝ Գերմանիայում ծննդաբերած կանանց, որոնք հետծննդյան արձակուրդում են, վճարում են միայն 14 շաբաթվա համար, Ֆրանսիայում՝ 16, Մեծ Բրիտանիայում՝ 26, իսկ ահա Ամերիկայի Միացյալ Նահանագներն ընդհանրապես ոչինչ չի վճարում:

 

Բաժանման պահը մոտենում է

Ըստ օրենքի՝ կանայք երեք տարի չեն աշխատում և պահպանում են աշխատատեղը: Թեև լինում են նաև դեպքեր, երբ կանայք ստիպված են լինում ավելի շուտ աշխատանքի վերադառնալ: Ոմանք փողի պակաս են ունենում, ոմանք չեն կարողանում լեզու գտնել ամուսինների հետ (երբեմն տղամարդիկ սարսափելի բռնապետ են դառնում այն պահից, երբ կինը տանն է նստում), երրորդները հոգնում են երեք տարի շարունակ երեխայի հոգսերով զբաղվելուց, իսկ որոշ կանայք էլ չեն կարողանում առանց ստեղծագործական կյանքի (համաձայնեք՝ ամեն օր միայն ճաշ եփելն ու լոգարան մաքրելն այնքան էլ հաճելի զբաղմունք չեն):

Սակայն հոգեբանները պնդում են, որ պետք է որոշում կայացնել՝ ելնելով երեխաների կարիքներից: Նրանց կարծիքով՝ մայրիկները կարող են աշխատավայր վերադառնալ միայն այն ժամանակ, երբ երեխաները պատրաստ են բաժանվել իրենցից, իսկ դա տեղի է ունենում միայն 2-3 տարեկանում: 

Մինչև մեկ տարեկան երեխաները մեծ դժվարությամբ են դիմանում ծնողների բացակայությանը: Առաջին ամիսներին մանկիկներն սկսում են հարմարվել կյանքին. երբ նրանց գրկում է մայրիկը, կաթ է տալիս, տակաշորերը փոխում, քնեցնում, նա իրեն կատարյալ երջանիկ է զգում, այլևս ոչնչի կարիք չունի: Իսկ երբ մայրիկը բացակայում է, երեխային թվում է՝ աշխարհը շուռ է եկել: Մոր բացակայության ժամանակ երեխան կարող է անհանգիստ լինել, կամակոր դառնալ, հրաժարվել ուտելիքից և այլն:     

 

Հիմնական    կապվածությունը դրսևորվում է 7 ամսականից մինչև 2.5 տարեկանն ընկած ժամանակահատվածում: Այս կապվածության ընթացքում երեխաները շատ բուռն են արձագանքում նույնիսկ մոր՝ հարևան սենյակում եղած րոպեներին: Այնուամենայնիվ հոգեբանները խորհուրդ են տալիս հաշվի նստել երեխաների զգացմունքների հետ, այդ դեպքում բաժանումը երկուսի համար էլ ավելի հեշտ կլինի:

 

Մանկապարտեզ, խնամակալ, տատիկ

Կինը և կարիերան. երբ մայրիկն աշխատում է...Այն պահից, երբ սկսում եք մտածել կրկին աշխատանքի անցնելու մասին, հարց է առաջանում՝ ում մոտ կարելի է թողնել երեխային: Ձեր կարծիքով՝ նա բավական հասուն երեխա է և պատրաստ է «մեծական» կյանքի: Կարելի է մանկապարտեզ ուղարկել: Միայն թե սկզբնական շրջանում լավ կլինի, որ երեխային այնտեղ տանեք միայն զբոսանքի ժամերին, ապա օրվա կեսը թողեք պարտեզում, հետո, երբ նա արդեն կհարմարվի տարեկիցների ընկերակցությանը, կարող եք հանգիստ խղճով գնալ ձեր աշխատանքին:
    
Մանկապարտեզի ընտրությունը մեր օրերում ճաշակի ու հնարավորությունների խնդիր է: Շատ մանկապարտեզներում պահպանվել են նախկին «ավանդույթները», մսուր, ապա մանկապարտեզ ասվածներն ամեն տեղ միանման են՝ նախաճաշ, խաղեր, զբոսանք բակում, հեքիաթի ունկնդրում, քուն, ապա ճաշ, այս ամենից բացի սովորեցնում են հաշվել, կարդալ և այլն: Ամեն ինչ քիչ այլ է նորաբաց վճարովի մասնավոր մանկապարտեզներում, որտեղ հատուկ՝ անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր երեխային՝ աշխատելով նրա հետ ըստ նրա ունակությունների ու կարողությունների: 

Հանգամանքներն այնպես են դասավորվել, որ անպայման պետք է աշխատանքի՞ վերադառնաք մինչև երեխայի երեք տարին լրանալը: Ստիպված եք նրան կա՛մ մսուր-մանկապարտեզ տանել, կա՛մ դայակ վարձել, կա՛մ էլ խնդրել տատիկներից որևիցե մեկին հոգ տանել թոռնիկի մասին, մինչև կվերադառնաք աշխատանքից:

Առաջին ամենահարմւսր տարբերակը, իհարկե, մսուրներն են, սակայն մի խնդիր կա. դաստիարակչուհիները հիմնականում պահանջում են, որ երեխաներն արդեն վարժված լինեն գիշերանոթից օգտվելուն, կարողանան ինքնուրույն գդալ օգտագործել: Դայակ վարձելը նույնպես հարմար է, եթե, իհարկե, ֆինանսական վիճակը թույլ է տալիս, և վստահում եք տվյալ անձնավորությանը: Լավ է, երբ մինչև այդ ճանաչում ես դայակին, այդ դեպքում խնդիրներից ավելի հեշտ է խուսափելը: 
Ինչևէ, ստացվում է այնպես, որ երեխայի խնամքն այնուամենայնիվ պետք է հանձնել տատիկին, եթե, անշուշտ, նրա առողջությունը ներում է, և նա էլ դեմ չէ ամբողջ օրը երեխայի կողքին անցկացնել:

 

Որպեսզի ցավալի չլինի

Այս ամենը, իհարկե, հարցի միայն տեխնիկական կողմն է: Հոգեբանները հավաստիացնում են, որ բոլոր մայրիկները, ովքեր փոքր տարիքից մենակ են թողել երեխային ու վերադարձել են աշխատանքի, ամբողջ կյանքում ապրում են խղճի խայթով, քանի որ կարծում են՝ երեխային զոհաբերել են՝ տուրք տալով իրենց քմահաճույքներին ու հետաքրքրություններին: Նրանք կարծում են՝ լավ մայրն ամբողջ օրը պետք է անցկացնի երեխայի կողքին, ոչ թե նստի գրասենյակում: Այս կարծիքին են նույնիսկ այն կանայք, ովքեր այլ ելք չունեն, միայնակ են մեծացնում երեխային, իրենք են հոգում ընտանիքի կարիքները: Մեղքը քավելու համար նրանք սկսում են երես տալ երեխաներին, կատարում են նրանց բոլոր քմահաճույքները՝ մեծացնելով նրանց երեսառած ու ինքնասածի: «Մամ, այն տիկնիկը գնիր ինձ համար, նրա հետ ես այնքան էլ միայնակ չեմ զգա, քանի դու քո զզվելի աշխատավայրում ես»: Նման արտահայտություններով գրեթե բոլոր փոքրիկներն են մատների վրա խաղացնում մայրիկներին: Չէ՞ որ նրանք իրենց մեղավոր են համարում:
Կանայք այլ կերպ էլ են փորձում քավել իրենց «մեղքը»: Աշխատող մայրիկները ծանր աշխատանքային օրվանից հետո ջանում են հնարավորինս ծառայել իրենց երեխաներին. բացառապես տանը պատրաստած կերակուր են տալիս, եթե նույնիսկ դրա համար ստիպված են ամբողջ գիշեր չքնել ու պատրաստել, հագուստները ձեռքով են լվանում, որպեսզի այն լվացքի մեքենայի մեջ չհայտնվի, նրան տանում են տարբեր խմբակներ, քնելուց առաջ օրորում են, հեքիաթ պատմում: 

 

Ի վերջո նյարդային խախտված համակարգը խոստանում է մի օր անպայման տեղի տալ: Հնարավոր չէ լինել գործարար կին և միաժամանակ կատարյալ տնային տնտեսուհի: Հնարավո՞ր է ազատվել ներքին ալեկոծումներից.

 

• Եթե համոզված եք, որ աշխատանքի գնալով՝ ձեզ լավ եք զգալու, ապա հաճախ կրկնեք հետևյալ նախադասությունը. «Եթե ինձ լավ զգամ, ապա դա հաճելի կլինի նաև իմ փոքրիկին»: Հակառակ պարագայում երեխան ամեն անգամ ձեզ կհիշեցնի, որ դուք իրեն մենակ եք թողնում ու գնում աշխատանքի:

• Թույլ մի տվեք, որ խիղճը խայթի ձեզ, մի՛ փորձեք ամեն անգամ ինքներդ ձեզ համոզել, հր կարևոր է նաև աշխատանքը:    Հաջողակ ու առույգ լինելն ամենևին էլ վատ չէ: Շատ երեխաներ, հատկապես դեռահասության շրջանում, հիանում ու պարծենում են իրենց մայրիկներով, ովքեր, բացի խոհանոցում համեղ ուտելիքներ պատրաստելուց, իրենց փայլուն են դրսևորում նաև աշխատավայրում: Ըստ հոգեվերլուծաբանների՝ ձեր ձգտումը դեպի աշխատանքը, կարիերան կարող են ենթագիտակցական բնույթ կրել: Հիշեք ձեզ տարիներ առաջ, հնարավոր է՝ դուք ավելի նման եք եղել ձեր գործարար հորը, ձեզ ավելի հարազատ է նրա կերպարը: Ամեն կին էլ կարող է լավ տնտեսուհի լինել, մինչդեռ գործարար կին լինել ոչ բոլորին է տրված:

• Երեխան դեռ փոքրիկ է կամ հաճախ է հիվանդանում, ուրեմն անհրաժեշտ է, որ հերթափոխային աշխատանք գտնեք կամ, օրինակ, երկու օր աշխատեք, երկու օր տանը լինեք: Ավստրալիացի հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ հերթափոխով աշխատող կանանց երեխաներն ավելի առողջ են ու ոչ այնքան ծանրաքաշ, քանի որ նրանք ամեն օր չեն մայրիկների եփած համեղ ու յուղալի ուտելիքները ճաշակում:

• Վատ տարբերակ չէ նաև տնայնագործությամբ զբաղվելը: Այս աշխատանքը շատ հարմար է հատկապես լրագրողների, թարգմանիչների, մերսողների, վարսավիրների պարագայում: Եկամտի մեծությունն առավելապես կախված է ձեր ծանոթությունների ու կապերի շրջանակից, ձեր կարողություններից ու ինքնակառավարումից, քանի որ ոչ բոլորը կարող են հարևան սենյակ «աշխատանքի» գնալ, այն դեպքում, երբ երեխան պահանջում է խաղալ իր հետ, կամ ընկերուհին երկար խոսում է հեռախոսով: Եթե տանն առանձին աշխատանքային սենյակ չկա, ապա մի քիչ բարդ կլինի աշխատելը, քանի որ փոքրիկն անդադար կառչելու է ձեր ոտքերից:

• Եթե աշխատում եք ու ոչ մի պահ չեք կարող բացակայել, ապա հարկավոր է հնարավոր ամբողջ ժամանակը հատկացնել փոքրիկին: Թողեք կենցաղային գործերը շաբաթ-կիրակի օրերին, միևնույն է, դրանք երբեք չեն ավարտվում: Խնդրեք մտերիմներից որևէ մեկին օգնել ձեզ (եթե միջոցները թույլ են տալիս, աշխատող վարձեք), իսկ դուք խաղացեք երեխայի հետ, կարդացեք, կրկես, թատրոն տարեք: Երբեմն շուտ պառկեք քնելու, մանկապարտեզ մի՛ տարեք, եթե այդ օրը տանն եք մնալու: Իսկ աշխատանքի գնալիս անպայման ժպտացեք, եթե նույնիսկ ձեր սրտից արյուն է կաթում, անպայման հրաժեշտ տվեք նրան դուրս գալուց առաջ, ոչ մի դեպքում մի՛ անհետացեք նրա աչքից, քանի որ նա կդադարի հավատալ ձեզ: Երբեք ձեր աշխատանքի գնալը մի՛ պատճառաբանեք գումար վաստակելով, քանի որ երեխային ոչ թե ձեր վաստակած գումարն է հարկավոր, այլ իր մայրիկը, ավելի լավ է ասել նրան, որ շուտ եք վերադառնալու և միասին հաճելի երեկո եք անցկացնելու, որևէ հետաքրքիր բանով եք զբաղվելու:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Կինը և կարիերան | Դիտումներ: 804 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Կինը և կարիերան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ