10:47
Կին ղեկավարի «սայթաքումները»


Դառնալով ղեկավար` կինը հաճախ վերափոխվում է «ձյունե թագուհու», իսկ քնքուշ բարի կինը` «հոգատար մայրիկի»: Կան սխալներ, որոնք հատուկ են միայն կին ղեկավարներին: Բայց միանգամայն հնարավոր է հրաժարվել այդ սխալներից և ղեկավարել տղամարդկանցից ոչ պակաս արդյունավետ:



ՍԽԱԼ 1

Հաճախ կանայք չեն կարողանում իրենց հույզերը զսպել, նրանք աշխատանքը չեն առանձնացնում անձնական տառապանքներից: 
Կին ղեկավարներին պայմանականորեն կարելի է բաժանել 2 խմբի` «ձյունե թագուհիներ» և «հոգատար մայրիկներ»:

«Ձյունե թագուհի»

Որպեսզի իրեն լուրջ վերաբերվեն, այս տիպի կին ղեկավարն ընտրում է առաջին հայացքից ամենաճիշտ  ճանապարհը` անմիջապես բոլորին ուզում է ցույց տալ, որ խիստ ու պահանջկոտ է, ոչ մեկին չի թույլատրում անցնել «դու»-ի: Բոլորին վերևից է նայում, իրեն ամբարտավան, գոռոզ է պահում:  
Այս տեսակի կին ղեկավարը հարգանքի արժանանալու համար ստիպված  ստանձնում է օտարոտի դեր. ստորադասների հետ հարաբերություններում միշտ որոշակի հեռավորություն է պահում, հստակ հանձնարարություններ է տալիս և պահանջում կատարել կոնկրետ ժամկետներում: Աշխատողները վախենում են այսպիսի ղեկավարի ցասումից:  

«Հոգատար մայրիկ»

Այս տիպի կին ղեկավարներն այլ մեթոդներ ունեն: Նրանք աշխատում են ամեն մի աշխատողի մասին ամեն ինչ իմանալ, աշխատողներին էլ պատմում  են իրենց մասին. օրինակ` աշխատողը տեղյակ է, որ իր ղեկավարը խնդիրներ ունի սկեսուրի հետ: Աշխատակազմը, կարծես, մի ընտանիք լինի, բոլորի համար կարևոր են ոչ միայն աշխատանքային, այլ նաև անձնական խնդիրները: 

Թվում է թե այս տիպի կին ղեկավարների հետ աշխատելն ավելի հեշտ է: Սակայն նրանց աշխատանքը նույնքան անարդյունավետ է, որքան «ձյունե թագուհիներինը» : Այս երկու տիպի կին ղեկավարներն էլ չեն կարողանում վերահսկել իրենց հույզերը: «Ձյունե թագուհիները» ծայրահեղության մեջ են ընկնում և մարդկանցից այնքան են օտարանում, որ նրանցից սկսում են խույս տալ: «Հոգատար մայրիկների» չափից դուրս մոտ հարաբերությունները կարող են անցանկալի հետևանքներ ունենալ: «Ձյունե թագուհիները» թուլություն չեն դրսևորում և հասարակության մեջ ինքնուրույն կնոջ տպավորություն են թողնում: Նրանք չեն հետաքրքրվում իրենց աշխատողի խնդիրներով ու ցանկություններով: Մարդիկ մշտապես հսկողության տակ են: Այդպիսի ղեկավարները վանում են աշխատողներին: Չէ՞ որ բոլորն ուզում են, որ իրենց գնահատեն. այդ դեպքում մարդիկ սկսում են աշխատել մեծ էներգիայով ու խանդավառությամբ:  
«Ձյունե թագուհիները» կարող են ստիպել աշխատողներին, որ կատարեն իրենց պարտականությունները, բայց նրանց չեն կարող ոգեշնչել, խանդավառություն առաջացնել և օգտագործել նրանց ողջ տաղանդը: 
«Հոգատար մայրիկները» չափից շատ են հույզեր և զգացմունքներ «ներդնում» ծառայողների հետ հարաբերություններում: Սկզբից շատ հաճելի կլինի նրանց հետ աշխատելը, բայց եթե հանկարծ սխալվեք, ձեր ղեկավարի համար շատ դժվար կլինի նկատողություն անելը. չէ՞ որ դուք ընկերներ եք: Նկատողությունը, այնուամենայնիվ, արվում է, և դրան հաջորդում է հարաբերությունների ճգնաժամը: Այսպիսի պայմաններում աշխատողն իրեն ստորացված և դավաճանված է զգում, որովհետև «հոգատար մայրիկը» վերածվում է «վհուկի», և դուք մտածում եք. «Մի՞թե նա ինձ հետ ամառանոցում հանգստացող բարեհամբույր կինն է»: 
Շատ դժվար է գտնել աշխատողների հետ հարաբերության ճիշտ սահմանագիծը: Անհրաժեշտ է աշխատողի հետ մոտիկ լինել այնքան, որ կարողանաս իմանալ, թե ում  հետ ես աշխատում, և անհրաժեշտ է հեռու լինել այնքան, որ կարողանաս ղեկավարել: 

ՍԽԱԼ 2

Բոլոր կին ղեկավարներն աշխատում են աշխատավայրն իդեալական կահավորանքով վերածել փոքրիկ դրախտավայրի. այնտեղ չպիտի լինեն վիրավորանք, հիասթափություն, տառապանք: Բայց նրանց աշխատողները միշտ դժգոհ են: Ոչ մի վատ բան չկա, եթե մարդկանց հնարավորություն է տրվում հարմարավետ զգալու, բայց դժբախտությունն այն է, որ մարդիկ սկսում են ավելին պահանջել: Ավելի լավ է հրդեհը կանխել, քան հետո մարել: Բայց եթե արդեն բոցավառված է, մնում է աշխատակցի հետ անկեղծ զրույց վարել և բացատրել, որ նրանք աշխատանքի են ընդունվել ոչ թե «դրախտի պտուղները վայելելու», այլ մեկ նպատակի համար` ընդհանուր գործի իրականացման: 

ՍԽԱԼ 3

Կին ղեկավարները չափից ավելի են հնարավորություններ տալիս անհուսալի մարդկանց: Եթե ինչ-որ մեկի կենսագրությունը լավն է, հարցազրույցի ժամանակ էլ իրեն բավականին լավ է դրսևորում և ընդունվում է աշխատանքի, բայց երբ հերթը հասնում է իր պարտականությունների կատարմանը և նա չի կարողանում կամ թերանում է, կին ղեկավարը չի կարողանում կտրուկ որոշում կայացնել և այդպիսի աշխատողին միանգամից աշխատանքից հեռացնել: Նա մտածում է. «Գուցե ընտանիք է կերակրում»… Կին ղեկավարը նախ այդ աշխատողի պարտականություններն է փոխում… Մի քանի հնարավորություններ տալուց հետո միայն որոշում է հեռացնել: 
Այս ամենի պատճառներից ամենակարևորն այն է, որ կինն ավելի կարեկցող է, բացի այդ` կինը չի ուզում հրապարակայնորեն խոստովանել, որ սխալվել է իր ընտրության հարցում, մանավանդ եթե աշխատակազմը հիմնականում տղամարդիկ են: Նրան թվում է, թե դրանով իր վարկանիշը` որպես ղեկավարի, կընկնի, մինչդեռ ընդհակառակն, ղեկավարի հեղինակությունը բարձրանում է այն ժամանակ, երբ նա խոստովանում է, որ ինքը սխալվել է և գիտի, թե ինչպես կուղղի իր սխալը: 

ՍԽԱԼ 4

Կին ղեկավարն անընդհատ կարիք ունի հուսալի խորհրդատուի: Կանայք փնտրում են մեկին, որը և' խորհրդատու-օգնական կլինի, և'  ուսուցիչ, և'  ընկեր: Նրանք լավ են կողմնորոշվում այնպիսի մեկին գտնելիս, որի հետ կարող են ցանկացած հարցում խորհրդակցել: Ի տարբերություն կին ղեկավարի, տղամարդ ղեկավարն աշխատում է ամեն ինչ ինքնուրույն վճռել:      

ՍԽԱԼ 5

Շատ կանայք հակված են կազմակերպության նշանավոր հաջողությունները վերագրել իրենց, դա բնությունից է տրված նրանց: Հենց որ կինը ղեկավար է դառնում, մտածում է, որ ամեն ինչ իրենից է կախված: Շատ կարևոր է հասկանալ, որ պետք է մտածեք ոչ թե ձեր, այլ կազմակերպության հաջողությունների և աշխատակիցների մասին: 
Կարիերա սկսելով` դուք մոռանում եք թիմի հետաքրքրությունների մասին, և առաջին պլան է մղվում ձեր պատվախնդրությունը: Դուք հետևում եք ձեր խոսքին, հագուկապին. ձեզ հետաքրքրում է, թե ինչ տպավորություն եք թողնում մարդկանց վրա: Կարևոր է հասկանալ, որ առաջին հերթին դուք ներկայացնում եք ողջ աշխատակազմը… Դուք հաջողությունների կհասնեք, եթե աշխատակիցներն իրենց գործը լավ կատարեն: Կազմակերպության բոլոր աշխատողների հաղթանակը ձեր հաղթանակն է: Գործնականում բոլոր ղեկավարները մոռանում են այդ մասին:
Բայց կանանց մոտ ավելի շատ խնդիրներ են ծագում: Երբ կինը դառնում է ղեկավար, դեռ երկար ժամանակ կատարում է իր առաջվա աշխատանքային պարտականությունները: Նա երկար ժամանակ չի հավատում իր հաջողությանը, բայց չափազանց հուզական լինելու պատճառով հնարավոր է նաև, որ վրա հասնի «աստղային հիվանդությունը»: 

Ձերբազատվե'ք այս սխալներից և ձեր ղեկավարած կազմակերպության հաջողություններն ակնհայտ կլինեն, իսկ դուք կդառնաք հարգված ու սիրված «տիրուհի»:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Կինը և կարիերան | Դիտումներ: 2590 | Ավելացրեց: Admin | Տեգեր: հասնել հաջողության, Կինը և կարիերան, կարիերա, աշխատանք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ