Կան մարդիկ, որոնց մոտ երազանքները
կատարվում են ավելի հաճախ և արագ: Ինչպե՞ս հայտնվել նրանց շարքերում: Շատ
ցանկանաս, քիչ կստանաս` սովորաբար հեգնում են երազող մարդկանց: Իրական
կյանքում ամեն ինչ ճիշտ հակառակն է` ինչքան մարդ ուզում է, այնքան շատ էլ
արդյունքում ստանում է:
Ի՞նչն է քեզ խանգարում
Մինչև նպատակդ իրականացնելը, փորձիր բացահայտել թաքնված պատճառները, որոնք
կարող են խանգարել քեզ իրականացնել երազանքներդ: Ահա դրանցից մի քանիսը:
Ցածր մոտիվացիա
Դու միշտ երազանքների իրականացումը թողնու՞մ ես հաջորդ օրվան: Դա հաճախ է
պատահում, հատկապես այն դեպքում, երբ ընտրածդ նպատակն ամենևին էլ քոնը չէ:
Այն քեզ պարտադրել է շրջապատիցդ ինչ-որ մեկը (ամուսին, տնօրեն, հարազատներ)
կամ սեփական նախանձը (ինչու՞ ընկերդ (ընկերուհիդ) պետք է խոսի երեք
լեզվով, իսկ դու`ոչ ): Մոտիվացիան ծնվում է մեր ներսում սեփական
ցանկությունների հետևանքով: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ես ստանալու
թափած ջանքերի արդյունքում: Ինքդ քեզ մղիր գործողությունների` խնդրիր,
համոզիր, ստիպիր քեզ մի քայլ առաջ գնալ դեպի երազանքիդ իրականացումը:
Ապագայի հաջողությունների վառ պատկերները կօգնեն քեզ այլևս չհետաձգել
մտադրածը:
Ծուլություն
Երբեմն մեզ
համակում է անմարդկային մի ցանկություն` ոչինչ չանել: Ծուլությունը և
էներգիայի պակասը մեդալի երկու կողմերն են: Ծուլությունն ուղղակիորեն
կապված է հետաքրքրության կորստի հետ, հետևաբար` նաև մոտիվացիայի: Իսկ
էներգիայի պակասը հաճախ բացատրվում է թերագնահատմամբ` ես ի վիճակի չեմ
հասնել իմ ուզածին, ուրեմն չարժե ինչ-որ քայլեր անել: Փորձի՛ր խուսափել
նման մտքերից, ընդհակառակը, դու կարող ես ամեն ինչի հասնել:
Իմիջիայլոց, էներգիա կարելի է վերցնել կյանքի մյուս բնագավառներից: Սիրած
գործով զբաղվելիս մենք լիցքավորվում ենք դրական էներգիայով, ինչը
բարձրացնում է օրգանիզմի տոնուսը: Բաղադրատոմսը պարադոքսալ է. ցանկանու՞մ
ես մեքենա ունենալ, հաճախիր պարի խմբակ: Պարապմունքների ընթացքում դրական
էներգիա ստանալով` դրանք կարող ես ուղղել նպատակիդ իրականացմանը:
Վախ
Հայտնի բրազիլացի գրող Պաուլո Կոելյոն «Ալքիմիկոս» գրքում նշել է. «Միայն
մի բան կարող է անհնար դարձնել երազանքի իրականացումը` անհաջողության
վախը»: Եվ իրոք, ներքին վախերը և սահմանափակումներն ամենամեծ խոչընդոտներն
են նպատակին հասնելու ճանապարհին: Մարդը, վախենալով սխալներից, ոչինչ չի
նախաձեռնում: Հիշի՛ր, որ հաջողակ մարդիկ ավելի շատ են սխալներ թույլ տալիս,
սակայն չեն ընկճվում և առաջ են գնում: Մենք հաճախ վախենում ենք նաև
փոփոխություններից: Երբ սովորում ենք կյանքի ընթացքին, ցանկացած
փոփոխություն մեզ մոտ տագնապ է առաջացնում: Միակ միջոցն այն հաղթահարելու
քայլելն է նրան ընդառաջ և անսովոր քայլեր ձեռնարկելը:
Եթե ինչ-որ բան շատ ես ուզում, ամբողջ տիեզերքը կնպաստի նրան, որ երազանքդ իրականանա: ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՅՈ
Ինչպե՞ս գործել
«Ցանկությունները մեզ երբեք չեն տրվում առանց դրա իրականացման համար
ուժի»,- գրքերից մեկում նկատել է Ռիչարդ Բախը: Վերջ ի վերջո, տարօրինակ
կլիներ ամեն ինչում հույսը դնել Ոսկե ձկնիկի վրա, նա առանց այդ էլ շատ գործ
ունի:
1. Սկզբի համար վերցրու գրիչ և պատասխանիր հետևյալ հարցերին. Ի՞նչն է ինձ համար հիմա ամենակարևորը: Ինչի՞ եմ ձգտում, ի՞նչ եմ ուզում:
2. Մանրամասն նկարագրիր նպատակդ: Պատկերացրու, որ երազանքդ իրականացել է:
Ցանկանու՞մ ես Փարիզ գնալ: Ահա դու Էֆելյան աշտարակի վրա հիանում ես քաղաքի
գեղեցկությամբ: Եվ այսպես օրը մի քանի անգամ: 3. Պատկերացրու այն,
ինչը սիրում ես, ոչ թե ինչի կարիքն ունես: Եթե քեզ շտապ 3000 դոլար է
պետք, ապա ավելի հավանական է, որ դու դրանք չես ունենա, որովհետև քեզ
ղեկավարում է անհաջողության վախը: Ավելի լավ է մտովի տեսնել, թե ինչ ես
գնել այդ գումարով: Կարևոր է, որ դու ներքուստ հավատացած լինես, որ
կունենաս այդ ամենը:
4. Այժմ պետք է սնուցել զգացմունքները, առանց
դրա երազանքդ միայն պատվեր կմնա: Հիշի՛ր, թե ինչ ուրախություն ես զգացել,
երբ ստացել ես ուզածդ: Վերապրիր այդ զգացումը: Գտիր ուրախ կերպարներ`
կապված երազանքիդ իրականացման հետ, նրանք քեզ կօգնեն և դրական լիցքեր
կհաղորդեն:
5.Եթե նպատակդ մեծ է, բաժանիր փոքր փուլերի և պլան մշակիր: Երբ գիտես` ինչ պետք է անես, գործդ հեշտանում է: 6. Կողմնորոշվիր, թե ինչ ունես և ինչ է պետք նպատակիդ հասնելու համար: Միջոցներ մտածիր` ինչպես ձեռքբերել չունեցածը:
7. Գովիր ինքդ քեզ նույնիսկ ամենաննշան հաջողության համար: Դրական
զգացմունքները շատ կարևոր են, նրանք մղում են հետագա քայլերի: Մեր
ենթագիտակացությունը մեծ ուժ է, եթե կարողանանք այն կառավարել: Եվ հիշի՛ր. կյանքը հենց նրանով է հետաքրքիր, որ այստեղ երազները կարող են իրականություն դառնալ:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: