Վահան Տերյանի նամակը Մարթա Միսկարյանին
31.03.2014, 21:21
 

   

Վահան Տերյանի նամակը Մարթա Միսկարյանին

«…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին, չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին, վաղուց ծանոթ, մի ժամանակ մոտիկ և անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ և տարորեն-հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է, առհավետ հեռու մեկից: Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբևէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:

Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել՝ «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը և մոտիկից նայելը: Երբեմն՝ այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես և դուք, և համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են և սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:

Եթե ես սիրեի՜: … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրև ու անձրև:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:Իսկ ո՞վ կձայնի մեզ՝ մեռածներիս՝ «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝ հավատով ու տիրական` «սիրեցե՜ք և դուք կհաղթեք մահվան»:

Վահան Տերյանի նամակը Մարթա Միսկարյանին

Անձրև է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն, մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբ կմեռնեմ, և շուրջս մահվան լռությունը կտիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի, երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղաքուշ, պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության և մեղմ ուրախության մեղեդի:
Ախ, նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն, հավերժորե՜ն:
Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Ավելացրեց: Admin | | Տեգեր: Սերը և մեծերը, Տերյան, պատմական դրվագներ
Դիտումներ: 3300 | Վարկանիշ: 4.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ