Կլեոպատրայի
մնայուն կերպարը իբրև հեշտանքի թունդ մարմնավորում ձևավորվել է դեռ անտիկ
շրջանում: Միջնադարում Դանթեն նրան անվարան տեղադրում է դժոխքում` Շամիրամի
ու գեղեցիկ Հելենայի կողքին: Պուշկինի «Եգիպտական գիշերներ»-ի
Կլեոպատրան երեկոները հանձնվում է իրեն տենչողներին` պայմանով, որ
լուսաբացին կսպանվեն: Նրա կերպարին բազմիցս անդրադարձել են պատմաբաններ,
գրողներ, արվեստագետներ: Նրա մասին արտահայտվել են նախատինքով,
վրդովմունքով, անհաշտ թշնամանքով, բայց և ակամա հիացմունքով` արժանին
մատուցելով նրա վառ անհատականությանը: Այո', այդ կինն իսկապես կարող էր
լինել դաժան, գոռոզ, նենգ, չարաճճի, քնքուշ, խորամանկ, սակայն ոչ երբեք`
ձանձրալի ու պարզունակ:
Ի՞նչ է նրա մասին վկայում մեզ պատմությունը:
Կլեոպատրան ծնվել է մ.թ.ա. 69թ և մահացել 30թ.-ին: Նա սերում էր
Պտղոմեոսների արքայական տոհմից, որի հիմնադիրը Ալեքսանդր Մակեդոնացու
զինակիցն էր: Վեջինս մեծ զորավարի մահից հետո ժառանգեց փլուզվող
կայսրության մասը կազմող Եգիպտոսը: ՈՒստի Կլեոպատրան իր նախնիների նման ոչ
թե եգիպտուհի էր, այլ հույն:
Հոր մահից հետո նա, ըստ կտակի, պետք է
ամուսնանար եղբոր հետ և նրա հետ միասին ղեկավարեր երկիրը: Մինչդեռ
անչափահաս արքայազնի խնամակալների բանսարկություններով աղջիկը մեղադրվում է
եղբոր դեմ դավեր նյութելու մեջ: Պատժի սպառնալիքը կանխելու համար
Կլեոպատրան թաքնվում է, դառնում վտարանդի:
Այդ ժամանակ պատմական
բեմի վրա հայտնվում է մի նոր գործող անձ` Հռոմի դիկտատոր Հուլիոս Կեսարը,
որին պատերազմը բերել էր Եգիպտոս: Կլեոպատրան որոշում է իր բախտը հանձնել
մեծն հռոմեացուն: Որպեսզի չարակամները չխանգարեն իրենց հանդիպմանը, նա
դիմում է մի հնարքի. փաթաթվելով գորգերի մեջ` պառկում է նավակի հատակին:
Հավատարիմ ծառաները գորգերը հասցնում են Կեսարի նստավայրը և տարօրինակ բեռը
դնում նրա առջև: Շվարած հռոմեացին դիտում է, թե ինչպես ալեկոծվող գորգերից
դուրս է պրծնում մի աղջիկ:
Կլեոպատրայի 20-ը նոր էր լրացել,
Կեսարը` հիսունն անց էր: Արքայադուստրը, ի դեմս Կեսարի, ձեռք բերեց զորեղ
պաշտպան, որը գահի համար բռնկված պայքարում ապահովեց սիրուհու հաղթանակը:
Կլեոպատրան ձերբազատվեց թշնամի եղբորից (նա զոհվեց կռվում) և դարձավ
Եգիպտոսի միահեծան տիրուհին: Կյանքի աշունը թևակոխած Կեսարի համար իր
նոր սիրուհու մատաղ հասակի թարմությունն ու աշխուժությունը բախտի մի պարգև
էր: Նրանց մտերմությունը գնալով խորանում է և ընդհատվում միայն Կեսարի
սպանությամբ:
Տարիներ անց ճակատագիրը Կլեոպատրային կրկին մի
մեծանուն հռոմեացու հետ է կապում` եռապետ Մարկոս Անտոնիոսի: Գալով Կիլիկիա`
նա հրամայում է Կլեոպատրային ներկայանալ ու պատասխան տալ քաղաքական
մեղադրանքներին: Եգիպտուհին հայտնվում է, բայց ոչ մեղադրյալի տեսքով, այլ
խրոխտ կեցվածքով` նման դիցուհի Աֆրոդիտեին: Վստահ իր թովչանքին` նա
մոտենում է իր դատավորին, որն առաջին իսկ հայացքից հրապուրվում է և
դառնում ամբաստանյալի երկրպագուն:
Կլեոպատրան իսկույն նկատում է,
որ Կեսարի համեմատությամբ Անտոնիոսն ավելի հասարակ է և հակված հախուռն
վայելքների: Որպեսզի Անտոնիոսն ավելի ամուր կապվի իրեն, խորամանկ կինը չի
զսպում, ընդհակառակը` սեփական մասնակցությամբ հրահրում է նրա շվայտ վարքը:
Անվերջանալի խրախճանքների մասնակիցները սիրահար զույգի գլխավորությամբ
կազմում են «Աննմանների դաշինք»,
որի անդամները մրցում են խենթ կատակներ հնարելու արվեստում: Ճարպիկ կինն
ընկերակցում էր Անտոնիոսին անգամ զուտ տղամարդկանց վայել զվարճանքներում`
զառ էր խաղում, մասնակցում որսի:
Իսկ ինչպիսի՞ն
էր Կլեոպատրայի արտաքինը: Գուցե դա հիասթափեցնի ոմանց, բայց աշխարհի
մեծերին հափշտակող այդ կինն ամենևին էլ գեղեցկուհի չէր` բառի սովորական
իմատով: Անտիկ գրողները նշում են, որ նրա դիմագծերն անթերի չէին: Դա
սակայն, ոչ միայն չէր խանգարում նրա սիրային հաղթանակներին, այլև նույնիսկ
ինչ-որ անմեկին հմայք էր հաղորդում նրան:
Լիբիական քանդակ, Բեռլինի թանգարան
Թագուհին
ուներ պաղպատափայլ աչքեր, զգայական բերան: Նրա հայացքը, դիմախաղը, ժպիտը,
շարժուձևերը բնորոշ էին կանացի այն տիպին, որին անվանում են պիկանտ,
այսինքն` ծակող, ախորժագրգիռ: Կլեոպատրայի կեցվածքում, ճկուն, քայլվածքում`
մեկ սահուն ու նազելի. մեկ սրընթաց ու կայծակնային շարժումներով, օձային
ինչ-որ բան կար: Նրան ճշմարիտ համեմատում էին առասպելական կախարդ երգչուհի
Սիրենայի հետ: Նրա երգաձայն բազմերանգ խոսքը հմայում էր, իսկ սրամտությունն
ու բնատուր պերճախոսությունն առինքնում և համոզում էին զրուցակիցներին:
Սակայն այս կնոջ մտերմությունը ոչ միայն սիրո հաճույքներ ու խնդություն էր
բերում: Նրա խորհրդավոր հմայքը սիրահարին դարձնում էր անխոհեմ ու մոլոր:
Նա, ով կապվեր Կլեոպատրային, դատապարտված էր սայթաքելու, կատարելու
ճակատագրական սխալներ` վտանգի ենթարկելով իր հեղինակությունը, պատիվը,
կյանքը:
Պատմիչներն ափսոսանքով ու դառնությամբ են նշում, որ անցյալում առույգ ու տոկուն ռազմիկ Անտոնիոսը դառնում է եգիպտուհու «պոչը» և «փեշից բռնած»
կրկնում նրա քայլերը: Անտոնիոսն օգնում է թագուհուն վերացնելու երկրորդ`
կրտսեր եղբորը: Իր արշավանքների ավարը` գանձարաններ, քաղաքներ, կղզիներ, որ
պետք է հռչակվեր Հռոմի սեփականություն, նա տալիս է սիրուհուն: Պատմում
էին, որ մի անգամ քեֆի ժամանակ Անտոնիոսը հանկարծ, ի զարմանս ներկաների,
ծնկում է և սկսում շփել Կլեոպատրայի ոտքերը: Պարզվում է, որ նա կատարում է
տանուլ տված մի գրազի պայման:
Կլեոպատրային վիճակված չէր ճաշակել
ամուսնական առագաստի բերկրանքը: Ունենալով Կեսարից մեկ, իսկ Անտոնիոսից`
երկու երեխա` նա այդպես էլ չճանաչվեց օրինական կին` չնայած ճոխ հարսանեկան
նվերներին: Սեփական երջանկությունը նա կարող էր կառուցել միայն ուրիշների
բախտի ավերակների վրա: Իսկ երբ սիրային եռանկյունին կազմում են
պետությունների տիրակալներ, ապա անձնական կրքերի բախումն արձագանքում է
խմորումներով ու պատերազմներով:
Հրատապ գործերը կանչում են
Անտոնիոսին տուն, և Կլեոպատրան ակամա բաց է թողնում սիրեկանին ճանկերից:
Իտալիայում Անտոնիոսը կարգավորում է հարաբերությունները եռապետ Օկտավիանոսի
հետ, և քանի որ իր բացակայության ժամանակ կինը մահացել էր, ընդունում է
Օկտավիոնոսի առաջարկը և ամուսնանում նրա քրոջ հետ: Սակայն գործերն
Անտոնիոսին կրկին բերում են Եգիպտոսի մերձակա տարածք, որտեղ նա նորից
ենթարկվում է երբեմնի սիրուհու ձգողական ուժին: Անտոնիոսը Կլեոպատրայի
գրկում ուրանում է հայրենիք ու ընտանիք: Օկտավիանոսը, որ առանց այդ էլ
դժգոհ էր իր դաշնակցի վարքից, չի ներում քրոջը պատճառած վիրավորանքը:
Բռնկված ծովային պատերազմում ուխտադրուժ Կլեոպատրան դուրս է բերում իր
նավերը մարտից, լքում Անտոնիոսին և նպաստում թշնամու հաղթանակին: Իսկ
պարտությունից հետո դիմում է ևս մի նենգ արարքի: Վախենալով ընկերոջ
զայրույթից` կարգադրում է սուտ լուր հասցնել Անտոնիոսին` իր ինքնապանության
մասին: Կեղծ բոթը դրդում է Անտոնիոսին վերջ տալու իր կյանքին:
Իմանալով իր խորամանկության ողբերգական հետևանքի մասին և զղջալով արածը`
թագուհին իր ապարանքն է տեղափոխում մահամերձին և արցունքներով ողողում նրա
արյունոտ վերքերը: Անտոնիոսը մահանում է սիրուհու գրկում:
Քիչ անց
հայտնվում է հաղթական Օկտավիանոսը: Նա ներում է շնորհում Կլեոպատրային,
բայց որոշում է տանել Հռոմ, որպեսզի թագուհին, իբրև հաղթանակի պատերազմի
ավար, զարդարի տրիումֆի շքերթը: Հպարտ եգիպտուհին գերադասում է մահը:
Նա հրամայում է բերել մի թունավոր օձ: Պատմում էին, որ վտանգավոր սողունը
խաղաղ էր տրամադրված և միայն երկար գրգռելուց հետո խայթեց կնոջ ձեռքը:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: