Շառլ Բոդլեր և տիկին Սաբատիե
09.03.2014, 19:04 | |||||||
![]() ![]() Շառլ Բոդլեր. Կուրբեի կտավը Ասում են, որ նա կդառնար մեծ նկարիչ, եթե չգերադասեր դառնալ մեծ բանաստեղծ: Նկարչության հանդեպ սերը նրան դրդում էր խենթության, օրեր շարունակ դուրս չէր գալիս արվեստանոցներից, իսկ որպես արդյունք ծնվում էր նոր բանաստեղծություն: 1855թ. «Revue des Deux Mondes» ֆրանսիական ամսագրում լույս է տեսնում ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան Շառլ Բոդլերի 18 բանաստեղծություններից բաղկացած ժողովածուն` «Չարի ծաղիկներ» անվամբ: Իսկ արդեն 1857թ. լույս է տեսնում նույն անվամբ գիրքը` արդեն 100 բանաստեղծություններով և ունենում ցնցող հաջողություն: «Սալոն 1845», «Սալոն 1859» արվեստաբանական աշխատանքներն ու «Չարի ծաղիկներ» ժողովածուն Շարլ Բոդլերին (Շառլ-Պիեռ Բոդլեր, 1821-1867թթ) բերեցին համաշխարհային ճանաչում: Շառլը թեև կնամոլ էր ու աչքի էր ընկնում բնավորության անկայունությամբ, բայց արդեն հասուն տարիքում խելահեղորեն սիրահարվեց ճանաչված մի կնոջ` Տիկին Սաբատիեին, ով մարմնավորում էր Շառլի չիրականացած երազանքներն ու այն իրականությունը, որը բանաստեղծը պատրաստ չէր ընդունելու: Շառլի հայրը մահացավ, երբ Շառլը փոքր էր, մայրն էլ որոշ ժամանակ հետո ամուսնացավ մեկ ուրիշի հետ, ապագա բանաստեղծը սա համարեց դավաճանություն և սկսեց չվստահել և ոչ մի կնոջ: Սակայն «աշխարհի բոլոր կանանցից տարբերվում և ուրիշ էին Տիկին Սաբատիեն ու Ժաննա Դյուվալը»… ![]() Ժաննա Դյուվալ. նկարել է Բոդլերը ԱՍՏՎԱԾԱՑՆԵԼ ՁԵԶ «Տիկին Սաբատիեին, 1852թ. Միևնույնն է, ես ցանկանում էի գրել Ձեզ, չնայած այն փաստին, որ նամակների այնքան էլ մեծ սիրահար չեմ: Վերջում, գրեթե միշտ ես զղջում եմ այդ նամակը գրելու համար: Բայց գրելով Ձեզ՝ ես ոչ մի բանով չեմ վտանգում ինձ և իմ սկզբունքները…Ես չեմ կարող չգրել Ձեզ… Տղամարդն ով ասում է` «Ես սիրում եմ ձեզ», իրականում աղերսում է, և կինն, ով պատասխանում է` «Սիրե՞լ Ձեզ: Ե՞ս: Երբեք: Ես սիրում եմ միայն մեկին, և թող անիծվի նա, ով կգա նրանից հետո: Նա չի արժանանա իմ ոչ մի զգացմունքի, բացի արհամարանքից և անտարբերությունից», իրականում հպարտ է: Եվ նույն այդ տղամարդը, միայն մեկ բանի` Ձեր աչքերին ավելի երկար նայելու հաճույքի համար Ձեզ թույլ է տալիս խոսել այլ տղամարդու մասին, մտածել միայն նրա մասին: Այս բոլոր խոստովանությունների մեջ միայն մեկ բան էր շատ տարօրինակ` հիմա Դուք ինձ համար միայն ցանկալի կին չեք, Դուք այն կինն եք, ում սիրում են ուղղախոսության, կրքոտության, երիտասարդության, անպատասխանատվության համար: Ձեր վճռականության պատճառով ես շատ բան կորցրի այս բացատրությունների ընթացքում, թեև բնական կլիներ Ձեզ ենթարկվելը հենց նույն պահին… Բայց…Դուք այդ ամենով հանդերձ շատ հարցերում հաղթեցիք, Դուք ինձ ներշնչեցիք խորը հարգանք և Ձեզ երկրպագելու ցանկություն… Մնացեք միշտ այդպիսին, պահպանեք այդ կիրքը, ինչը Ձեզ դարձնում է այդքան հրաշալի, այդքան երջանիկ… Աղաչում եմ Ձեզ, եկեք ևս մեկ անգամ…Կրկին եկեք… Դա այնքան հասարակ ու պարզ է հնչում…Բայց Ձեր աչքերը, Ձեր շուրթերը, Դուք` ամբողջովին, հայտնվել եք իմ փակված աչքերի առջեւ…Եվ ես զգում եմ, որ այլեւս փրկություն չունեմ… Աղաչում եմ Ձեզ ծնկաչոք` կրկին եկեք…Ես անզոր եմ…Եկեք կրկին…Ես չեմ կարող ասել, որ Դուք կգտնեք ինձ անշնչացած, եթե չգաք, բայց Դուք չեք կարող ինձ արգելել ճախրել Ձեր ուսերով, Ձեր հրաշալի ձեռքերով, այն ձեռքերով` որի մեջ արտացոլված է Ձեր ամբողջ կյանքը: Դուք իմ պաշտամունքի առարկան եք… Ես միշտ ուզում եմ Ձեզ տեսնել այնքան լուսապայծառ, որքան որ միշտ եղել եք: Դուք այնքան հրաշալի եք, պարուրված եք այնպիսի քնքշությամբ… ![]() Ապոլոնիա Սաբատիե Դուք ինձ համար կյանքն եք ու շարժումը` ոչ այնքան Ձեր շարժումներով ու կտրուկությամբ, որքան որ Ձեր աչքերով, որոնք ունակ են անգամ մեռած բանաստեղծի մեջ արթնացնել անմահ սիրո կրակը… Ինչպե՞ս Ձեզ ասեմ և արտահայտեմ, թե որքան շատ եմ սիրում Ձեր աչքերը, Ձեր գեղեցկությունը… Դուք Ձեր մեջ երկու հակադիր գեղեցկություն եք կրում` Ձեր մեջ ամփոփված է կնոջ ու երեխայի հմայքը միաժամանակ… Հավատացեք ինձ, ես սա ասում եմ ամբողջ սրտով` Դուք արժանի եք պաշտամունքի, ինչ-որ աստվածային անբացատրելի զգացում է ընդմիշտ միավորել ինձ Ձեզ հետ…Անկախ Ձեր կամքից, Դուք դարձել եք իմ թալիսմանը, իմ ուժը…Սիրում եմ Ձեզ Մարի, սիրում եմ Ձեզ…Իմ սերը Ձեր հանդեպ` սերն է Աստծու նկատմամբ, և միայն այդ պատճառով` չանվանեք այն երկրային զգացմունքներ… Ես մահացած էի, Դուք ինձ հարություն տվեցիք: Դուք դեռ չգիտեք, թե որքան շատ եմ Ձեզ պարտական: Ձեր հրեշտակային հայացքում ես գտա աստվածային օրհնություն: Ձեր աչքերը սովորեցրին ինձ ուրախանալ ամենահրաշալի զգացմունքով: Դուք եք իմ սրտի միակ տիրուհին, կայսրուհին միակ ու աստվածուհին…Միայն Ձեր շնորհիվ ես դարձա այսքան հզոր և ուժեղ… Աղաչում եմ…Աղաչում եմ Ձեզ` բարեհաճեք պատասխանել ինձ միայն մեկ բառով, թող-որ մեկ, կարճ, փոքրիկ բառով… Յուրաքանչյուրի կյանքում էլ լինում են կասկածանքի օրեր և վճռորոշ օրեր: Հենց այդ ժամանակ է, երբ մեկ հայացքն անգամ բավական է, որպեսզի ստիպի Ձեզ գնալ խենթության կամ ամենակարողության: Երդվում եմ Ձեզ, հենց այդ վիճակում եմ հիմա ես… Դարձե՛ք ինձ համար սրբություն, ում նայում են աստվածավախությամբ և պաշտամունքով: Եթե միայն իմանայիք, թե ինչպես եմ ես սիրում Ձեզ… Ես ծնկի եմ գալիս Ձեր ոտքերի առջև… Ասեք մեկ բառ, ընդամենը մեկ բառ… Ոչ…Դուք չեք արտասանի այդ բառը: Ես համոզված եմ: Ի վերջո, ես իրավունք չունեմ արտահայտելու և ցույց տալու այն հարվածները, որոնք հասցնում է ինձ իմ կուռքը: Ձեզ դուր է գալիս ինձ դուրս շպրտել, ինձ դուր է գալիս պաշտել Ձեզ… Շ-Պ Բ.» ![]() Շառլ Բոդլեր, 1844 «1854թ. փետրվարի 16, Ես չգիտեմ՝ ի՞նչ են մտածում կանայք իրենք իրենց մասին, այն ամենի մասին, ինչ հանդիսանում են իրենք: Կանանց մի մասը կարծում է, որ հենց այդ վերաբերմունքին է արժանի «կինը», մյուս մասն էլ կարծում է, որ պետք է ծիծաղի այդ ամենի վրա, այն փաստի վրա, որ իրենց պաշտում են այդպես… ![]() Բոդլեր. ինքնադիմանկար Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես կարծում եմ, որ իրականում կանայք պետք է լինեն հպարտ և երջանիկ, միայն այն փաստի համար, որ իրենց աստվածացնում են այդպես: Եվ որքան էլ ծիծաղելի լինի, ես հպարտ եմ և ուրախ, որ հնարավորություն ունեմ կրկին երկրպագելու Ձեզ, պաշտելու Ձեզ Շ-Պ Բ.» Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1629
| | |