Լեգենդար կանայք. Մատա Հարի
28.08.2013, 10:23 | |||||||
![]() Մարգարիտ-Գերտրուդ Զելլեի կենսագրությունը սկզբնական շրջանում այնքան էլ բարեհաջող չի դրսևորվել: Նրա հայրը սնանկացել էր, մայրը` մահացել, և 18 տարեկան աղջիկը ստիպված էր ամուսնանալ հոլանդական բանակի 38-ամյա սպայի հետ և ճանապարհ ընկնել:
![]() Նրանք հասան Ինդոնեզիա` Ճավա կղզի: Պարզվեց` ամուսինը հարբեցող էր, հաճախ դաժանորեն ծեծում էր կնոջը, բացահայտ սիրուհի էր պահում և Մարգարիտին վարակեց սիֆիլիսով: Որդու մահվանից հետո ամուսինները բաժանվեցին: Իսկ 1890-ականների սկզբին Փարիզում հայտնվեց արևելյան պարերի վիրտուոզ կատարող մի կին, ով անսովոր անուն էր կրում` Մատա Հարի (մալայերենով նշանակում է «Արշալույսի աչք»): Ժամանակակիցները լավ են հիշում «բարձրահասակ, արտահայտիչ դիմագծերով և թավշե հայացքով թխահեր աղջկան»:
Իր էկզոտիկ պարերով Մատա Հարին պարզապես ցնցում էր «Աշխարհի մայրաքաղաքի» հասարակությանը: Նրա համար «ախ էին քաշում» քաղաքական գործիչներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, զինվորականներն ու նույնիսկ արքայազնները: Պատմում են, որ նրա հետ մի գիշեր անցկացնելու համար տղամարդիկ վճարում էին հազար դոլարից ավելի (երբ «ընտիր կանանց» գիշերավարձը 10-20 դոլար էր): Հասկանալի է, որ «Արշալույսի աչքը» շատ-շատերին սնանկացրեց ու կործանեց:
![]() 1917 թվականին Մատա Հարիին ձերբակալեց ֆրանսիական հակահետախուզությունը: Ինչպես պարզվեց, հանրահայտ պարուհին և կուրտիզանուհին նաև կրկնակի գործակալ էր. աշխատում էր միաժամանակ և՛ Գերմանիայի, և՛ Ֆրանսիայի օգտին:
Նրան գնդակահարեցին Վենսենի ռազմական ճամբարում 1917 թվականի հոկտեմբերի 15-ին` վաղ առավոտյան: Խոսակցություններ կան այն մասին, որ մահվանից առաջ Մատա Հարին օդային համբույր է ուղարկել իրեն գնդակահարողներին: Բայց գուցե այդ օդային համբույրն իր սիրեկանի և փաստաբանի համար էր, ով ներկա էր չքնաղագեղ աղջկա մահապատժին: Մեկ ուրիշ վարկածի համաձայն` գնդակահարությունից անմիջապես առաջ նա մի կողմ է շպրտել իր վերարկուն` զինվորներին ցուցադրելով իր մերկ մարմնի հրաշքը, և, իբր, շփոթահար զինվորներից ոչ մեկը չի կարողացել սեղմել հրացանի ձգանը: Այնուամենայնիվ մի կրակոց եղել է. գնդակը կպել է Մատա Հարիի ուղիղ կրծքին:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1459
| | |