Չարենցի գերուհին և նրա երրորդ դուստրը
09.03.2014, 14:47
 

   





Չարենցի կյանքում եղել է ևս մի սիրային դրվագ, որի մասին ժամանակակիցները միաձայն լռություն են պահպանել կամ լավագույն դեպքում բավարարվել են կցկտուր տեղեկություններով: Եվ նույնիսկ այդ ժլատ հիշատակումները թույլ են տալիս ուրվագծել ոչ սովորական մի պատմության նրբերանգները:

1930 թվի ամռանը Լենինգրադից Երևան վերադարձած Չարենցը դեպքերի բերումով ծանոթանում է 18-ամյա մի գեղեցկուհու` Վերա Ռուսկիի հետ: Նա կարճատև այցով Հայաստան էր ժամանել Հայկինոյի հրավերով` իբրև դերասան նկարահանվելու լիամետրաժ ֆիլմերից մեկում:

Կան հակասական վկայություններ այն մասին, թե հատկապես ո՞ր կինոնկարում էր երիտասարդ արտիստուհին պատրաստվում հայկական կերպար մարմնավորել: Մի դեպքում նշվում է, թե Վերային հրավեր էր ուղարկել կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: Մեկ այլ կարծիքի համաձայն նրան պատրաստվում էին ընդգրկել «Անուշ» ֆիլմի նկարահանման աշխատանքներում:

Միանգամից ասենք, որ 1930-ին Բեկնազարյանը որևէ ֆիլմ չի նկարահանել, այնպես որ հազիվ թե հրավերը նրանից լիներ: Ինչ վերաբերում է Վրաստանի «ոսկինպրոմից» գործուղված կինոռեժիսոր Ի. Պերեսիանիին, ապա նա իսկապես այդ տարի սկսել էր Թումանյանի «Անուշ»-ի էկրանավորումը` զայրույթ պատճառելով հայ մտավորականությանն այն բանի համար, որ հանրահայտ պոեմը վերաձևել էր իր հայեցողությամբ և պատրաստվում էր սիրավեպը դիտարկել դասակարգային պայքարի տեսանկյունից:

Հետագա իրադարձությունները զարգացել են շատ արագ և բուռն: Առաջին կնոջ` Արփենիկի մահից հետո ամուրի բանաստեղծի հրապուրանքն այնքան մեծ է եղել, որ նա շուտով Էռային պարզապես տեղափոխել է իր հյուրանոցային համարը (Չարենցն այդ տարիներին դեռ բնակարան չուներ և ապրում էր «Ինտուրիստ»` ներկայիս «Երևան» հյուրանոցի երկրորդ հարկի սենյակներից մեկում): Գայթակղությունն ուղեկցվել է աննկարագրելի խանդով:

Չարենցը սահմանափակել էր աղջկա բոլոր կարգի շփումներն ու հանդիպումները կողմնակի մարդկանց հետ, լավագույն դեպքում որևէ զբոսանք հնարավոր էր եղել միայն իր ուղեկցությամբ: Բանը հասել էր նրան, որ երբ բանաստեղծը պատրաստվում էր որևէ գործով քաղաք դուրս գալ, նա պարզապես սենյակի դուռը փակում էր Էռայի վրա, բանալին դնում էր իր գրպանը և նոր միայն հեռանում:

Թերևս սխալված չենք լինի, եթե ասենք, որ Էռան այդպես էլ չարժանացավ հայկական ֆիլմում նկարահանվելու բախտին: Այդ տարիներին թողարկված կինոնկարներից որևէ մեկում չի հիշատակվում նրա անունը: Եվ մնում է միայն ենթադրել, որ դերասանուհու հարկադրված բացակայության մեղավորը եղել է ոչ թե ռեժիսորը, այլ… Չարենցի խանդը («Կովչեք», Մոսկվա, 1991թ.):

Ի վերջո, համատեղ անցկացրած մի քանի մեկուսի շաբաթներին հետևում է Չարենցի առաջարկը` ամուսնանալ: Հազիվ թե դա հապճեպորեն կայացրած որոշում լիներ մի տղամարդու կողմից, ով մշտապես շրջապատված էր կանանցով և, ինչպես ասում են, ընտրության լայն հնարավորություն ուներ: Նրա այս առաջարկին Էռան դրական է պատասխանում:

Կարծիք կա, որ աղջկա արձագանքն իրականում եղել է պարտադրված քայլ, քանի որ նա արդեն հղի էր: Ամեն դեպքում համաձայնությունը ստացվել էր, և Չարենցը սկսում է լրջորեն նախապատրաստվել հարսանյաց արարողությանը: Վրա է հասնում պսակադրության օրը: Խնջույքի սեղաններն ու սրահը ձևավորվել էին Չարենցի հսկողությամբ և ըստ նրա ճաշա֊կի: Նշված ժամին ներկայանում են բոլոր հրավիրվածները` ավելի քան 20 հոգի: Ամենքն անհամբերությամբ սպասում են հարսնացուի հայտնությանը, քանի որ ոչ բոլորին էր հաջողվել մինչև հարսանիքը տեսնել նրան, և մեծ էր հետաքրքրությունը, թե ինչպիսին է այն կինը, որն արժանացել էր բանաստեղծի ընտրյալը լինելու պատվին: Բայց բոլորից անհամբերն ու անհանգիստն այդ պահին Չարենցն էր: Էռան ուշանում էր: Տեսնելով, որ սպասումը ձգվում է նախատեսվածից ավել, նա ստիպված ծանոթներից մեկին ուղարկում է հյուրանոց ճշտելու, թե ինչն է ուշացման պատճառը: Որքան մեծ է լինում նրա զարմանքը, երբ լրաբերը ետ է գալիս ու տեղեկացնում, որ հարսնացուն անհետացել է: Քիչ անց հայտնի է դառնում նաև ամբողջ եղելությունը:

Չարենցի կրտսեր մտերմուհին և հետագայում նրա ձեռագրերի պահապան Ռեգինա Ղազարյանը տարիներ անց որոշ դրվագներ է պատմել այդ միջադեպի մասին` հայտնի դարձնելով նաև իր մասնակցությունը հարսնացուի առեղծվածային անհետացման գործին: Պարզվում է, որ այն պահին, երբ Չարենցը զբաղված էր նախապատրաստական հոգսերով, Էռան իր մոտ է կանչում Ռեգինային, նրա օգնությամբ հավաքում է իրերն ու անմիջապես ուղևորվում երկաթուղային կայարան:

Էռան առաջին իսկ գնացքով մեկնում է Հայաստանից («Չարենցյան նշխարներ» հուշերի ժողովածու): Հավանաբար վերջին պահին Չարենցի կամավոր գերուհին, այնուամենայնիվ, սթափվել էր ու հասկացել, որ ամուսնությունը շատ ավելի լուրջ քայլ է, քան սիրային արկածը, և ստեղծված իրավիճակից միակ ելքը շուտափույթ փախուստն էր: Իսկ Ռեգինային ոչինչ չէր մնում, քան իր «դավադրության» մասին խոստովանել հուսալքված նորափեսային:

Աղջկա համար էլ ավելի անսպասելի էր Չարենցի արձագանքը, ով զայրանալու փոխարեն ընդամենը մեկ ակնթարթ անշարժանում է, հետո անմիջապես վերագտնում է ինքնատիրապետումը և դառնալով ներկաներին` բարձր ձայնով հայտարարում է, որ հանգամանքների բերումով նախատեսված հարսանյաց արարողությունը փոխվում է… քեֆի: Ի պատիվ հրավիրվածների պետք է ասել, որ նրանցից որևէ մեկը խոսքով կամ պահվածքով զգացնել չի տալիս դեպքի արտառոց լինելը, և խնջույքը շարունակվում է մինչև ուշ գիշեր:

Ահա այսպիսի ձախողված ավարտ ունեցավ Չարենցի հերթական գայթակղությունը, որ կարող էր նրա համար ճակատագրական լինել: Արդեն մեկ տարի անց Չարենցը նոր ընտրյալ ուներ` Իզաբելլան, որն էլ դարձավ նրա երկրորդ կինը: Իսկ Էռա՞ն: Հետագա տարիներին նրա մասին որևէ հիշատակություն չէր հանդիպում:

Սակայն բոլորովին վերջերս մեզ հաջողվեց արխիվային պահոցներում գտնել եզակի վկայություններ` նույնքան անակնկալ բացահայտումներով: Գրող Մկրտիչ Արմենի օրագրային գրառումները թերթելիս 1960-ի սեպտեմբերի 4-ին կատարված այլևայլ նշումների շարքում մենք հանդիպեցինք այսպիսի տողերի. «… Երեկոյան գնացի Գուրգենի մոտ (խոսքըԳուրգեն Մահարու մասին է - Հ.Չ) և հրաժեշտ տվեցի նրան.- մեկնում են երեկոյան 9-ն անց 40-ի գնացքով։ Զանգ տվեց նաև Վերա կամ Էռա Պետրովնա Շմիդտը, որը երեկ Գուրգենենց մոտ էր… Ես նրա մասին լսել էի դեռ մի քանի տարի առաջ, Խորենից (Խորեն Աճեմյանը` Մահարու եղբայրը - Հ. Չ)։ Այդ կինը, իր ասելով, եղել է Չարենցի սիրուհին, և նրա գեղեցկուհի աղջիկն իբր թե Չարենցից է։ Տեսանք լուսանկարները և’ աղջկա, և’ մոր երիտասարդության։ Ես մորը հիշեցի, թեև ոչ շատ հստակ։ Իրոք որ, նա այն ժամանակ շատ գեղեցիկ էր և հիմա էլ, չնայած իր մոտ հիսուն տարեկան հասակին, դեռ պահպանել է իր հմայքի ցայտուն հետքերը։ Իսկ աղջիկը բացառիկ գեղեցիկ է։ 
Եվ, ճիշտն ասած, զգալիորեն նման Չարենցի մեծ աղջկան. դա նկատեցինք թե‘ ես, և թե‘ Գուրգենն` իրարից անկախ։ 
Մի խոսքով, դա կոչվում է անցյալի հետքե֊րով…»: (ՀԱԱ, Մկրտիչ Արմենի անձնական արխիվ, ֆոնդ 972, ցուցակ 1, գործ 55)։

Էռան աղջկան կոչել էր Ժենյա: Կարծես ճակատագրի հեգնանքն էր, որ նա իր դստեր համար պիտի ընտրեր Չարենցի «Ռոմանս անսեր» պոեմի հերոսուհու անունը: Հետաքրքիր է, որ մի քանի ամիս անց` 1961-ի հունվարին, Մկրտիչ Արմենը վերստին անդրադառնում է նրանց` թղթին հանձնելով Ժենյայի մասին այս գրառումը. «Շատ գեղեցիկ ու հետաքրքիր աղջիկ է, իմիջիայլոց, ինձ խիստ ծանոթ տիպի։ Դա աղջկա այն երեսառած տիպն է, որ միանգամայն բնական և նույնիսկ անխուսափելի է համարում, որ բոլոր տղամարդիկ իր շուրջը պտտվեն, սիրահարվեն իրեն….»։

Իբրև ասվածին հավելում` նշենք նաև, որ և’ Էռան, և’ Ժենյան այդ տարինե֊րին որոշ ժամանակ ապրել են Երևանում։ Նրանք Գուրգեն Մահարու մշտական հյուրերն էին, և նրա հետ նրանց մտերմությունն այլ կերպ դժվար է բացատրել, քան Չարենցի հանգամանքով։ Վերջին տեղեկությունը, որ հայտնի է Էռայի մասին, այն է, որ նա իր դստեր հետ 1971-ին Խորհրդային միությունից մշտական բնակության է մեկնել Իսրայել:

Հովիկ Չարխչյան




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Ավելացրեց: Admin | | Տեգեր: Սերը և մեծերը, պատմական դրվագներ
Դիտումներ: 1498 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ