Անտուան դը Սենտ Էքզյուպերի և Կոնսուելո
| 09.03.2014, 15:05 | |||||||
Անտուան դը Սենտ Էքզյուպերին ծնվել է 1900թ. Լիոնում: Նրա հայրը կոմս էր և սերում էր ասպետական հինավուրց ընտանիքից: Չորս տարեկան էր փոքրիկ Անտուանը, երբ մահացավ հայրը: Մայրը նուրբ, բարեկիրթ անչափ հմայիչ մի կին էր: Փոքրիկ Անտուանին ոսկեգանգուր, փայլուն մազերի համար անվանում էր «Արևի Որդի» :
Ամաչկոտ էր ու բարի Անտուանը՝ բարձրահասակ, գեղեցիկ, ֆիզիկապես լավ զարգացած, նուրբ ու քնքուշ հոգով: ![]() 1921թ. զորակոչվեց բանակ, որտեղ էլ լրջորեն զբաղվեց ավիացիայով: Այլ բան այլևս գոյություն չուներ երիտասարդ օդաչուի համար, նույնիսկ կանայք նրան քիչ էին հետաքրքրում: Միայն մի քանի տարի անց հանդիպելով Լուիզային՝ նա սիրահարվեց ինքնամոռաց... Միանգամից առաջարկեց սիրտն ու ձեռքը: Լուիզան համեստ երիտասարդի առաջարկին պատասխանեց անորոշությամբ: Իսկ մի քանի ամիս անց, երբ օդանավի անհաջող փորձարկումից հետո Անտուանը հայտնվեց հիվանդանոցում, Լուիզան բոլորովին մոռացավ իր երկրպագուի գոյության մասին: Երկար տարիներ նա շարունակում էր քնքուշ զգացմունքներ տածել աղջկա հանդեպ,իսկ նա շարունակում էր Անտուանին համարել անհաջողակ: Երբ իմացավ Անտուանի գրական ասպարեզում ունեցած հաջողությունների մասին, միայն զարմացած ուսերը թոթվեց: Դառնալով հայտնի գրող՝ անսպասելի, ի զարմանս բոլորի նա մեկնեց Աֆրիկա: «Նախքան գրելը հարկավոր է ապրել,- բացատրում էր նա հարազատներին»: Եվ այդ օրերին նրա կյանքը «սահմանափակված էր միայն օդանավերով», չնայած որ գրական գործունեությունը չթողեց նույնիսկ անապատում: Զարմանալի մարդ էր Էքզյուպերին, շատ տարբեր... նման չէր ուրիշներին: Ընկերները կատակում էին՝ ասելով՝ Նա միայն երկնքին է նայում: Կոմսը ընդունակ չէր ստի,խաբեության, չարության... Գրողը համոզված էր, որ «Ատելությանը կարելի է վերջ տալ ոչ թե ատելությամբ, այլ՝ սիրով»: Նա այնքան առատաձեռն էր, մեծահոգի, որ առանց հապաղելու կարող էր ընկերների համար անշահախնդիր, առանց որևէ ակնկալիքի մեծ գումարներ ծախսել: Պատմում են, որ բարի սիրտ ունեցող այդ հսկան դուր էր գալիս կանանց. ոմանք նրան գեղեցիկ էին համարում, իսկ մյուսներն՝ անհրապույր: Սակայն երկու կողմերն էլ խոստովանում էին, որ հմայիչ է, իսկ ժպիտը նրան յուրահատուկ գրավչություն էր հաղորդում: Մի անգամ արդեն ունենալով դժբախտ սեր՝ Անտուանը զգույշ էր զգացմունքների հետ: Նա կին էր փնտրում լուրջ հարաբերությունների և ամուր ընտանիք ստեղծելու համար: Մի առիթով գրեց մորը.«Կնոջից ես պահանջում եմ, որ կարողանա խաղաղեցնել իմ ներքին անհանգստությունը... ահա, թե ինչու է ինձ անհրաժեշտ կինը: Չես պատկերացնում, մամա, թե որքան ծանր է միայնությունը... Երիտասարդ կյանքդ համարում ես անարժեք մի բան...» Այդպիսի կին շուտով հայտնվեց նրա կյանքում: Նրանք ծանոթացան Բուենոս Այրեսում: Նա Կոնսուելո Կարիլիոն էր՝ հայտնի հարավամերիկյան գրող Հոմես Կարիլիոյի այրին: Օտարերկրուհին անկայուն ու անհավասարակշիռ մի անձնավորություն էր. շատերը չէին սիրում այդ խենթ կնոջը՝ չնայած ոչ ոք չէր ժխտում, որ անսովոր է, կարդացած, «գլուխ էր հանում» գրականությունից, երաժշտությունից, սովորում էր պարսկերեն, գեղանի էր, գիտեր պահել իրեն հասարակության մեջ: Նա փոքրամարմին էր, նազելի, հեզաճկուն շարժումներով: Քայլում էր հպարտ, մի փոքր ինքնասիրահարված ու ամբարտավան: Աստղերի պես մեծ սև աչքերն անչափ արտահայտիչ էին: Այդուհանդերձ Կոնսուելոն գեղեցկուհի չէր. կարճահասակ էր, թուխ մաշկով, իսկ դիմագծերը հեռու էին կատարյալ լինելուց:Սակայն, երբ հայտնի ռուս գրող Կուպրինի աղջիկը հանդիպեց նրան, վերջինս անմոռանալի տպավորություն թողեց նրա վրա. «Նա անչափ հետաքրքիր անձնավորություն է, հզոր երևակայությամբ, սրամիտ, ուրախ, չափազանց հմայիչ էակ...»: Կոնսուելոն սիրում էր գունազարդել իրադարձությունները, հորինել ու պատմել անհավատալի պատմություններ, որոնց նա անկեղծորեն հավատում էր՝ շփոթելով իրականը հորինվածքի հետ: Կուպրինան պատմում է. «Մի անգամ կեսգիշերին հնչեց հեռախոսի զնագը: Կոնսուելոն էր. հուզված ձայնով, հեկեկոցով նա խնդրում էր ռուս ընկերուհուն անհապաղ գալ իր մոտ, սպառնում էր ինքնասպան լինել... Հապշտապ հագնվելով՝ Կուպրինան սլացավ նրա մոտ՝ կտրել-անցնելով ամբողջ քաղաքը: Կոնսուելոն գունատ էր, ամբողջովին սև հագնված... Լացակումած պատմում էր, թե գտել է նրան, ում փնտրել է ողջ կյանքի ընթացքում, որ նա արտասովոր, ուժեղ, գեղեցիկ տղամարդ է... Իր կյանքի սերը, որն իր հայտնությամբ փրկել է իրեն վշտից, հուսահատությունից, վախից: Եվ իբր իր աչքերի առաջ նրան գնդակահարել են հեղափոխականները, ու առանց նրա անիմաստ է համարում իր կյանքը»: Քսենյա Ալեքսանդրովնային, որն այդ ժամանակ 19 տարեկան էր, ցնցեց այս պատմությունը: Մի քանի շաբաթ չէր հեռանում նրա կողքից, մխիթարում էր,հանգստացնում, փորձում օգնել բարի խոսքերով: Կուպրինան պատմում է. «Երեք օր ու գիշեր ես վազում էի նրա ետևից լիճ՝ փրկելու խեղդվելուց: Նա ինձ ուժասպառ էր արել, շատ էի վախենում նրա համար ու աշխատում էի մենակ չթողնել»: Մի քանի օր անց Կոնսուելոն ստացավ հեռագիր. նրա դեմքին ժպիտ հայտնվեց:Կուպրինայի հարցին, թե ինչ է պատահել, նա պատասխանեց, որ իր իբր «զոհված» սիրելին՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերին, որոշել է այցելել իրեն, շուտով կհանդիպեն: Տեսնելով աղջկա շփոթմունքը՝ նա բացատրում է.«Հասկանու՞մ ես, ես չէի կարող սիրել մի մարդու, որն իմ կարծիքով լքել էր ինձ, դավաճանել, գտել մեկ ուրիշին... և ահա ես հորինեցի, թե նա զոհվել է: Այդպես ավելի հեշտ էր ինձ համար»: Վիրավորված ու նեղացած Քսենյան, անվանելով նրան ստախոս ու ստոր խաբեբա,հեռացավ նրա տանից... Սակայն Կուպրինան համարում էր, որ այդ անհավասարակշիռ արգենտինուհին Էքզյուպերիի կյանք մտցրեց «պոեզիա, ֆանտազիա և թեթևություն»: Թվում էր, թե Անտուանն առանց իր սիրելիի մի վայրկյան անգամ չի կարող մնալ: Մի անգամ նա Կոնսուելոյին օդանավով տարավ «զբոսանքի»: Հանկարծ շրջվելով դեպի նա՝ պահանջեց, որ համբուրի իրեն՝ սպառնալով, որ եթե մերժի, օդանավը գետի մեջ կգցի: Եվ վախեցած Կոնսուելոն ընկերական համբույր նվիրեց: Շուտով նրանք ամուսնացան: ![]() Սկզբում երիտասարդ զույգը շատ երջանիկ էր: Հետո Անտուանը ստիպված էր հանդուրժել կնոջ անհեթեթ արարքները: Կոնսուելոն պահանջում էր մշտական ուշադրություն և հիացմունք ու եթե ինչ-որ բան դուրը չէր գալիս, կոտրում էր սպասքը,գոռում, արտասվում: Այդ պահին նրան ոչ ոք չէր կարող հանդարտեցնել: Նա նույնիսկ հեռանում էր տնից, գիշերով թափառում փողոցներում կամ սրճարաններում...Վերադառնում էր, երբ արդեն խաղաղված էր լինում: Նրանց վիճաբանությունների մասին ողջ քաղաքը գիտեր: Կոնսուելոն չէր էլ թաքցնում:Հաճախ էր Էքզյուպերիի մասին անհարգալից խոսում, հորինում վարկաբեկող պատմություններ, հայտնում իր դժգոհությունը ամուսնու հանդեպ... Սակայն հետո խոստովանում էր, որ ինքն է հորինել այդ պատմությունները, որ չափազանց շատ է սիրում ամուսնուն՝ հեռանալու համար: Երբեմն մադամ դը Սենտ Էքզյուպերին շրջապատին խելագար էր թվում. նա չէր ամաչում հյուրերի ներկայությամբ Անտուանի վրա նետել ափսենները, որոնք հանգիստ ու անվրդով ժպիտը դեմքին՝ որսում էր Էքզյուպերին: 1943թ. լույս տեսավ Էքզյուպերիի ամենահայտնի գիրքը՝ «Փոքրիկ Իշխանը»: Վարդի նախատիպը իր սիրելի Կոնսուելոն էր: Էքզյուպերին իր պարտքը համարեց պայքարել Հիտլերի դեմ: Ընկերները համարում էին, որ անզուսպ և անմիտ Կոնսուելոն հասցրեց նրան հուսահատության: Նա ցանկացավ զոհվել՝ մարտնչելով թշնամու դեմ: 1944թ հուլիսի 31 թ-ին Էքզյուպերիի ինքնաթիռը չվերադարձավ ռազմակայան: Այսպես վերջացավ աշխարհի ամենաբարի գրողի երկրային կյանքը... Կոնսուելոն չէր արդարացնում ինքն իրեն: Միայն մի անգամ ցույց տվեց հարազատներին իր սիրելի ամուսնու ուրախ աղոթքը՝ նվիրված իրեն, որը լավագույն կերպով արտացոլում էր Կոնսուելոյի բարդ, հակասական ու անտանելի բնավորությունը: Գրված էր Կոնսուելոյի անունից: Ահա. «Աստված իմ, հարկավոր չէ նեղություն կրել, թողեք ինձ այնպիսին, ինչպիսին կամ... Ես փառասեր եմ մանրուքների մեջ, սակայն համեստ եմ լուրջ բաներում: Մանրուքների մեջ ես եսակենտրոն եմ,սակայն լուրջ դեպքերում գիտեմ անձնազոհ լինել, կյանքս էլ կտամ: Մանրուքների մեջ անազնիվ եմ, սակայն երջանիկ եմ միայն, երբ մաքուր եմ... Աստված իմ, դարձրու՛ ինձ այնպիսին, ինչպիսին ինձ տեսնում է ամուսինս: Փրկի՛ր իմ ամուսնուն, քանզի նա իրոք սիրում է ինձ: Առանց նրա ես որբ եմ: Նա թվում է այնպես անխռով, հանգիստ, ուժեղ,բայց իրականում, եթե հանկարծ մի փոքր աղմկեմ տանը, լի է անհանգստությամբ: Արե՛ք այնպես, որ միշտ աղմկեմ, եթե նույնիսկ ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան կկոտրեմ: Պահպանեք հավատարմությունս, որ չհանդիպեմ նրանց հետ, ում նա ատում է, ովքեր ատում են նրան: Դա կդժբախտացնի նրան, քանզի ես նրա կյանքն եմ... Օ՜, Աստվա՛ծ իմ, պահե՛ք մեր տունը Ամեն: Ձեր՝ Կոնսուելո»: Որքան էլ թեթևամիտ, խենթ կամ եսասեր համարեին Անտուանի սիրելիին, միևնույն է՝ միայն նա գիտեր, թե իրականում ով է նա, ինչպիսին է նա և ինչու մինչև կյանքի վերջ սիրեց նրան նույնքան աձնվիրաբար, ինչպես իրենց զարմանալի ու անհասկանալի սիրո պատմության սկզբին՝ ծանոթության առաջին օրը: ![]() Միայն 2004թ. Միջերկրական ծովում հայտնաբերեցին Մեծ գրողի օդանավի բեկորները: Փորձաքննությունը պարզեց, որ դա այն օդանավն էր, որով իր վերջին չվերթը կատարեց Անտուան դը Սենտ Էքզյուպերին: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1657
| | | |||||



