10:58
Խորհուրդներ երեկոյան դիմահարդարման մասին
 

   

Երեկոյան հավաքույթների, խնջույքների կամ մերօրյա party-ների ժամանակ դու, անշուշտ, ցանկանում ես ներկայանալ քո ամբողջ փայլով: Զգեստի, կոշիկների և  արդուզարդի ճիշտ ընտրությունն ու համադրությունը, անխոս, շատ կարևոր է: Սակայն, նույնիսկ այդ ամենի առկայությունը կարող է չգոհացնել քեզ, եթե դիմահարդարումդ ճիշտ չէ արված, մաշկդ անփայլ է, իսկ երեկոյան լույսերի ներքո առավել ցայտուն  են դառնում քո ոչ թե հիասքանչ աչքերը, այլ դրանց շուրջ  կապտավուն գույնն ու այլ անցանկալի երևույթներ: Ի՞նչ պետք է անել: 
Ճի՛շտ դիմահարդարվել: 
 
 
Սկսենք նախ կարգի բերել մաշկը.
 
 Քայլ 1.  Պաշտպանում և խոնավացում
 
 Որպեսզի մաշկդ չենթարկվի միջավայրում ծխի բացասական ազդեցություններին և պահպանվի նրա  թարմությունը ողջ երեկոյի ընթացքում, նախապես օգտագործիր հակաօքսիդային կամ առույգացնող դիմակ: 
Մի՛ շտապիր սկսել դիմահարդարումը չոր և անհարթ մաշկի վրա: Դա անարդյունավետ կլինի՝ չի պահպանվի ողջ երեկոյի ընթացքում, իսկ թեփոտումն ու  անհարթությունն անխուսափելի է: Դիմահարդարումն սկսելուց առաջ անպայման քսիր խոնավացնող քսուք:
 
 Քայլ 2. Երանգավորում
 
Նկատի ունեցիր, որ երեկոյան լույսերի ներքո մաշկը միշտ ավելի  փայլուն և հարթ է երևում: Դրա համար կարող ես նախապատվությունը տալ թեթև տոնային կրեմին: Այսպես, խոնավացնող քսուքից հետո նուրբ շերտով քսիր տոնային կրեմը, իսկ եթե մաշկդ ունի փոքրիկ թերություններ, դրանք կարելի է թաքցնել հատուկ նախատեսված միջոցով` կորեկտորով:
 
 Քայլ 3. Հարթեցում և փայլ 
 
Փորձառու դիմահարդարները երեկոյան դիմահարդարման համար մեծ դեր են հատկացնում դիմափոշուն (նախընտրելի է` փոշիանման), քանի որ առանց դիմափոշու այտերի ներկն ու աչքերի ստվերաներկը նկատելի  անհարթություններ են ունենում: Ուրեմն` տոնային կրեմից հետո հերթը դիմափոշունն է, որի շնորհիվ մաշկը դառնում է ավելի հարթ և հաճելիորեն փայլող:
 
Քայլ 4.Ընդգծում
 
Ընդգծված, արտահայտիչ աչքեր և թույլ ներկված շուրթեր. սա  քո նուրբ հմայքի նախապայմանն է:  Ցանկալի է աչքերն ընդգծող մատիտը փոխարինել սուրմայով, քանի որ այս դեպքում դու չես մտահոգվի, որ թեժ պարերից հետո աչքերիդ շուրջ սևաներկ կտարածվի:
 
Աչքերն առավել գրավիչ և տպավորիչ դարձնելու համար դրանք պետք է ստվերել բրոնզագույն, մուգ մոխրագույն և մուգ մանուշակագույն երանգներով: Վարդագույնի և կանաչի բաց երանգները երեկոյան դիմահարդարման համար այնքան էլ տեղին չեն. այդ գույներն օգտագործիր ցերեկային դիմահարդարման ժամանակ: 
 
Վերջնական արդյունքի համար պատասխանատու է թարթիչների ներկը` տուշը (ցանկալի է` ջրակայուն):
 
Իսկ շուրթերի գրավչության համար բավական է ոչ վառ, գրեթե թափանցիկ փայլը և … ժպիտը: 
Պատրա՞ստ ես: Մեկ անգամ ևս նայիր հայելուն: Մի՛ զարմացիր, այնտեղից քեզ ժպտում է երեկոյի գեղեցկուհին: 
 
 
 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 2418 | Ավելացրեց: Admin | Տեգեր: դեմքի խնամք, դիմահարդարում | Վարկանիշ: 4.0/3
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ