22:08
Մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը
 

   

Մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունըՇագանակագույն բրինձ, սև հաց, շիլաներ
 
Այս մթերքներն օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, սրտանոթային համակարգի հիվանդությունների, ուղիղ աղիքի քաղցկեղի, ինչպես նաև շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման հավանականությունը: Այս մթերքները կենսական նշանակություն ունեն աղիքների աշխատանքի կարգավորման, նյութափոխանակությունն ակտիվացնելու գործում:  
 
Ձու
 
Ձուն սպիտակուցների և լյուտեինի աղբյուր է: Հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ դրանք կանխում են թրոմբերի առաջացումը` նվազեցնելով կաթվածի հավանականությունը: Ըստ վերջին տվյալների` շաբաթը 6 անգամ ձու օգտագործելով` հնարավոր է 44%-ով կանխել կաթնագեղձի քաղցկեղի առաջացումը: Եթե նախկինում ընդունված էր կարծել, թե օրը 2 ձուն շատ է օրգանիզմի համար (քանի որ արյան մեջ ավելանում է խոլեստերինի քանակը), ապա այսօր դիետոլոգները վստահեցնում են, որ դա ոչ միայն վտանգավոր չէ առողջության համար, այլև հիանալի միջոց է չգիրանալու, կազմվածքը պահպանելու համար:
 
Բանան
 
Միայն 1 հատ դեղին բանանը 467 մգ կալիում է պարունակում, որը նպաստում է մկանների (հատկապես` սրտի) ամրացմանն ու առողջությանը: Բանանն օգնում է կանխել սրտանոթային հիվանդությունների առաջացումը, չեզոքացնում ստամոքսի բարձր թթվայնությունը, այդ պատճառով էլ հիանալի միջոց է համարվում ստամոքսում այրոցի տհաճ զգացողությունը վերացնելու համար:
Հավի միս: Սա ամենաօգտակար միսն է: Հաճախ կերեք հավի կրծքամիսը, որը ճարպեր քիչ է պարունակում` հանելով կաշին: Հավի միսը հարուստ է սպիտակուցներով և օգնում է պահպանել ոսկորների ամրությունը: Այն նաև B խմբի վիտամինների աղբյուր է համարվում, որոնք նպաստում են ուղեղի աշխատանքի լավացմանն ու բարձրացնում աշխատունակությունը:
Սխտոր: Սխտորն օգնում է կանխել քաղցկեղի առաջացումն ու սիրտ-անոթային մի շարք հիվանդություններ, նվազեցնում է կաթվածի հավանականությունը: Հայտնի է իր հակաբորբոքային հատկությամբ, օգնում է մեղմել ցավն ու այտուցվածությունը հոդաբորբի ժամանակ: Սխտորն օգտակար է շաքարախտով հիվանդներին:
 
Սաղմոն ձկան միս
 
 
Մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունըՍաղմոնի միսը հարուստ է օմեգա-3 խմբի ճարպերով, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, պաշտպանում քաղցկեղի որոշ տեսակներից և կանխում թրոմբերի առաջացումը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սաղմոնի միսը թեթևացնում է ընկճված հոգեվիճակը, լավացնում հիշողությունը: Շնորհիվ նիկոտինաթթվի` սաղմոնը, ըստ որոշ տվյալների, պաշտպանում է Ալցհեյմերի հիվանդությունից: Օմեգա-3 խմբի ճարպեր է պարունակում նաև ընկույզը:  
 
Հապալաս (черника)
 
Հապալասը հարուստ է հակաօքսիդանտներով: Դրանց շնորհիվ շատ օգտակար է աչքերի հիվանդությունների, երակների լայնացման, թութքի, ստամոքսի խոցի, սիրտ-անոթային հիվանդություների և քաղցկեղի դեպքում: Հապալասն օգնում է կարգավորել աղիքների աշխատանքը` կանխելով փորկապությունն ու լուծը, լավացնում է հիշողությունը, արդյունավետորեն պայքարում վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև ճարպակալման դեմ:   
Ձուկ պետք է հաճախ ուտել
 
Շատ չեն այն մթերքները, որոնք հարուստ են  սրտի և անոթների առողջության համար կարևոր օմեգա-3 ճարպաթթուներով և անփոխարինելի ամինաթթուներով: Այս առումով ձուկը բացարձակ ռեկորդակիր է: Ձուկը հարուստ է նաև A, D, E վիտամիններով, երկաթով, ֆոսֆորով, կալցիումով, մագնեզիումով և ցինկով: Մասնագետները ձուկը դասում են ամենադյուրամարս սննդամթերքների շարքը. համեմատեք` 100 գ տավարի միսը պարունակում է 166 կկալ, իսկ նույնքան ձուկը` 91: Ուստի նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում տավարի, խոզի, ոչխարի միսը փոխարինել ձկնեղենով և թռչնամսով: Նկատի ունեցեք նաև, որ ձկան մեջ պարունակվող սպիտակուցները մարդու օրգանիզմի համար շատ ավելի օգտակար են, քան այլ մսամթերքների սպիտակուցները: Ձուկը չափազանց օգտակար է տեսողության, հիշողության, եղունգների և մազերի առողջության համար, խթանում է ուղեղի աշխատանքը, խորհուրդ է տրվում շաքարախտով հիվանդներին: Ապացուցված է, որ շաբաթը 1 անգամ ձուկ ուտելու դեպքում կաթվածի հավանականությունը նվազում է 22%-ով:
 
Ինչո՞վ է օգտակար մանդարինը
 
Մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունըՊատահական չէ, որ մանդարինը ամանորյա սեղանի «ամենահայտնի» միրգն է. այս փոքրիկ, հյութալի մրգի նարնջագույն տեսքը միայն ուրախացնում, հաճելի զգացողություններ է արթնացնում: Մանդարինը նաև օժտված է մի շարք օգտակար հատկություններով: Այն հարուստ է`
 
  • A պրովիտամինով (անհրաժեշտ է տեսողության, մաշկի առողջության համար),
  • C վիտամինով (օգնում է պայքարել մրսածության, վարակների դեմ),
  • D վիտամինով, որի կարիքը հատկապես շատ է զգացվում ձմռանը,
  • K վիտամինով (անհրաժեշտ է անոթների առողջության համար):
 
Մանդարինի թարմ քամած հյութը օգնում է բարձր ջերմության, աղիքային խանգարումների ժամանակ: Մանդարինի չորացրած կեղևով եփուկը փորձված միջոց է հազի, իսկ թարմ կեղևը` սրտխառնոցի դեմ: Մանդարինի եթերայուղը կարելի է օգտագործել մկանային ցավերի, ցավոտ դաշտանի ժամանակ` քսելով համապատասխան հատվածներին: Շաքարախտով հիվանդներին խորհուրդ է տրվում խմել մանդարինի կեղևով պատրաստած եփուկ (3 մանդարինը կեղևահանել, կեղևների վրա 1 լ ջուր ավելացնել, եռացնել 10 րոպե, թողնել սառչի և դնել սառնարանը: Խմելուց առաջ թրմել պետք չէ):
 
Նարինջը  և համեղ է, և օգտակար
 
 
Մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը
Նարինջ սիրում են բոլորը` թե փոքրերը, թե մեծերը: Եվ Ճիշտ են անում. նարինջը օժտված է օգտակար և բուժիչ մի շարք հատկություններով: Որպես C վիտամինի հարուստ աղբյուր` այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը` պաշտպանելով վարակներից, հարբուխից, իսկ նատրիումի և կալիումի կատարյալ չափաբաժինների շնորհիվ` կարգավորում արյան զարկերակային ճնշումը և խոլեստերինի մակարդակն արյան մեջ, կանխում աթերոսկլերոզը, ճարպակալումը: Այս հիանալի պտուղն աղիքները մաքրում է թունավոր նյութերից` դրանով իսկ դանդաղեցնելով օրգանիզմի ծերացման ընթացքը և կանխելով բազմաթիվ հիվանդություններ: Միևնույն ժամանակ նպաստում է մարսողության լավացմանը, կարգավորում նյութափոխանակությունը: Նարնջի բաղադրության ամենակարևոր նյութերից  են կիտրոնաթթուները, որոնք արդյունավետորեն կանխում են չարորակ ուռուցքների զարգացումը, դրական ազդեցություն ունենում նյարդային և սիրտ-անոթային համակարգերի վրա: Փորկապության դեմ արդյունավետ միջոց է նարնջի թարմ քամած հյութը. առավոտյան պետք է խմել 1 բաժակ`  քաղցած ժամանակ:   
 
Պիստակը (фисташка) պաշտպանում է սիրտը
 
 
Մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը
Ընկույզները (հնդկական, հունական ընկույզ, պնդուկ, պիստակ և այլն) օժտված են բազմաթիվ օգտակար հատկություններով, իսկ դրանցից մի քանիսը չափազանց օգտակար են սրտի աշխատանքի համար: Ամերիկացի գիտնականները հաստատել են, որ պիստակը կարգավորում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը և հակաօքսիդանտների շնորհիվ օրգանիզմից դուրս է մղում ավելորդ խոլեստերինը: Դրական արդյունքի հասնելու համար պետք է ամեն օր մի բուռ պիստակ ուտել: Արդեն 2-րդ օրը խոլեստերինի մակարդակն արյան մեջ կնվազի 12%-ով: Պիստակը օգտակար է նաև արյան զարկերակային բարձր ճնշման, տուբերկուլյոզի և սակավարյունության դեպքում: Այն օգնում է բուժել սեռական անկարողությունը, անպտղությունը (լավացնում է սերմնահեղուկի որակը): Այնուամենայնիվ, սննդաբան-բժիշկները զգուշացնում են. պիստակը օգտակար է, եթե չափավոր եք օգտագործում: Չպետք է մոռանալ, որ պիսատկի յուղայնությունը բավական բարձր է, և չարաշահելու դեպքում կարելի է գիրանալ: Եթե բուժիչ նպատակներով պիստակ եք օգտագործում և չեք ցանկանում գիրանալ, սննդակարգից ժամանակավորապես հանեք ձեթն ու կարագը:
 
Սև շոկոլադի օգտակար հատկությունները
 
Մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունըԴանիացի գիտնականները պարզել են, որ սև շոկոլադն ավելի օգտակար է, քան կաթնայինը: Սև, դառը շոկոլադն ախրոժակը կարգավորող հատկություն ունի. այն 15%-ով նվազեցնում է քաղցրեղենի, յուղալի և աղի սննդի նկատմամբ անհագ ցանկությունը, միևնույն ժամանակ նպաստում շաքարի յուրացմանն օրգանիզմում: Սև շոկոլադի օգտակար հակաօքսիդանտների շնորհիվ` լավանում է արյան շրջանառությունը, զգալիորեն նվազում թրոմբային գոյացությունների առաջացման հավանականությունը: Սակայն, չնայած իր օգտակարությանը, սև շոկոլադը չարաշահել խորհուրդ չի տրվում. 100 գ շոկոլադը 500 կկալ է պարունակում, ինչը բավական բարձր ցուցանիշ է նիհարել ցանկացողների համար: Հետևաբար նրանք, ովքեր ցանկանում են հաճելին համատեղել օգտակարի հետ, պետք է օրվա սննդակարգից հանեն 500 կկալ` քաղցր, աղի և ճարպոտ սննդամթերքների հաշվին: Ի դեպ, որպեսզի շոկոլադը չկորցնի իր օգտակար հատկությունները, հարկ է այն պահել 18˚C-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում, իսկ օդի հարաբերական խոնավությունը չպետք է գերազանցի 75%-ը: 
 
Բրինձը զարգացնում է մտավոր ունակությունը
 
Մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունըՃապոնացի դեղագետները մկների վրա փորձեր կատարելուց հետո գիտականորեն ապացուցել են, որ բրինձը մեծապես նպաստում է մտավոր զարգացմանը: Նրանք մկներին բաժանել են երկու խմբի. առաջին խմբին կերակրել են սովորական կերով, երկրորդ խմբի կերին բրինձ են ավելացրել: Որոշ ժամանակ անց մկներին բաց են թողել լողավազան և հետևել, թե նրանցից որոնք ավելի շուտ կգտնեն փրկարար նավակը: Առաջինը «ելքը գտան» այն մկները, որոնք սնվել էին բրնձով: Գիտնականների փորձերը հաստատել են նաև, որ բրինձը նպաստում է հիշողության լավացմանը, զգալիորեն կանխում Ալցհեյմերի հիվանդության զարգացումը (առաջանում է տարեցների մոտ` քայքայելով ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են մտավոր ունակության համար): Այս մթերքը խորհուրդ է տրվում նաև նրանց, ովքեր գաստրիտ կամ ստամոքսի խոց ունեն. դրանով պատրաստած կերակրատեսակները չեն գրգռում ստամոքսը, դյուրամարս են և օգտակար:
 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 8227 | Ավելացրեց: Admin | Տեգեր: երիտասարդացնող մթերք, օգտակար մթերք, Առողջ սնունդ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ