Երբ դժգոհ եք ձեր արտաքինից...
  Kiss.am ![]() Մեզանից քչերն են գոհ իրենց մարմնից, արտաքին տեսքից և միշտ էլ հնարավոր է գտնել աննշան կամ էլ վառ արտահայտված թերություններ, գծեր, որոնք կցանկանայինք չունենալ կամ գոնե փոխել: Իսկ ինչու՞ մենք չենք կարողանում մեզ ընդունել այնպիսին, ինչպիսին կանք:
Շատերս փորձում ենք դուր գալ շրջապատին, և այդ դեպքում, կարծես, արհեստականն ավելի շատ է և անձը զրկվում է «իր մարմինը զգալու զգացողությունից»: «Ինչպիսի՞ն եմ ես ուրիշների համար». այսպիսի հարց հաճախ ենք տալիս ինքներս մեզ, գուցե ոչ գիտակցորեն, բայց ենթագիտակցորեն` այո: Թերևս, այս որոնումներից, ծնվում են իդեալներ, և յուրաքանչյուրս իր մեջ ստեղծում է իդեալ, կերպար, որին ձգտում է նմանվել կամ պատկերացնում է իրեն այդպիսին: Սակայն եթե տարիները մեր հանդեպ անխնա են և կատարում են իրենց սև գործը, ապա իդեալը զերծ է ժամանակի ճնշումից. այն միշտ գեղեցիկ է և երիտասարդ: Իսկ միգուցե խնդիրը մե՞ր մեջ է, և նախ մենք պետք է սիրենք և ընդունենք մեր արտաքինը: Երևի ավելի ճիշտ է չվազել իդեալների ետևից, և փորձենք գնահատել ու ընդունել ինքներս հենց այսպիսին:
Այս դեպքում կհարցնենք ինքներս մեզ. «Ինչպիսի՞ն եմ ես ինձ համար»:
ՍԿՍԱԾ ԴԵՌ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ
Ե՞րբ ենք սկսում մտածել մեր արտաքին տեսքի մասին: Ինչպես նշում են հոգեբանները, սեփական անձի և արտաքինի նկատմամբ հարգանքը պետք է սկսել ձևավորել դեռևս մանկուց, քանի որ մանկությունից երեխան զգում է շրջապատի վերաբերմունքը, տեսնում, թե ինչպես է մայրը խնամում, կերակրում ու վերաբերվում իրեն: Սա նշանակում է, որ նույնիսկ մոր հայացքը և, հատկապես, քննադատական հայացքը, շատ կարևոր է երեխայի հետագա ինքնագնահատականի համար: Պակաս կարևոր չէ նաև խոսքերի դերը. ծնողները առավել հաճախ փորձում են ապահովել երեխաների բոլոր պահանջները, միշտ նշում են դրական կողմերի և լավ հատկությունների մասին, սակայն ճիշտ է երեխային տալ հավասարակշռված ինֆորմացիա, որպեսզի ավելի հասուն տարիքում կարողանա ճանաչել և շտկել բացասական կողմերը:
ԱՍԱ՛, ՀԱՅԵԼԻ՛, Ո՞Վ ԿԱ ԻՆՁՆԻՑ ԳԵՂԵՑԻԿ…
Ին՞չ զգացողություն ենք ունենում, երբ նայում ենք հայելուն:
Գուցե շա՞տ գոհ ենք մեր տեսքից, թե՞ հակառակը` հիասթափված ենք և հուսալքված: Միգուցե վերջին տարբերակը ավելի հատկանշական է շատերին… և հայելուն նայելիս բախվում են երկու հակադիր իրականություն:
Բանն այն է, որ մենք մեր մարմինը չենք տեսնում, այլ զգում ենք ներսից: Հայելին մի գործիք է , որի միջոցով մենք կարողանում ենք տեսնել մեզ, սակայն` ուրիշի աչքերով:
Եթե այդ «ուրիշի աչքերովը» անվանենք երկրորդ հայացք, ապա ավելի քննադատաբար կվերաբերվենք մեր արտացոլքին, քանի որ որպես կանոն, ուշադրության են արժանանում ոչ թե դրական, այլ բացասական կողմերը:
Իսկ ո՞րն է պատճառը, որ մենք չենք ընդունում հայելու անդրադարձը:
Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, որտեղ օրական տասնյակ գովազդային հոլովակներ և նկարներ ենք տեսնում, իսկ այդ նկարներում (որպես կանոն) կանայք են` իդեալական արտաքին և կազմվածք ունեցող մարդիկ, որոնք իրականում թվային ֆոտոխցիկի և համակարգչային ծրագրերի արդյունք են: Հայտնի մոդել Կլաուդիա Շիֆերը հարցազրույցներից մեկում ասել է. «Նույնիսկ ես նման չեմ Կլաուդիա Շիֆերին»:
Այնպես որ, մենք պարտավոր չենք նրանց պես լինել, քանի որ դրանք իրական կերպարներ չեն և գոյություն չունեն:Գեղեցկության չափանիշները պայմանավորված են ինչպես պատմական անցյալով, ազգային մտածողությամբ, այնպես էլ անհատի աշխարհայացքով և կուլտուրայով:
Շատ տարածված է ասել, որ «կինը կարող է գեղեցիկ լինել»:
Սակայն սոցիալական ազդակներն այնպիսին են, որ «կարող է»-ն հետզհետե վերածում են «պետք է»-ի:
Ամենակարևորն այն է, որ կինը կարողանա դառնալ ինքն իրեն հաճելի, այդ դեպքում ներդաշնակությունն ապահոված է բոլոր հարաբերություններում:
Հաշտության 5 քայլ
Անգլիացի հոգեբան և փորձագետ Էմ Ֆարրելը կարծում է, որ հնարավոր է սովորել, ընդունել և սիրել սեփական մարմինը: Նա առաջարկում է մի քանի վարժություն, որոնք կօգնեն փոխել վերաբերմունքը այդ հարցում:
1. Վերականգնել տեսողական ինքնագնահատականի հավասարակշռությունը
Հայելուն նայելիս փորձենք նայել մարմնի այն 3 մասերին, որոնք համարում ենք, գեղեցիկ: Նայեք դրանց, հրճվեք, զմայլվեք և մոռացեք այն մասերի մասին, որոնք տգեղ եք համարում:
2. Օգտագործե՛ք ձեր մարմինը նորովի:
Փորձեք զբաղվել այնպիսի բանով, որ շատ կուզենայիք, բայց նախկինում չեք արել՝ ձեր տեսքից կամ մարմնի կառուցվածքից ելնելով: Կարելի է, օրինակ, պարի հաճախել:
3. Զգացեք մարմինը ուրիշի օգնությամբ
Եթե մարմնի ինչ-որ մասեր ձեզ դուր չեն գալիս` կօգնի մասնագիտական
մերսումը այդ մասերում, քանի որ այլ մարդու ուշադրությունը և խնամքը հետզհետե կբարձրացնի ինքնագնահատականը:
4. Նայեք ձեզ ուրիշի աչքերով:
Առաջարկեք ձեր զուգընկերոջը (կնոջը կամ ամուսնուն) նկարել մեկդ մյուսին մերկ: Նպատակը ոչ թե արվեստի գործ ստեղծելն է, այլ փորձեք տեսնել ուրիշի աչքերով:
5. Հայացք նետել դեպի անցյալ:
Օգտակար է կրկին նայել նախկինում արված լուսանկարները. որպես կանոն մենք մեզ դուր ենք գալիս հին նկարներում: Նայելիս կհիշեք, որ այդ ժամանակ էլ ձեզ դուր չէր գալիս եկել, թե ինչ տեսք ունեիք: Դա կօգնի ընդունել սեփական մարմինն այսօր:
Ի դեպ, մինչև օրս պահպանվել է մեկ ավանդույթ` հայելու առջև չուտելը: Մեկ էլ տեսար գեղեցկությունդ էլ կերար:
Կարծում ենք, որ այդ «պատուհանին» երկար նայելիս նա կարող է քաշել և տանել մեր գեղեցկության յուրօրինակությունը:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1600 |
| | |

Այնպես որ, մենք պարտավոր չենք նրանց պես լինել, քանի որ դրանք իրական կերպարներ չեն և գոյություն չունեն: