Ապահով սեքս, կամ ինչպես օգտագործել պահպանակը
 

   

Ապահով սեքս, կամ ինչպես օգտագործել պահպանակըՄինչ ողջ աշխարհում այսօր լայնորեն կիրառվում են պահպանակները, Հայաստանում հասարակության մի ստվար զանգված անգամ տեղյակ չէ դրանց ճիշտ ընտրության, պահպանման և անգամ օգտագործման կանոնների մասին: Համենայնդեպս, սա են փաստում մեր սեքսապաթոլոգները: Bravo.am-ը ներկայացնում է թեմայի շուրջ ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի մեկնաբանությունն ու մասնագիտական խորհուրդները: 

Պահպանակները հայտնի են մարդկությանը արդեն 400 տարի: Մեզ հասած ամենահին պահպանակը գտել են Շվեդիայի Լունդ քաղաքում, այն թվագրվում է 1640 թվականով: Որոշ տվյալների համաձայն` պահպանակները կիրառվում էին նաև Հին Հռոմում և Հին Եգիպտոսում:

Այսօր պահպանակների լայն կիրառումը պայմանավորված է նրանով, որ ճիշտ օգտագործման դեպքում վերջիններս ապահովում են ամենավստահելի պաշտպանությունը սեռավարակներից և անցանկալի հղիությունից: Իհարկե, կան նաև հակաբեղմնավորիչ այլ շատ միջոցներ, որոնք կարող են կանխել անցանկալի հղիությունը, այնուամենայնիվ, սեռավարակներից պաշտպանվելու միակ միջոցը այսօր պահպանակն է:

Բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ասում է՝

Հայաստանում հակաբեղմնավորիչ միջոցներից օգտվելու կուլտուրան, ցավոք,  դեռ կաղում է: Շատերին, հատկապես երիտասարդներին, դեռևս թյուրիմացաբար թվում է, որ եթե սեռական հարաբերությունն ավարտվում է արտահեշտոցային սերմնաժայթքմամբ, ապա հղիությունը կամ սեռավարակները կանխված են: Այս անառողջ կարծիքը այնքան է տարածված մեր հասարակության մեջ, որ լինում են դեպքեր, երբ պացիենտը գալիս է ու վստահաբար հայտարարում, որ ինքը խնդիր չունի սեռավարակների հետ կապված, որովհետև, ճիշտ է, պահպանակ չի օգտագործում, բայց սեռական հարաբերություն է ունենում հիմնականում «իր մեթոդով». նկատի ունի ընդհատված սեռական ակտը կամ արտահեշտոցային սերմնաժայթքումը:

Շատերը չգիտեն, թե ինչպես է պետք օգտվել պահպանակներից: Ոմանց կարծիքով,  եթե կա պահպանակ, ապա նրանք ամեն ինչից պաշտպանված են և կարող են ոչնչի մասին չանհանգստանալ: Սակայն, ինչպես հայտնի է, պաշտպանված լինելու համար պահպանակի առկայությունը բավական չէ:

Պահպանակի օգտագործման  հետ կապված ամենատարածված սխալը մեկն է և գլոբալ. հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում, թե ինչ պահպանակներ են գնում, որտեղից, ինչպես են պահում մինչև օգտագործելը և ինչպես են օգտագործում: 

 

Որտեղի՞ց գնել պահպանակ:

Եվրոպական երկրներում պահպանակները վաճառվում են գրեթե ամենուրեք, իսկ Հայաստանում պահպանակ կարելի է տեսնել միայն դեղատներում և որոշ սուպերմարկետներում: Մի կողմից լավ է, երբ պետք եղած ժամանակ կարող ես գտնել պահպանակ ցանկացած խանութում կամ կրպակում. պահպանակների՝ աչքի առաջ լինելը միշտ հիշեցնում է մարդկանց, որ պետք է պաշտպանվել և մտածել սեռական առողջության մասին: Մյուս կողմից՝ մասնագետները խորհուրդ են տալիս գնել պահպանակներ միայն դեղատներից, ընդ որում` վստահելի և լավ դեղատներից, քանի որ այնտեղ պահպանակները պահվում են ավելի լավ պայմաններում, և դեղատանը գոնե հետևում են դրանց պիտանելիության ժամկետին: Դեղագետը, եթե ունի համապատասխան կրթություն, կարող է անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալ:

 

Ի՞նչ պահպանակ ընտրել: 

Պահպանակ գնելիս կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն նրա պիտանելիության ժամկետին, այլև նրան, թե ինչ ընկերության պահպանակ է, որտեղի արտադրանք և ինչի համար է նախատեսված: Պահպանակների ընտրությունն այսօր շատ մեծ է և խայտաբղետ. կան պահպանակներ, որոնք ունեն բժշկական հատուկ ցուցումներ և որոնք նշանակում են սեռական տարբեր խանգարումների ժամանակ: Եթե անձը չունի այդպիսի խանգարումներ, բայց օգտագործում է նման պահպանակներ, հետագայում կարող է ունենալ որոշ խնդիրներ:

Այս պատճառով շատ կարևոր է պահպանակի ճիշտ ընտրությունը: Ավելի լավ է ընտրել թանկը, բայց որակյալը, քան էժանագինը, որը կարող է շատ շուտ պատռվել և որի օգտագործումը կարող է նույնիսկ վտանգավոր և վնասակար լինել: 

Էժանագին և կասկածելի ծագում ունեցող մի շարք պահպանակների վրա կան չափազանց շատ քիմիական քսուքներ՝ հոտավետ տարբեր նյութերով, որոնք, որպես կանոն, ոչ թե հեշտացնում ու հաճելի են դարձնում սեռական ակտը, այլ ընդհակառակը, այդ քսուքների հաճախակի օգտագործումը կարող է բերել տղամարդու առնանդամի էրոգեն գոտիների զգայունության նվազմանը: Քսուքի քանակը պահպանակի վրա պետք է լինի չափավոր, որպեսզի այն դուրս չսահի սեռական ակտի ժամանակ: 

Սեքսուալ զգացողությունը կարող է նվազել` կախված պահպանակի որակից կամ տեսակից: Սովորաբար որակյալ և բարձրորակ պահպանակները էականորեն չեն ազդում սեռական հաճույքի վրա:

 

Ինչպե՞ս պահպանակի ճիշտ չափս ընտրել:  

Պահպանակի ճիշտ չափսի ընտրությունը ոչ պակաս կարևոր է, քան որակը և պահպանման ժամկետը: Եթե պահպանակը շատ փոքր է, ապա կա մեծ հավանականություն, որ այն կարող է պատռվել, նույնիսկ եթե շատ լավ և վստահելի ընկերության արտադրանք է: Եթե պահպանակը շատ մեծ է, ապա այն կարող է դուրս սահել սեռական ակտի ժամանակ: Լինում են դեպքեր, երբ կանայք դիմում են բժիշկի՝  խնդրելով հեռացնել սեռական ակտից հետո իրենց ներսում մնացած պահպանակը:

 

Որտե՞ղ պահել պահպանակները: 

Շատ երիտասարդներ, կարծելով, որ վարում են անվտանգ սեռական կենսակերպ, պահպանակը պահում են դրամապանակի մեջ կամ տաբատի գրպանում: Պատկերացրեք, թե ժամանակի ընթացքում այդ «խեղճ ու կրակ» պահպանակը, գրպանում կամ դրամապանակում ճնշման ենթարկվելով, ինչի է վերածվում: Առաջանում են բազմաթիվ միկրոճաքեր, որոնց միջով որոշ սեռավարակներ կարող են անխոչընդոտ անցնել: Երբ պահը գալիս է, երիտասարդն ինքնավստահ օգտագործում է պահպանակը և մտածում, որ ամեն ինչից ապահովված է: Բայց այդպիսի պահպանակով նա կարող է շատ հանգիստ վարակվել մի շարք սեռավարակներով: Պահպանակները ճիշտ է պահել ոչ շոգ տեղում` պահպանելով նրանց արևի ճառագայթներից և ֆիզիկական վնասվածքներից: 

 

Ինչպե՞ս օգտագործել պահպանակը:  

Որակյալ գրեթե բոլոր պահպանակների մեջ կան օգտագործման կանոններ, պետք  է ուշադիր կարդալ դրանք, հետևել խորհուրդներին ու բացատրություններին: Ամենատարածված սխալներից են պահպանակը հագնելու ժամանակ դրա մեջ օդ թողնելը և կրկնակի օգտագործումը: Շատերը կարծում են, որ այլ պահպանակ չունենալու դեպքում մեկ անգամ օգտագործածը կարելի է օգտագործել նորից, ինչը բացարձակ  անհեթեթություն է: Պահպանակը կարելի է օգտագործել միայն մեկ անգամ, ինչից հետո այն պետք է փաթաթել և գցել աղբարկղի մեջ:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol26/2_apahov_seqs-kam_inchpes_ogtagorcel_pahpanaky.jpg

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Davbad (31.03.2014)
Դիտումներ: 1940 | Տեգեր: սեքսի ուղեցույց, սեքս | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ