![]()
  Դուք և աշխարհը Այսօր կխոսենք կործանարար քննադատության մասին, որը ճակատագրական հետք է թողնում նաև երեխաների հոգեկանի վրա: Երեխաները հոգեկանի ձևավորման ընթացքում ավելի բաց են արտաքին ազդակների նկատմամբ` առանձնապես ծնողների վերաբերմունքի հանդեպ: Երբեմն ծնողների վերաբերմունքը ծայրահեղությունից ծայրահեղության է հասնում. կան գերհոգատար կամ ծայրահեղ զիջող ծնողներ, որոնք պետք է որոշակիորեն ուղղորդեն և սահմանափակումներ մտցնեն երեխայի պահանջների մեջ, իսկ մյուս ծայրահեղությունը չափից ավելի սահմանափակումներ մտցնելն է երեխայի պահանջների մեջ: Մենք ինքներս, չնայած նրան, որ չափահաս ենք, ժամանակ առ ժամանակ զգում ենք, թե ինչ բացասական զգացողություններ ենք ունենում քննադատության ժամանակ, որտեղ էլ որ այն լինի` հասարակական, թե անձնական հարաբերությունների մեջ: Այժմ պատկերացրեք, թե այն ինչպիսի բացասական ազդեցություն կունենա հատկապես երեխաների վրա: Շատ ընտանիքներում ծնողները և երեխաները կարծես արատավոր ծուղակի մեջ ընկած լինեն` ստեղծելով անառողջ ընտանեկան հարաբերություններ, և այդ ամենի պատճառը կարող է հանդիսանալ հենց պարբերաբար կրկնվող քննադատությունը: Քննադատությունը և պատիժը տանում են դեպի բարկության և պաշտպանողականության կամ էլ ներամփոփվածության և հետամնացության: Որքան այս ընթացքը ահագնանում է, այնքան ծնողները խորացնում են իրենց քննադատությունը, իսկ երեխաները իրենց հերթին խորացնում են ջղայնությունը և պաշտպանողականությունը: Ծնողներն ասում են. «Նա երբեք մեզ չի լսում», իսկ երեխան ասում է. «Ինչ ես լսում եմ, քննադատություն է. նրանք միշտ ինձ վրա ջղայնանում են»: Ծնողները քննադատում են, քանի որ անհանգստացած են երեխայի ապագայի մասին, ցանկանում են երեխային բարեկիրթ և հաջողակ դարձնել այս մրցակցային աշխարհում: Նրանք մտածում են, որ քննադատությամբ սովորեցնում և խորհուրդ են տալիս, բայց իրականում արդյունքը լրիվ հակառակն է լինում: Հիշե՛ք մի բան` քննադատելով ոչ մի դրական փոփոխության չեք հասնի: Տվյալ դեպքում ամենալավ միջոցը քննադատելու փոխարեն համբերատար և հարգալից լսելն է ձեր երեխայի կարծիքը: Լսել ի նկատի չունեմ միանշանակ համաձայնվել երեխայի հետ: Լսելով փորձեք հասկանալ նրա տեսակետի ճիշտ կողմերը, այլ ոչ թե դրա մեջ սխալներ գտնել: Օրվա ընթացքում` մոտավորապես քնելուց տասը րոպե առաջ, խոսեք ձեր երեխայի հետ` հարցնելով նրա խնդիրների, հաջողությունների, հետաքրքրությունների մասին, իսկ եթե նա չի ցանկանում խոսել, դուք կիսվեք ձեր կյանքից: Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ երեխայի տրամադրությունը կտրուկ փոխվում է, երբ դուք ժամանակ եք հատկացնում նրա հետ զրուցելու համար: Մի՛ զլացեք ներողություն խնդրել երեխայից, եթե դուք ինքներդ եք սխալ վարվել նրա հետ: Որոշ ծնողներ կարծում են՝ եթե ներողություն խնդրեն երեխայից, նրա մոտ կկորցնեն իրենց հեղինակությունը, սակայն դա այդպես չէ: Ուղղակի եղեք զգույշ, որ ձեր ներողությունը երեխայի մոտ չձևավորի տպավորություն, որ նա ճիշտ է եղել, և նա կրկնի նույն անընդունելի վարքագիծը: Մի կարևոր հանգամանք ևս` եթե դուք ներողություն եք խնդրում, երեխային վերաբերվում եք որպես հավասարը-հավասարի և ձևավորում եք հարգանք ձեր նկատմամբ, իսկ հեղինակությունը հարգանքի հիմքի վրա է ստեղծվում: Հոդվածի շարունակությունը կարդալ այստեղ: Ինչպե՞ս ճիշտ անել դիտողություն. հոգեբանի հուշումները Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 950 |
| | |