Ինչո՞ւ և ե՞րբ են մարդիկ հայտնվում հուզականորեն սպառված վիճակում: Հաճախ աշխատավայրում ծանրաբեռնվելով` ասում ենք, որ սպառվել ենք, որ այլևս չենք դիմանում և այլն: Իրականում մասնագիտական աշխատանքում առաջ եկող հուզական սպառումը բավականին լուրջ և վտանգավոր երևույթ է:
Աշխատանքային ծանրաբեռնվածությունը ֆիզիկական և հոգեկան լուրջ լարվածություն է առաջացնում: Այդ լարվածությանը դիմանալու համար մարդը կամ պետք է փոխվի անձնապես, կամ պետք է փոխի շրջապատը: Փոխվել ասելով հասկանում ենք ձեռք բերել այնպիսի հատկանիշներ, որոնք կօգնեն ավելի երկար դիմանալ այդ աշխատավայրում: Օրինակ` երկար ժամանակ ծանր հիվանդների հետ աշխատող մարդը հուզական առումով սպառվում է և դիմանալու համար նա պետք է կամ դառնա ավելի սառը և անտարբեր, կամ պետք է փոխի աշխատանքային ծանրաբեռնվածությունը, հակառակ դեպքում կհիվանդանա այդ երկարատև հուզական ծանրաբեռնվածությունից: Մարդու անձը բավականին ամբողջական և կայուն կառուցվածք է, և նրան բնորոշ է ձևափոխումից պաշտպանվելու ճանապարհներ փնտրելը,- գրում է 2ov.am-ը: Այդ ճանապարհներից մեկը հուզական սպառման համախտանիշն է: ՀՍՀ-ի զարգացման հիմնական պատճառն անձի և աշխատանքի, ղեկավարի պահանջների և աշխատողի իրական հնարավորությունների անհամապատասխանությունն է: Հուզական սպառման համախտանիշն սպառնում է հատկապես մարդկանց հետ աշխատող մասնագետներին (հոգեբաններ, ուսուցիչներ, սպասարկման ոլորտում աշխատողներ), առավել շատ` «օգնող» մասնագիտություն ունեցողներին (բժիշկներ, փրկարարներ, հրշեջներին և այլն): Առանձնացնում են ՀՍՀ-ի երեք հիմնական նախանշան: 1. ՀՍՀ-ի զարգացմանը նախորդում է բարձր ակտիվության շրջան, երբ մարդն ամբողջությամբ կլանված է աշխատանքով, հրաժարվում է աշխատանքի հետ կապ չունեցող պահանջմունքներից, մոռանում է իր կարիքների մասին: Այնուհետև ի հայտ է գալիս առաջին նշանը` հյուծվածությունը: Այն բնորոշվում է գերլարվածությամբ, հուզական և ֆիզիկական պաշարների սպառմամբ, գիշերային քնից հետո չդադարող հոգնածությամբ: Հանգստից հետո այս երևույթները թուլանում են, սակայն վերականգնվում են անմիջապես նախկին աշխատանքային իրավիճակին վերադառնալիս: 2. ՀՍՀ-ի երկրորդ նշանն անձնային մեկուսացումն է: Մասնագետը, օրինակ հոգեբանը, այցելուի հանդեպ կարեկցանք չի զգում, և այս զարգացող հուզական մեկուսացումը գնահատում է որպես հոգնածության դեմ պայքարելու միջոց: Ծայրահեղ դրսևորումներում մարդուն բացարձակ ոչինչ չի անհանգստացնում մասնագիտական գործունեության մեջ, գրեթե ոչինչ հուզական արձգանք չի առաջացնում` ո’չ բացասական, ո’չ դրական իրողությունները: Կորչում է այցելուի հանդեպ հետաքրքրությունը, որն ընկալվում է որպես անշունչ առարկա, որի ներկայությունը երբեմն տհաճություն է պատճառում: 3. Երրորդ նշանը սեփական աշխատանքի անարդյունավետ լինելու զգացումն է կամ ինքնագնահատականի անկումը: Մարդն իր մասնագիտական գործունեության մեջ հեռանկարներ չի տեսնում, աշխատանքից բավարարվածություն չի զգում, կորչում է հավատը սեփական մասնագիտական կարողությունների հանդեպ: Հուզական սպառման համախտանիշը հուզական, ֆիզիկական և կոգնիտիվ հյուծման ամբողջությունն է, ընդ որում` գլխավոր գործոնը հուզական հյուծումն է: Սոցիալական ոլորտի աշխատողների հետ իրականացված հետազոտությունները թույլ են տվել համախտանիշի մեջ տարբերակել երեք մակարդակ: Առաջին մակարդակին բնորոշ է գործառույթների իրականացման մակարդակում` կամային վարքում, երբեմն ինչ-որ բաներ մոռանալը, շարժողական որևէ գործողության խախտումները: Սովորաբար այսպիսի դրսևորումների վրա շատ քչերն են ուշադրություն դարձնում: Մասնագետի նյարդահոգեբանական վիճակից և բնավորության առանձնահատկություններից ելնելով` այս մակարդակը կարող է ձևավորվել 3-5 տարվա ընթացքում: Երկրորդ մակարդակում աշխատանքի հանդեպ հետաքրքրության կորուստ, շփման պահանջի նվազում է նկատվում (այդ թվում նաև ընտանիքի անդամների ու բարեկամների հետ), «չի ցանկանում տեսնել» այն մարդկանց, ում հետ շփվում է աշխատանքի բերումով (աշակերտներ, հիվանդներ, այցելուներ), «հինգշաբթին այնպիսի զգացողություն է առաջացնում, կարծես ուրբաթ է», «շաբաթն անվերջ ձգվում է», շաբաթվա վերջում ավելանում է անտարբերությունը, կայուն մարմնական ախտանիշներ են ի հայտ գալիս (ուժ, էներգիա չկա, հատկապես շաբաթվա վերջում, գլխացավեր երեկոյան ժամերին, «մեռած քուն» առանց երազների, մրսածության հիվանդությունների ավելացում), դյուրագրգռություն, ինչպես ասում են, մարդը « բռնկվում է» կես բառից: Այս մակարդակի ձևավորման ժամանակահատվածը միջինում 5-15 տարի է: Երրորդ մակարդակը հենց անձնային սպառման փուլն է: Բնորոշ է կյանքի ու աշխատանքի հանդեպ հետաքրքրության լիարժեք բացակայություն, հուզական անտարբերություն, բթություն, անընդհատ ուժերի բացակայության զգացողություն: Մարդը ձգտում է առանձնանալ: Այս փուլում նրան ավելի հաճելի է շփվել կենդանիների ու բնության հետ, քան մարդկանց: Այս մակարդակը կարող է ձևավորվել 10-20 տարվա ընթացքում: Այն հիմնարկներում, որտեղ ղեկավարները ծայրաստիճան վերահսկում են աշխատողների գործունեությունը, հուզական սպառումը շատ արագ է զարգանում: Սպառումը մասամբ ֆունկցիոնալ է, քանի որ օգնում է մարդուն չափավորել և հավասարաչափ օգտագործել էներգետիկ պաշարները: Մասնագետների սպառման համախտանիշն ուսումնասիրելիս հոգեբանները եկել են այն եզրահանգման, որ այդ երևույթը «վարակիչ է», այսինքն նրանք, ովքեր ենթակա են հուզական սպառման համախտանիշին, դառնում են ցինիկներ, նեգատիվիստներ ու հոռետեսներ: Աշխատավայրում մարդիկ, շփվելով միևնույն սթրեսին ենթակա այլ մարդկանց հետ, կարող են միասին դառնալ սպառվողների մի խումբ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 971 |
| | |
