Kiss.am
Ճշմարիտ չէ՞, չքնաղ անծանոթուհի, թե իբր մեզանից յուրաքանչյուրի կյանքը հենց մեր ծնվելուց կամ աշխարհի սկզբից սկսած լիովին և ամբողջությամբ նախորոշված է մի ուժով, որը ո՛չ հասկանալ կլինի, ո՛չ էլ ընկճել: Որոշ չափով դա, իհարկե, այդպես է: Եթե դուք տգեղ ծնվեիք, ձեր կյանքն այլ կլիներ, իսկ ձեր գեղեցկությունը ձեր ծնողների քրոմոսոմների զուգակցման արդյունք է, որի վրա ազդելը ձեր ուժերից վեր է: Դրան պետք է ավելացնել, որ մեր օրերում դեմքը կարող է դեպի լավը փոխել վիրաբույժը, որ հմայքն ու խելքը գեղեցկացնում են մարդկանց և որ հոգեկան անդորրը կարդացվում է դիմագծերում: Ո՞ւմն են այն խոսքերը, թե քառասուն տարեկանից հետո յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր դեմքի համար: «ճակատագիրը շտկելու» մարդկային ունակությունն արմատավորված է ամենից առաջ նրանում, թե մենք ինչպես ենք արձագանքում իրադարձություններին: Այդ իրադարձություններն ընթանում են իրենց կարգով: Ինչ-որ մեկը սիրում է ձեզ ու խոստովանում է: Սակայն պատերազմը խլում է նրան ձեզանից, տնտեսական ճգնաժամը սնանկացնում է նրան, նրա կյանքն է ներխուժում մի ուրիշ կին: Այսպիսին են փաստերը: Սակայն ձեր ձախորդությունների կամ երջանկության պատճառն այդ մերկ փաստերում չէ: Ինչպիսի՞ն կլինի ձեր վարքագիծն այդ իրադարձությունների հանդեպ: Այս է հարցերի հարցը: Շատ իրադրություններում լինում է մի այնպիսի՝ միակ րոպե, երբ ձեր ընդունած որոշումից կախված կլինի ձեր կյանքի ողջ ընթացքը: Ես այն անվանում եմ բախտորոշ րոպե: Ինչո՞ւ է խոսքը սոսկ միայն մեկ րոպեի մասին: Այդպիսին է աշխարհը: Հարմար առիթը հազվագյուտ է երկու անգամ ներկայանում: Պատերազմում հենց այդպես է լինում: Նույն բանն է տեղի ունենում նաև սեռերի «պատերազմում»: Վրա է հասնում այնպիսի մի պահ, երբ տղամարդը, որը վաղուց արդեն սիրատածում է կնոջը, հանկարծ նրա աչքերում նկատում է ինչ-որ հեզ ու անօգնական բան՝ դա նրա հաղթանակի նախանշանն է: Այստեղ իրենց դերը խաղացին բազմաթիվ պատճառներ՝ հարմար առիթը, կողմնակի անձանց բացակայությունը, զրույցի տոնը, նախամպրոպային շրջանը, կարդացած գիրքը, որևէ մի շարժմունք: Մի խոսքով՝ կինը նրա իշխանության տակ է: Սակայն եթե այդ միակ, օրհնյալ երեկոյան մենք բաց թողնենք առիթը, մտածելով, որ այն դեռ շատ կկրկնվի և ավելի հարմար պարագաներում, մենք կկորցնենք մեզ բաժին ընկած շանսը, ընդ որում՝ ընդմիշտ: Կինը կամ կսթափվի, կա՛մ կհիշի հնարավոր վտանգների մասին, կա՛մ էլ կսկսի արհամարհել մեզ անվճռականության համար: Իսկ գլխավորը՝ նա դուրս կգա իրեն անձնատուր լինելու տրամադրած հանգամանքների արտասովոր ընթացքի ազդեցության տակից: Այսօր հաղթանակը ջանքեր չէր պահանջում, կասկածներ չէր հարուցում, վաղն այն կլինի անհասանելի: Շատ ուշ... Զգուշացեք դառնալ այդ սարսափելի բառերի զոհը: Ինձ ծանոթ է մի դեպք. վերջին պատերազմի ժամանակ մի կին ամուսնանալու առաջարկություն ստացավ իրեն սիրող մի սպայից: Նա մտածելու համար խնդրեց ընդամենը մեկ գիշեր և հաջորդ օրը զգաց, որ համաձայն է: Բայց այդ օրը՝ 1940 թվականի մայիսի-10-ին, սկսվեց գերմանական հարձակումը: Սպան ուղարկվեց ճակատ, նամակը կորավ: Հայրենիքի ու իր զգացմունքի կրկնակի կործանման պատճառով ընկնելով հուսահատության մեջ, նա սկսեց սիրատածել Մահին: Այս դյուրաթեք տիկինը, որպես կանոն, անուշադիր չի թողնում իր երկրպագուներին... Դառը զղջումները, ափսոսանքները դարձան այն կնոջ բախտաբաժինը: Քանզի նա միշտ ցանկանում էր այդ ամուսնությունը և ժամանակ էր խնդրել միայն քաղաքավարության ու ինքնասիրության զգացումից ելնելով: Արդյոք ավելի լավ չէ՞ր լինի միանգամից «այո» ասել: Подпишитесь на доски (Կարիերա, հոգեբանություն, հարմոնիա) следующих пользователей Pinterest: Օգտակար.
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1009 |
| | |
Հատված Անդրե Մորուայի «Նամակներ անծանոթուհուն» շարքից: