![]()
  «Թի վի ալիք» շաբաթաթերթ Գոռ Բադումյան.- Հայ աղջիկները շատ կանացի են, հավատարիմ, ազնիվ: Ունեն շատ ազգային բնավորություն, բայց հիմա քայլում են ազգայինը կորցնելու ճանապարհով:
Հայկական սերը... Եկեք լսենք մեր բոլոր հին հայկական երգերը... Ամեն երգում կա հետևյալը՝ «սերս գաղտնի թող մնա... »: Հենց այս էր ժամանակին հայկական սիրո առանձնահատկությունը: Հիմա մենք կորցրել ենք մեր ազգայինը, նմանվել ենք եվրոպացիներին: Մնում է միայն, որ աղջիկը հավաքի իրերը ու հայտարարի, որ գնում է ապրելու առանձին: Ամեն անգամ սիրելուց ամեն ինչ անում ենք՝ մոռանալու նախորդին: Սխալ է: Յուրաքանչյուր սիրո զգացում կերտում է քեզ, դարձնում այնպիսին, ինչպիսին պիտի լինես: Աշոտ Խուրշուդյան.- Հայ աղջիկներն օրեցօր ավելի են ձգտում ամուսնության՝ նյութական հիմքի վրա, հաճախ առանց զգացմունքների: Տխուր է շատ: Սուսաննա Կարապետյան.- Հայ տղամարդիկ չգիտեն գնահատել իրենց կողակցին ու հայ աղջկան: Նրանց համար միշտ Էլ գեղեցիկ են օտարերկրացի աղջիկները, հեռուստատեսային աստղերը: Հայերը «թեթև» սիրել չգիտեն: Ցանկացած սեր դարձնում են սերիալ: Երբեմն պետք չէ լրջացնել հարաբերությունները, այլ ժամանակ անցկացնել, ձեռք բերել լավ ընկեր: Սամվել Սեղբոսյան.- Հայ աղջիկները հաճախ միջավայրին ոչ համապատասխան են իրենց պահում, սիրում են խոսել բարձրաձայն ու «ապրում» են հարևանների կյանքով: Բայց հայ աղջիկները շատ օգնող-հասնող են: Չեմ ուզում փնովել հայ աղջիկներին, նրանք «ջիգյար» ունեն: Հայկական սե՞ր: «Կիկոսի մահը» հեքիաթը լսել եք, չէ՞: Հայկական սիրային հարաբերությունները հիշեցնում են այդ հեքիաթը: Արուսյակ Նազարյանց.- Հայ տղաներն իսկական լեռնցի են: «Ծուռ» ու լեռնցի: Քարե կոպտություն կա հայ տղամարդու մեջ: Կարեն Կարապետյան.- Այսօր մեր աղջիկները 2 ծայրահեղ բևեռներում են. կամ ամբողջովին հայ են՝ իրենց պահվածքով, էությամբ, կամ մոռացել են հայերենը: Սիրո մեջ սիրելիի գլխին մեկ տաք ջուր են լցնում՝ ամբողջ օրը կրկնելով՝ ես քեզ սիրում եմ, մեկ սառը ջուր՝ դու ինձ չես սիրում, ապացուցիր: Հայկական սերը զերծ է «հարազատության» զգացումից: Հայ սիրահարները միշտ մնում են այդ կարգավիճակում, նրանք որպես ընկերներ չեն շփվում: Լիանա Սարուխանյան.- Հայ տղաները «թասիբով» են ու իրենց տեղն ու դիրքը լավ գիտեն: Հայկական ցանկացած ավանդապաշտ սիրող զույգ պարտադիր հանձնում է «սկեսուր-զոքանչ պետական քննությունը»: Եթե հանձնեցին, ուրեմն սեր է, եթե ոչ, ուրեմն՝ սիրահարվածություն: Բա հայկական չէ՞: Ապրեք սիրով, հավատով ու հույսով: Արարեք ձեր սիրո խենթ ու խելառ մոլորակը ու մի՛ վախեցեք սիրելուց ու երբեք մի՛ լռեք ձեր սիրո մասին: Ամենակարևորը՝ գնահատեք միմյանց ներկայությունը ու ներկան, քանզի երբեք չեք կարող իմանալ, թե ինչ անակնկալ է ձեզ համար նախապատրաստել բացվող առավոտը: Մի շոտլանդական առած կա. «Ես սիրում եմ քեզ, որովհետև քո մեջ է կյանքը, և անչափ սիրում եմ կյանքը, որովհետեւ դու այնտեղ ես»...
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1934 |
| | |