Վիոլետ Գրիգորյան. «Այս է մարմինը, որ հանձնված է... սիրուն»
 

   Վիոլետ Գրիգորյան

Վիոլետ Գրիգորյան. «Այս է մարմինը, որ հանձնված է... սիրուն»

Այս է մարմինը, որ հանձնված է... սիրուն։
Այս է արյունը, որ թռվռում է ժիր երակներում։
Աչքս լու՛յս, տոն է,
այս գիշեր տոն է, մարմնիս կիրակի,
և իգությունս, որ մթերել եմ թանկ հյուրի համար,
սփռել եմ ահա սիրեկանի դեմ։
Համեցիր, վերցրու, անուշ արա, դե,
նայիր, Խաչիկի աղջիկն է, ջանի՛կ, քեզ հյուրասիրում։
Համբուրիր ինձ ու...
Էլ չես ծերանա,
համբուրիր ինձ ու...
չես հիվանդանա,
համբուրիր ինձ ու...
չես մեռնի երբեք։
Չէ՞, բժշկվում են սիրո մահիճում,
կույրը տեսնում է կրքի խլիրտը,
համրը խոսում է թմբուկով սրտի,
կաղը ելնում ու քայլում է մարմնի արահետներով,
Եվ մահվան քնից գեղեցկուհին է զարթնում համբույրով։

Համբուրիր ինձ ու...
Չեմ մեռնի ես էլ։

Տես, ցեցն ու ժանգը կերել են արդեն դիզած գանձերս՝
սիրուն շորերս, փայլուն զարդերս, խելոք գրքերս,
և գողը պատը ծակել է, տարել փողերս բոլոր,
բայց քո համբույրը չի ժանգի երբեք,
բայց քո համբույրը կծակի պատը չինական
թախծի...

Ես իմ բերանով քեզ կմոտենամ
և իմ շրթունքով կպատվեմ ես քեզ,
խուզարկու լեզվով ես կլրտեսեմ մարմինդ համակ
և կպրպտեմ և կկրկտեմ փեթակը մեղրի։
Ա՜խ, ինչ համով են, ինչ զգայնոտիկ շուրթերը յարոջ,
ինքնավար լեզուն ժիր նվագում է իմ ատամներին՝
վարժ, ինչպես ճերմակ ստեղնաշարի...

Ի՞նչ անեմ, մամա՛,
ընդառաջ գնա՞մ սիրո ներթաքույց միակ խոստումին,
հպվե՞մ մատների տաք թմբիկներով,
լեզվի փշփուշով խուտուտե՞մ տամուկ,
շոյեմ-փաղաքշե՞մ ցողունը վերձիգ
և հյուրընկալե՞մ սիրո ճամբարում...
Ձրի եմ առել, ձրի էլ կտամ մարմինն այս նվեր,
որ ինձ փայ հասավ, որ շահեցի հեշտ
այն վերաշխարհիկ վիճակախաղում,
(հափչի՛, էսքան ճի՞շտ)։
Դե, միջնամատով թակիր դուռը գոց շարժական գույքիս,
հանիր բառերի սեղմ հանդերձանքը,
մորեմերկ սրտով մտիր իմ կայքը
և խարիսխ նետիր ծովածոցիս մեջ...
Ես քեզ կողողեմ ներսիս ջրերով
և թեժ արգանդիս ծորուն մյուռոնով քեզ կմկրտեմ և
կնքված ես արդեն և դավանորդն իմ։

Աղվեսները, հա, որջեր ունեն միշտ,
երկնքի բոլոր թռչունները՝ բույն,
քո որջն ու բույնը ես եմ, մարմինս,
եկ ու բնակվիր իմ մեջ, սիրելիս,
քաղցր է քո լուծը, եւ բեռդ՝ թեթեւ։
Ելիր մահիճս, ասես ամբիոն,
և ճառիր Ճարտար մարմնի վանկերով,
մարմնի հոլովով,
մարմնի բառերով,
խոսքով մարմընի,
ասմունքիր ասքը սիրո և կրքի արշավանքների,
խնդրիր՝ կտրվի,
բախիր՝ կբացվի,
թեպետ նեղ դուռ է, անձուկ ճանապարհ,
բայց, հու՜շ, անկողնում կանչողի ձայնն է՝
պատրաստել եմ ես քո ճանապարհը
և հարթել բոլոր շավիղները քո...
Դե, վարիր կառքը մկանակառույց, կառա
վարիր ինձ,
բարակ, կաշվեհյուս, բարակ, նրբահյուս, բարակ մտրակով
ուղղորդիր խրտնած ընթացքը կրքի,
կոնքերիս դաջիր զոլ-զոլ նշանդ
և դրոշակդ ծածանիր վրաս։

Վիոլետ Գրիգորյան. «Այս է մարմինը, որ հանձնված է... սիրուն»

Ես վայրի ջուր եմ,
ես խիտ ողկույզ եմ,
ես փուխր օդ եմ,
մտիր իմ հունը,
թաքնվիր իմ մեջ,
և ներշնչիր ինձ և արտաշնչիր
և ներշնչիր ինձ և արտաշնչիր
և ներշնչիր ինձ և արտաշնչիր,
խոր ներշնչիր ինձ, ա՜խ, արտաշնչիր,
ա՜խ, արտաշնչիր...
Ինչ հաճելի է քեզ ներընկալել, իմ սիրո մարզիչ, առույգ բարձընկեր,
չկա կանանցից ծնվածների մեջ լավը քեզանից...
Եվ երանի է իմ որովայնին, որ փշաքաղվեց լեզվիդ հպումից,
և երանի է իմ ստինքներին, որ ծառս են եղել լեզվիդ հպումից,
երանի է ինձ՝ տիրոջ աղախնիս, որ օրհնյալ եղա այսքան կանանց մեջ...

Մա՛մ, մի բարկանա,
տես, ինչ առողջ եմ,
տես, ոնց եմ կոփվել սիրո մարզանքում,
տես, սիրտս ուրախ, լեզուս ցնծուն է,
և իմ մարմինը հույսով է ապրում,
քանզի իմ անձը սիրո վայրում է...
Ով տեսնելու աչք ունի, թող նայի,
ինչ թովիչ նկար-
զույգ զոդ մարմինը՝ սավանին սփյուռ՝
հյուսված ծաղկեփունջ, ամեհի շուշան,
ոստրե բացուխուփ, տարուբեր ճոճան...
Ճոճիր մակույկս, իմ կայտառ քամի, զվարթ գործընկեր,
ճոճիր մակույկս, ընտիր թիավար, խելառ ծովահեն,
ճոճիր ինձ, մինչև իսպառ սպառվեմ,
մինչև վերջանամ ինքս ինձանից,
մինչև ինձանից ինքս դադարեմ,
ճոճիր ինձ այնքան, մինչեւ որ հասնեմ այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ-
ափ երանության...

Այդպես քայլ առ քայլ, այդպես բառ առ բառ,
դետալ առ դետալ, կանգառ առ կանգառ
ինձ քիփ ուղեկցիր իմ իսկ մարմընի լաբիրինթոսում
ու պաչիկ-պաչիկ, շարժում առ շարժում,
ու պաչիկ-պաչիկ, հնչյուն առ հնչյուն
ու պաչիկ-պաչիկ
ինձ տար անցկացրու իմ մարմնի շեմից,
ինձ տար հասցրու ուրախության տուն...
Ըհը, մի քայլ էլ, ըհը, մի շարժում և
Ճերմակ սավանին, ասես ճերմակ թուղթ,
երկու տող մարմնի շարահյուսությամբ գրված երկու խոսք՝

«Եվ կատարված է»։

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol21/d4d6625f517e-1-.jpg

Կատեգորիա: Սիրո պատմություններ | Ավելացրեց: Admin (25.04.2014) | Հեղինակ: Վիոլետ Գրիգորյան W
Դիտումներ: 4168 | Տեգեր: պոեզիա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ