Լիդա Նալբանդյան
Մարմնովս հանկարծ ցավեցնող սարսուռ անցավ... Մտածում էի` միգուցե ճի՞շտ էիր, երբ ասում էիր, թե շատ եմ մտածում, բայց տեքստը ամբողջացնելու, առավել ևս սկսելու համար ուղղակի անհրաժեշտ է մտածել: Սենյակի լույսերը մարեցին և գրչի հարվածներից թուղթը հանգիստ շունչ քաշեց: Այդպես էլ մտածում էի, որ չեմ կարողանա սկսել շարադրել մտքերս: Վերջերս թաղամասի լույսերը սկսել են կեսգիշերին շուտ-շուտ անջատել: Պատճառները հետաքրքիր են, քանզի ուզում եմ վայելել այն: Առավոտյան աչքերս բացելիս մտքով հաշվարկում եմ, թե երբ է գալու պարոն կեսգիշերը, որպեսզի ես, մեկ գավաթ սառը սուրճը ձեռքիս, սկսեմ նկարել մտքերից հյուսված, թախծով ողողված, խենթ անուրջներից իմ մտքերը: Միակ երևույթը, կամ էլ ակնթարթները, որոնք ստիպում են դեռ բացել աչքերս և մտքով տեղափոխվել դեպի կեսգիշեր: Երազ տեսա: Հետաքրքիրն այն էր, որ երազում քո գրկում էի, կրկին վայելում էի քո շունչը այտիս, հպումները մատներիդ մարմնիս վրա և հարյուրավորներին ասվող քո միևնույն խոսքերն ականջիս: Երազն անավարտ էր, չուներ սկիզբ, չուներ վերջ, բաÛց միայն անուրջների աշխարհում, մի վայր, որտեղ մտնում են անսահման երազողները և դուրս են գալիս, երբ բախվում են գետնին կպած հասարակության ծանր օրենքներին: Օրենքները հրաշալի են հաջողակների համար: Կապրեմ կտեսնեմ, հաջողակ գտնվեցի այս կյանքում, թե... Հիշում եմ, երբ նստած էինք միասին և ես ցրտից սրթսրթացող շրթունքներով ասացի, որ գիտեմ, թե ինչու եմ այսքան սիրում տանջանքը, ասացի, որ ենթագիտակցորեն կանչում եմ այդ զգացողությունը և խցկում կյանքիս մեջ: Անգամ գիտեմ, թե ինչու եմ դեռ կառչում մեր փուչ և չկայացած հարաբերություններից... գիտե՛մ: Իմ մեջ պակասում է սերը դեպ ինձ... Չծիծաղե՛ս: Ես պարզապես մոռացել եմ այն հայացքս, որն ուղղված էր դեպ երկինք և չէր վախենում, այլ ցնծում էր, երգեր էր հորինում և սուլում դրանք տուն տանող ճանապարհին: Ես ուզում եմ գտնել այդ էակին, բազմաթիվ կերպարներից, որոնք ապրում են իմ մեջ, ես ուզում եմ վերգտնել հենց նրան: Ես սիրում եմ իմ մեջ ապրող բոլոր խենթերին, խելացիներին, կոկետուհիներին, երեխաներին, հաջողակ-անհաջողակներին, տառապողներին, բայց... Բայց ուզում եմ վերհիշել հենց երազկոտ և որ ամենակարևորն է իր երազին արցունքոտ աչքերով նայող կերպարին: Ասվում էր, որ ինչ արել եմ անցյալում, արդեն վաղուց մրոտված էջեր են, դրանց ոչ մի ռետին չի ջնջի: Դրանք թերթեր են արդեն գրված գրքի, որոնց պատռելով կկորցնի իր իմաստը տառապանքով գրված գիրքը, բայց ես ուզում եմ ճղել օդը և ժամանակը` գտնելով դեպ ինձ տանող կամուրջը:
Օ՜, ինչքա՜ն եմ ես նախանձում բթին, որ բութ է և տկարին, որ տկար է, կամ էլ խենթին, որ խենթ է, քանզի մտածողը չունի զուտ մեկ բևեռ, նա ապրում է և՛ տկարություն, և՛ խենթություն, ամեն ինչ, բայց վերջում դատապարտում ինքն իրեն մտքերի դառը լեղիի մեջ լողալու համար: Ես եմ լույսը, այն ինչ քեզանից էի պահանջում լույս, քամել լույս լույսից և ստանալ ոչինչ, այնինչ լույսն իմ մեջ է: Ների՛ր ինձ, որ այսքան ինձ չեմ սիրում:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1184 |
| | |
