10:07 Ոսկերչություն. Արհեստ, որ արվեստի ուժն ունի | |
Հայկական լեռնաշխարհում ոսկին և արծաթը լայնորեն սկսել են օգտագործել դեռևս պղնձի-քարի դարում՝ Էնելոիթ- Ք. ա. 5-6 հզ.: Հայկական հարուստ մետաղահանքերի մասին բազմաթիվ վկայություններ են պահպանվել նաև հունա-հռոմեական պատմիչների գործերում: Սա են փաստում նաև հնագիտական հարուստ գտածոները: Բրոնզի դարից սկսած՝ Ք. ա. 4-2 հզ. ոսկին և արծաթը լայն կիրառություն են ստանում: Ոսկերչությունն ու արծաթագործությունը դառնում են դեկորատիվ կիրառական արվեստի առանձին ու ամենահարգի ճյուղերը: Հայաստանում գտնված բազմաթիվ ոսկյա և արծաթյա զարդերը, գավաթները, սկահակները աչքի են ընկնում նրբագեղ հորինվածքով և կատարման բարձր ճաշակով: Հայկական ոսկերչությունը առավել բարձր մակարդակի հասավ միջնադարում: Հայկական նշանավոր քաղաքներում` Դվին, Անի, Վան, Կարին և այլուր, գործում էին բազմաթիվ ոսկերիչ- արծաթագործներ, որոնք միավորված էին առանձին համքարության մեջ: Սրանց ներսում տեղի է ունենում նաև աշխատանքի բաժանում և առաջանում է խիստ մասնագիտացում: Ոսկերչությունից առանձնանում է արծաթագործությունը, սակայն շատ արհեստավորներ դեռևս շարունակում են համատեղել երկու մետաղների մշակման գործը: Հայկական ոսկերչության ավանդույթները շարունակվեցին նաև հետագա դարերում և հասան մեր օրերը: Այսօր` Հայաստանում, ոսկերչի մասնագիտացում և որակավորում կարելի է ստանալ մի քանի քոլեջներում և ուսումնական կենտրոններում: Դրանցից են Երևանի պետական ճարտարագիտական քոլեջը, որտեղ ուսուցանվող մի շարք մասնագիտությունների կողքին, գործում է նաև ոսկերչության բաժին: Այստեղ 10-ամյա միջնակարգ կրթությամբ դիմորդների համար ուսման տևողությունը մեկ տարի է, որի վարձավճարը կազմում է 130.000 դրամ: 8-ամյա կրթությամբ դիմորդների համար ուսուցումը 3 տարի է` անվճար, որի ընթացքում ոսկերչության մասնագիտական հմտություններին ծանոթանալուց բացի, ուսանողները ստանում են նաև միջնակարգ կրթություն: Դիմորդներն ընդունվում են առանց քննության, դասերն ամեն օր են, պրակտիկան ուսանողներն անցնում են քոլեջի ներսում, իսկ այն ավարտելուց հետո ստանում պետական դիպլոմ: Ոսկերչի մասնագիտական կրթությամբ ու պրակտիկայով ապահովում է նաև Երևանի ոսկերչական գործարանին կից գործող 6-ամսյա ոսկերչական դպրոցը, որի ուսման վարձն է 206.000 դրամ, ուսանողներն ամեն օր իրենց տեսական պարապմունքներն ու պրակտիկան անցնում են ասկերչական գործարանում, միաժամանակ մասնագիտանալով քար-ամրացման, փորագրության, ոսկերչության մեջ: Ընդունելության քննությունները անցկացվում է հարցազրույցի միջոցով, դասընթացի ավարտին տրվում է վկայական: Շաբաթական 3 օր, 6 ամիս տևողությամբ ոսկերչական դասընթացներ են գործում նաև «Մանանա» ուսումնական կենտրոնում, ողջ դասընթացի արժեքն է 150.000 դրամ, դիմորդներն անցնում են հարցազրույց, իսկ դասընթացի ավարտին ստանում պետական ստատուսով վկայական: Վարպետ Ահարոնն ասում է, որ իր ուսանողների մեջ եղել են տարբեր ազգության և տարբեր մասնագիտության տեր մարդիկ: Ուսանողների մեջ շատ են նաև բարձրագույն ավարտ մարդիկ, ովքեր գալիս են արհեստ ձեռք բերելու.«Շատ տաղանդավոր երիտասարդներ են գալիս կարմիր դիպլոմը ձեռքներին, ովքեր չեն կարողանում իրենց տունը պահել, իսկ սա արհեստ է, որը տուն է պահում»: Քննությունն անցնում է հարցազրույցի ձևով, որտեղ վարպետ-ոսկերիչը ուշադրություն է դարձնում դիմորդի նախասիրությունների վրա ու դրանից ելնելով ընտրություն կատարում. «Միգուցե ծնողն ուզում է երեխան ոսկերիչ դառնա, որպեսզի շատ փող աշխատի, բայց նա չունի այդ ջիղը ու ավելի լավ է կոշկակար դառնա»: Ըստ վարպետ Ահարոնի չկան պահանջարկ չունեցող մասնագիտություններ, կան պահանջված կամ չպահանջված մասնագետներ, իսկ ամենակարևորը` գործիդ մեջ վարպետ լինես: Ամեն ազգ իր յուրահատուկ զարդանախշերն ունի,- ասում է վարպետ Ահարոնը,- մեր զարդաքանդակներում կան և՛ բուսական և՛ կենդանական և՛ երկրաչափական զարդանախշեր, ինչպես նաև տարբեր սիմվոլիկաներ: Ոսկերչությունը, ինչպես մյուս մասնագիտությունները, ճյուղեր ունի իր մեջ` ոսկերիչ-փորագրիչ, ոսկերիչ-քար ամրացնող և ոսկերիչ-պատրաստող: Ուսումնարանում էլ համապատասխանաբար գործում են այս երեք բաժինները: Դասերն անցկացվում են ամեն օր, ուսուցման առաջին 10-15 օրերի ընթացքում ուսանողները տեսականորեն ուսումնասիրում են մասնագիտական տեխնոլոգիա, նյութաբանություն, ծանոթանում մետաղների հատկություններին, այնուհետև սովորում են փորագրել լատոնի վրա, ինչն ավելի կոպիտ մետաղ է ու սրա վրա աշխատելուց հետո ոսկերիչն արդեն կարող է աշխատել արծաթի ու ոսկու վրա: Վարպետ Ահարոնն ասում է, որ շատ հաճախ ծնողները կարծում են, թե իրենց երեխաները միանգամից արծաթի ու ոսկու վրա են աշխատելու և առաջին իսկ օրը հարցնում են` ինչքա՞ն արծաթ պիտի գնեն. «Երեխան ամեն օր այստեղ 100 գրամ նյութ է օգտագործում, եթե դա լինի արծաթ կամ ոսկի, ապա իր ուսումնառության ընթացքում այն կկազմի ամենաքիչը 12 կգ, ինչը ոչ մի ծնող միայն իր երեխայի սովորելու համար չի կարող գնել: Բայց արդեն իրենց ավարտական գործերի համար ես եմ արծաթ տրամադրում: Ուսումնարանում նրանք ապահովված են նաև այնպիսի գործիքներով, որ իրենց պետք չի, բայց դա էլ կա»: Ոսկերիչի ամենալավ հատկանիշը վարպետ Ահարոնը համարում է ազնվությունը, ավելացնելով, որ երբ ազնիվ ես աշխատում, շատ էլ վաստակում ես. «Մեծ համբերություն պետք է ունենաս, կարող է ողջ մի շաբաթ աշխատես մի գործի վրա ու փայլացնելու ընթացքում հանկարծ ձեռքիցդ ընկնի ու կոտրվի, բայց չպիտի հուսահատվես»: Ըստ վարպետ Ահարոնի կյանքի առաջընթացն է այնպիսին, որ յուրաքանչյուր սերունդ ավելի զարգացած է իր նախորդ սերնդից. «Իմ աշակերտը ինձանից լավը պետք է լինի: Արհեստավորի նախանձ ասվածը չեմ սիրում»:
Սոնա Ադամյան, «Լինա» ամսագիր Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |
|