Հարցեր փորձագետին. «Մայրս խոչընդոտ դարձավ իմ և նրա հաշտության համար…»:
  «Հարցեր հոգեբանին» ![]() «Ձեզ գրում է հուսահատված Անուշիկը:
Ես մամայիցս շատ նեղացած եմ ու չեմ կարողանում ներել նրան իր արարքի համար: Ես ու ընկերս միասին էինք արդեն երեք տարի: Բնական է, որ շատ ենք վիճել ու հաշտվել, բայց հինգ ամիս առաջ վիճեցինք այնպես, որ մեկ շաբաթ ոչ ես զանգեցի նրան, ոչ էլ նա` ինձ:
Ես անընդհատ մտածում էի, որ էլի կհաշտվենք, ինչպես առաջներում էր լինում, միայն թե նա զանգահարի:
Վիճելուց մեկ շաբաթ անց` երեկոյան, վերջապես նա զանգեց ու ասաց, որ մեր շենքի մուտքի մոտ է և սպասում է ինձ, իջնեմ` խոսենք:
Ճիշտ է, շատ էի սպասել այդ զանգին, շատ էլ ուրախ էի, բայց ցույց չտվեցի:
Մի քանի րոպեում հագնվեցի, մամայիս ասացի, որ ընկերս եկել է, գնում եմ, և ուզում էի դուրս գալ, մայրս անսպասելի ասաց. «Դու ոչ մի տեղ էլ չես գնա»:
Ես սկզբում ծիծաղեցի` մտածելով, որ կատակ է անում, բայց նա փակեց դուռն ու շարունակեց իր տարօրինակ հրամանը. «Հերիք է այդ տղան խաղ անի քեզ հետ... Ի՞նչ է, չի՞ հասկանում, որ չափերն անցնում է»:
Ես շատ զարմացա այդ վերջին խոսքերից ու փորձեցի համոզել մամային, որ այդ տղան` ընկերս, երբեք էլ իր չափերը չի անցել, որ դա միայն իր երևակայության արդյունքն է:
Նա սկսեց մեղադրել ընկերոջս այն բանում, որ նա դարձրել է ինձ այդքան ազատ, որ նրա հետ շփվելն ինձ շատ է փոխել, ես էլ այն չեմ... ու նման հազար բաներ...
Ես արդեն խնդրում էի, որ մայրս թույլ տար դուրս գամ գոնե մեկ րոպեով, բայց նա մնաց անդրդվելի: Նա զանգեց, իսկ ես հիմարի պես ասացի, որ չեմ կարող դուրս գալ: Հետո էլ անկարողի պես փակվեցի սենյակումս ու սկսեցի լացել:
Այս ամենն այնքան արագ կատարվեց, որ այդ պահին ուրիշ ելք չէի գտնում ու կարծում էի ամեն ինչ կպատմեմ նրան և նա կհասկանա: Բայց այդ օրվանից նա չերևաց, չզանգեց ու անհետացավ:
Մինչև հիմա նրան գտնել չեմ կարողանում: Տանն ասում են, որ երկրից հեռացել է, բայց չեմ հավատում: Նա երևի մտածում է, թե ես չուզեցի իջնել, այնինչ ես միայն ասացի, որ չեմ կարող... Չեմ հասկանում մի բան. ինչու՞ մայրս այդպես վարվեց ինձ հետ: Չեմ ուզում խոսել նրա հետ, առավել ևս` լսել: Նա հիմա այնքան գոհ է քայլում տան մեջ, որ ես չեմ էլ ուզում ապրել այդ նույն տանը:
Իսկ ես տանջվում եմ... Չես կարող պատկերացնել, ամեն ժամ, ամեն օր նրա մասին եմ մտածում: Նա չի հեռանում ինձանից... Ոչինչ չի ստացվում անել... Մտքերս ցրված են... Չեմ հաշտվում այն մտքի հետ, որ էլ չենք հանդիպելու :
Բաժանվել այսպես դաժանորեն... Մի՞թե կարելի է, Նարե ջան, դու ասա, ի՞նչ անեմ...
Չգիտեմ ի՞նչ կլինի իմ վերջը, ուժ կգտնեմ կատարվածի հետ հարմարվելու, նրան մոռանալու և մորս ներելու համար»:
Պատասխանում է Նարե Աթոյանը
- Հարգելի Անուշիկ, որպեսզի կարողանամ ինչ-որ կերպ օգնել քեզ, քո նամակը ընթերցել եմ բազմիցս: Բայց ինձ համար փակ մնացած հարցերին այդպես էլ պատասխաններ չեմ գտել, քանի որ դու չես նշում, թե նախկինում մայրդ ինչպես է վերաբերվել ընկերոջդ, արդյո՞ք դեմ չի եղել, որ դուք մտերմանաք, և նման հարցեր:
Ես պատկերացնում եմ, թե որքան ես վիրավորված, նեղացած, բայց պետք է ուժ գտնես մայրիկիդ հետ խոսելու համար, քանի որ միայն նա կարող է բացահայտել այն փակ մնացած մասը, որի պատճառով էլ չի ցանկացել, որ դուք հանդիպեք: Գուցե նա ընկերոջդ մասին լավ բաներ չի լսել կամ տեսել է նրան մեկ ուրիշի հետ, չէ՞ որ մեր քաղաքն այնքան փոքր է, որ այդ տեսակ դեպքերը վաղ թե ուշ ջրի երես են դուրս գալիս: Ես այսքանն ասում եմ միայն ենթադրելով, քանի որ քո մայրիկի արարքի համար այլ պատճառ չեմ գտնում:
Եթե քո ընկերը թաքցնելու ոչինչ չունենար, գուցե և չանհետանար: Կարելի է ենթադրել, որ նա չի ուզում երևալ քո աչքին, մտածելով, որ մայրդ ինչ- որ բան պատմել է քեզ:
Դու փորձիր այդ ամենը ճշտել հենց մայրիկիցդ և ցույց տուր, իբրև թե արդեն անտարբեր ես ընկերոջդ նկատմամաբ: Գուցե նա այս դեպքում բացատրի` ինչու է այդպես վարվել:
Մի մեղադրիր քեզ, որ չես գտնում նրան, կամ` որ նա չհասկացավ, երբ ասացիր` «չեմ կարող իջնել»: Ինչու՞ չես մտածում, որ կարող էր և ինքը զանգել, իմանալու համար քո` այդ օրը հանդիպման չգնալու պատճառը, վերջապես երեք տարի ընկերներ եք եղել: Կոնկրետ ինձ համար շատ-շատ անհասկանալի է, թե ինչու է նա հենց այնպես անհետացել: Եթե նույնիսկ երկրից դուրս է, կարող ենք ենթադրել, որ նրան տեղեկացնում են քո զանգերի մասին, այս դեպքում կրկին հարց է ծագում. ինչու՞ նա չի արձագանքում: Ինչքան էլ նեղացած լիներ (չնայած ես ինքս պատճառ չեմ գտնում), մի օր, ինչպես նախկինում, կրկին կզգար քեզ տեսնելու կարիքը:
Մի խոսքով, Անուշիկ ջան, նախքան ինչ-որ բան ճշտելը, դու մի’ հուսահատվիր, քանզի կոնկրետ դու քո արարքին բացատրություն ունես, այսինքն` մայրդ չի թողել: Իսկ ի՞նչ կասի նա...
Կարևորը հիմա մայրիկիդ հետ խոսելն է, որից հետո էլ ինքդ որոշիր նրան մոռանալ- չմոռանալու հարցը:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1414 |
| | |

