Լավագույն ֆիլմ-սիրավեպեր. Հրեշտակների քաղաքը / City of Angels / Город ангелов
![]()
  kiss.am ![]() Ժանր` դրամա, մելոդրամ Բյուջե` $ 55.000.000 Տևողությունը` 114 րոպե / 01:54 Թողարկման տարի` 1998թ. Ռեժիսոր` Բրեդ Սիլբերլինգ Սցենարիստ` Վիմ Վենդերս, Փեթեր Հանդկե, Ռիխարդ Ռայտինգեր Պրոդյուսեր` Չարլզ Ռովեն, Դոուն Սթիլ, Ռոբերտ Կավալլո Կոմպոզիտոր` Գաբրիել Յարեդ Մոնտաժ` Լինզի Կլինգմեն Հրեշտակները չեն ապրում երկնքում: Նրանք անտեսանելիորեն ներկա են մարդկանց կողքին` լսելով նրանց մտքերը, ուղղորդելով արարքներն ու գործողությունները, խրախուսելով, ոգևորելով ու մի հպումով մխիթարելով նրանց հուսահատության րոպեներին: Բայց նրանց համար գոյություն չունի մարդկային զգայարանների աշխարհը` սերը, կիրքը, համը սև սուրճի, վնասված մատի ցավը…Այդ է պատճառը, որ նրանցից ոմանց այնքա՜ն են գրավում հասարակ մարդիկ, որ երբեմն մի հրեշտակ կորցնում է իր թևերն ու դառնում սոսկ մահկանացու: Ինչը և տեղի է ունենում ֆիմի հերոսի հետ, ում գրավում է երկրային կնոջ հանդեպ զգացած իր սերը: «Սերը կարծես քամի է իմ ձեռքերում: Այնպե՜ս դյուրին է զգալ նրան, բայց այնպես դժվար է բռնել»: Սեթը պատահաբար տեսնում է բժշկուհի Մեգգի Ռայսին, ով հուսահատ փորձում է փրկել իր հիվանդներից մեկին... Ինչ որ մի պահ, ակնթարթ կնոջը թվում է, որ նա տեսնում է Սեթին, չնայած որ դա իրականում անհնարին է: Մեգգին անհավատալիորեն բարի է, նա էլ հրեշտակ է, միայն թե «երկրային». շատ ծանր է տանում իր հիվանդի մահը, իսկ Սեթը շարունակում է անդադար հետևել նրան: Կա այսպիսի մի անքակտելի կանոն հրեշտակների համար. <<Երբ հրեշտակը չի ցանկանում, որ իրեն տեսնեն, նրան ոչ ոք չի կարող տեսնել»: Եվ ահա վերջապես նրանք հանդիպում են… «Նա չէր հավատում հրեշտակների գոյությանը, մինչև որ չսիրահարվեց նրանցից մեկին»: Հրաժարվել հավիտենական գեղեցկությունից ու խաղաղությունից…Հանուն ինչի՞… կամ հանուն ու՞մ… հանուն երկրային կնոջ հանդեպ տածած սիրո, հանուն բույրերի ու հպումների, հանուն ցավի ու մահվան… միայն այդ ժամանակ ես դառնում լիարժեք «ազատ»: «Մենք կարող ենք տալ առանց սիրելու, բայց մենք չենք կարող սիրել, առանց տալու»: Ողջ ֆիլմը տալիս է քեզ մտորումների մի ամբողջ պաշար, հիշեցնում է այն մասին, ինչի մասին մենք ` մարդիկս շատ հաճախ մոռանում ենք` իսկական ընկերություն, սեր, գթասրտություն, օգնություն մերձավորին: Ամեն անգամ, երբ դիտում ես այս ֆիլմը, ցանկություն է առաջանում մոռանալ եսասիրության մասին և դառնալ ավելի բարի, ավելի լավը: Կյանքը-ամեն դեպքում գեղեցիկ է ու հրաշալի: Ապրել և՛ մարմնով, և՛ հոգով: Ո՛չ մի գեղեցկություն, ո՛չ մի երկնային խաղաղություն և բարձրագույն առաքելություն չի կարող փոխարինել դրան: Հրաշալի ֆիլմ, որ օգնում է թուլանալ, զգալ ու դարձյալ սիրել կյանքը… Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1878 |
| | |