ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾԵՐԸ. ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆ
12.02.2014, 20:10 | |||||||
![]() Նա իջավ ասես լուսնից` իր «լուսնային» քայլվածքով, դարձավ միլիոնավորների սիրելին, ստեղծեց ալբոմ, որը վաճառվեց ավելի քան 40 միլիոն օրինակով, հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում, դարձավ ամենասկանդալային պատմությունների գլխավոր հերոսը, ստացավ 13 Գրեմի, մասնակցեց ամենաերկար դատավարություններին, մեղադրվեց սարսափելի մեղքերի մեջ, համերգային շրջագայություններով մի քանի անգամ շրջեց երկրով մեկ, բիզնեսին արվեստի շունչ հաղորդեց ու «դարձավ» շոու-բիզնեսը, քանդեց սև ու սպիտակի պատնեշը, հռչակվեց փոփ-երաժշտության արքա, անցավ իրականի սահմանը, լեգենդի վերածվեց ու խիզախեց անցնել հորիզոնի սահմանը դեռ կենդանության օրոք: ![]() Սպիտակամաշկ դարձած սևամորթ երգիչը, որ դեռ կենդանության օրոք լեգենդի ու «փոփ երաժշտության» արքայի հռչակ էր ձեռք բերել, վաղաժամ հեռացավ կյանքից հենց այն ժամանակ, երբ որոշել էր կրկին բեմ վերադառնալ: Մայքլ Ջեքսոնն ընդամենը 51 տարեկան էր: Շոու-բիզնեսում Ջեքսոնը հայտնվեց դեռևս 5 տարեկանում, երբ նրա հայրը ստեղծեց «Ջեքսոն 5» խումբը, որի կազմում, Մայքլից բացի, նրա չորս եղբայրներն էին: Սկզբում ապագա փոփ-արքան խմբում ներառվեց որպես «էկզոտիկ» կերպար, բայց կարճ ժամանակ անց պարզվեց, որ 5 տղաներից ամենաառանձնահատուկ ձայնային տվյալներով հենց նա է օժտված: 70-ականներին խումբը բազմաթիվ հիթեր թողարկեց ու դարձավ ամենահայտնիներից մեկը: Բայց ժամանակի ընթացքում երիտասարդ Մայքլին սկսեց չբավարարել խմբի շրջանակներում ձեռք բերած փառքը, ու արդեն 1971-ին ձայնագրեց իր առաջին I’ll Be There սինգլը: Երբ նույն թվականին այս կատարումը հայտնվեց հիթ-շքերթներում ու միանգամից զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը, պարզ դարձավ, որ նոր գերաստղ է ծնվել: Կարճ ժամանակահատվածում, վաճառվելով 10 միլիոն օրինակով, Off the World ալբոմը վերջնականապես դուրս բերեց նրան մանկական շոու-բիզնեսից ու բացեց դռները դեպի մեծ աշխարհ: Սրան պիտի հաջորդեր Thriller ալբոմը, որ ոչ միայն պիտի մի քանի անգամ գերազանցեր Ջեքսոնի սեփական ռեկորդը (վաճառվել է ալբոմի ավելի քան 40 միլիոն օրինակ), այլև պիտի դառնար բոլոր ժամանակների ամենահայտնին ու ամենապահանջվածը: Ամենաթեժ տասնյակներում միանգամից սկսեցին հայտնվել նրա մի քանի երգերը: Հիթ-շքերթների հաջողությունները շարունակեցին սեփական մտահղացմամբ ծնված տեսահոլովակները, որոնք անընդհատ ցուցադրվում էին այն ժամանակ դեռ նոր ձևավորվող MTV ցանցով: Նրա հաջորդ` Bad (1987) և Dangerous (1991) ալբոմները թեև չկրկնեցին նախորդի ռեկորդային հաջողությունները, բայց դարձյալ վաճառվում էին միլիոնավոր օրինակներով, իսկ դրանցում տեղ գտած երգերը կրկին գլխավորում էին ամենահայտնի հիթ-շքերթները: 1993թ.ին նա բավականին անկեղծ հարցազրույց ունեցավ Օփրա Ուինֆրիի հետ, պատմեց սկանդալների առիթ դարձած մաշկի գույնի փոփոխության մասին, խոսեց անձնական կյանքից (Բրուք Շիլդսին անվանեց իր երկրորդ կես), խոստովանեց, որ իր ստեղծած Neverland-ում ապրում է հեքիաթի հերոս Փիթեր Փենի կյանքով: Բայց սկանդալային մեծ ալիքները առջևում էին: Նրան սկսեցին մեղադրել տարբեր հանցանք-զանցանքների մեջ, որոնցից ամենասարսափելին անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելն էր: Ու թեև նրան ի վերջո արդարացրին ու հանվեցին բոլոր մեղադրանքները, բայց այս ամենը զրկեց նրան կյանքի լավագույն տասը տարիներից ու հասցրեց սնանկացման: ![]() 2009թ.-ի հունիսի 25-ի գուժը ցնցեց աշխարհը: Կյանքից հեռացել է մարդ-լեգենդ Մայքլ Ջեքսոնը: Որպես արտիստ` Մայքլ Ջեքսոն երևույթը վաղուց արդեն բեմում չէր, սակայն մնացել էր մեծ արտիստ ու արվեստագետ: Ու այս ընթացքում նա ծնունդ էր տալիս ստեղծագործությունների, որոնք մեր դատին են հանձնվելու ավելի քան քսան ալբոմների տեսքով: Մենք պիտի շարունակենք սպասել նորանոր ստեղծագործությունների, երբ այլևս չի բաբախում նրա սիրտը: Հենց այստեղ էլ գծվում է սահմանը մարդու ու մարդ-ֆենոմենի միջև: Այս հուլիսի 7-ին Լոս Անջելեսի Staples Center մարզահամերգային կենտրոնում կայացավ փոփ արքայի հրաժեշտի արարողությունը, որն ուղիղ եթերով հեռարձակեցին աշխարհի բազմաթիվ հեռուստաալիքներ: Փոփ արքայի հրաժեշտի արարողությունը ցուցադրվեց նաև կինոթատրոններում և բազմաթիվ խոշոր քաղաքների հրապարակներում տեղադրված էկրանների վրա: Համերգային մարզադաշտում, բացի Ջեքսոնի ընտանիքից, հարազատներից, սպորտի և շոու-բիզնեսի աստղերից, ներկա էին նաև երգչի ավելի քան 17.000 երկրպագու: Տոմսեր ստանալու հայտ էր ներկայացրել 1.6 մլն մարդ, իսկ երկու անձի համար հրավիրատոմս էր ստացել 8.750 մարդ: Մայքլ Ջեքսոնի ոսկեզօծ բրոնզե դագաղը Staples Center-ի բեմ բարձրացրին երգչի եղբայրները` մեկ ձեռքին սպիտակ ձեռնոցով, որը հանգուցյալ երգչի տարբերանշանն էր: Արարողության սկզբում ընթերցվեցին Դայանա Ռոսի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի ցավակցական ուղերձները, ովքեր չկարողացան անձամբ ներկա գտնվել արարողությանը: Սգո արարողության երաժշտական մասի բացումը ազդարարեցին Մրայա Քերին և Թրեյ Լորենցը` Ջեքսոնի I’ll be there երգով: Բացի այդ, բեմում հանդես եկան Լայնել Ռիչին, Սթիվի Ուանդերը, Ջենիֆեր Հադսոնը և Աշերը: Հանգուցյալի եղբայր Ջերմեյն Ջեքսոնը կատարեց փոփ արքայի սիրած Smile երգը: Սգո արարողության եզրափակիչ մասում Ջեքսոնի ընտանիքի անդամները և արարողության հյուրերը միասին կատարեցին երգչի ամենահանրահայտ երգերից մեկը` Heal the World-ը: Ներկաների թվում էին նաև փոփ աստղի երեք զավակները` դուստրը` Փերիս Մայքլ Քեթրինը, որդիները` Փրինս Մայքլն ու Փրինս Մայքլ II-ը: «Հայրս աշխարհում ամենալավ հայրիկն էր, և ես նրան շատ եմ կարոտում»,- բեմից խոստովանեց Ջեքսոնի 11-ամյա դուստրը: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 927
| | |