Լեգենդար բիթլների կանայք (մաս 1-ին)
10.09.2013, 09:13 | |||||||
![]() Լեգենդար Բիթլզ քառյակի անդամները քիչ թե շատ պահպանել են կայունությունն ընտանեկան կյանքում` հաշվի առնելով մշտական գայթակղությունները, որոնց ենթակա էին լիվերպուլցի տղաները: Միլիոնավոր աղջիկներ սիրահարված էին նրանց և օր ու գիշեր կրկնում էին նրանց անուններն ու թաքուն երազում դառնալ աշխարհահռչակ քառյակի անդամներից որևէ մեկի կինը: Այսօրվա դրությամբ հայտնի են բիթլների ութ կանայք: Ջորջն ու Ռինգոն երկրորդ ամուսնական դաշինքը կնքեցին խմբի փլուզումից հետո: Բիթլների առաջին կանայք առանձնանում էին բավականաչափ համեստությամբ: Տրամաբանորեն նրանք պետք է դառնային ամենահայտնի կանայք աշխարհում, սակայն այդ փառքը վիճակվեց միայն Յոկո Օնոյին: Հանրահայտ քառյակի մյուս կանանց մասին հայտնի է անհամեմատ քիչ: Բիթլների առաջին կանայք (բացառությամբ Ռինգո Սթարի կնոջ) սպիտակամաշկ էին ու բացառիկ գեղեցկության տեր: Լիվերպուլցի տղաներն, այնուամենայնիվ, Զ.Լ.Մ-ներով առանձնապես չէին անկեղծանում իրենց անձնական կյանքի մասին: Այդ տարիներին հետաքրքրասեր լրագրողներն ու կպչուն պապարացցիները դեռ չէին «դարանակալում» աստղերի շուրջ: Հնարավոր է` բիթլների անձնակայն կյանքը չէր հրապարակայնացվում նաև այն նկատառումով, որ միգուցե ներկայացվող մանրամասները միանշանակ չընդունվեին բազմահազար խենթորեն սիրահարված երկրպագուհիների կողմից, և դա ինքնին վտանգ ներկայացներ թե’ խմբի անդամների կանանց, թե’ Բիթլզի հանրահայտության ու կոմերցիոն հաջողության համար: Դա էր պատճառը, որ նախքան մոդել Փաթի Բոյդի հետ ամուսնանալը 1966 թ.-ին Ջորջ Հարիսոնը օրհնանք խնդրեց ոչ թե հորից, այլ խմբի իմպրեսարիո Բրայան Էփսթայնից: Այդ ժամանակ բարքերն այլ էին, և ամուսնությունները բիթլների համար նշանակում էին նախևառաջ քաղաքակրթության կանոնների պահպանում: ![]() Սինթիան և Լենոնը Ջոն Լենոնը Սինթիա Փաուելին հանդիպեց 1957 թ.-ին Լիվերպուլի արվեստների քոլեջում և ամուսնացավ 1963 թ.-ին, որդու` Ջուլիանի ծնվելուց հետո, բիթլոմանիայի կիզակետում: 1962 թ.-ին լիվերպուլյան ակումբներից մեկում Ռինգո Սթարը հանդիպեց 15-ամյա Մաուրին Քոքսին, ով այն ժամանակ աշխատում էր գեղեցկության սրահում: Երբ 3 տարի անց նրանք ամուսնացան, Մաուրինն արդեն հղի էր: Ավելի ուշ Մաուրինը Ռինգոյին նվիրեց ևս երկու զավակ: Բիթլների առաջին կանայք չէին ուղեկցում ամուսիններին համերգաշարերի ընթացքում, չէին միջամտում խմբի աշխատանքային գործունեությանը: Սակայն ճշմարտության համար պետք է նշել, որ այս կանայք առանձնապես ներշնչանքի աղբյուր չէին Բիթլզի ստեղծագործական թռիչքների համար: ![]() Փաթի Բոյդը և Ջորջ Հարիսոնը Բացառություն դարձավ, թերևս, Բոյդը, ում Հարիսոնը նվիրեց «Something» (Ինչ-որ բան) երգը: Երգի ծնունդից ոչ շատ անց Բոյդը «խելքահան արեց» Հարիսոնի մերձավոր ընկերոջը` Էրիկ Քլեփթոնին, ով նրա պատվին գրեց «Layla» երգը: 8 տարվա համատեղ ամուսնական կյանքից հետո փոփոխական մուսան լքեց Հարիսոնին: Իսկ 1979 թ.-ին Հարիսոնը նվագեց իր նախկին կնոջ և մտերիմ ընկերոջ` Քլեփթոնի հարսանիքին: Ճիշտ է, այդ ժամանակ նա արդեն ամուսնացած էր Օլիվիա Արիասի հետ, ով իր համար որդի էր ծնել: Ինչ վերաբերում է Փաթիին, նա արդեն ներշնչանքի աղբյուր էր երկրո’րդ ամուսնու համար: Նախքան ապահարզանը 1988 թ.-ին Քլեփթոնը Փեթիին նվիրեց «The way you look tonight» (Տեսքը, որ ունես այսօր) երգը: Մինչև երգի թողարկումը խոստովանեց նաև, որ թմրանյութերի ազդեցության տակ ծեծել ու բռնաբարել է կնոջը: ![]() Լինդա Իսթմանը և Փոլ Մաքարթնին Բիթլներից ամենահամակրելին` Փոլ Մաքարթնին, ամուսնացավ ամենավերջինը: Բիթլոմանիայի ողջ ընթացքում նրա զուգընկերուհին էր անգլիացի դերասանուհի Ջեյն Աշերը: 1968 թվ.-ի տարեմուտին նրանք հայտարարեցին նշանադրության մասին: Այդուհանդերձ, Փոլի կինը դարձավ ինքնավստահ ամերիկուհի Լինդա Իսթմանը, ով աշխատում էր որպես լուսանկարիչ: Փոլն իր ապագա կնոջը հանդիպեց գիշերային ակումբում, ով այդտեղ էր եկել փոքրիկ դստեր հետ: Մաքարթնիի խոսքով` իր վրա ազդեցություն թողեցին Լինդայի մայրական զգացմունքերը: Նրանք ամուսնությունը գրանցեցին 1969 թ.-ին, երբ Լինդան հղիության երրորդ ամսում էր: Լինդան, սակայն, նման չէր բիթլների «առաջին սերնդի» մեղմ ու հանգիստ կանանց: 1969 թ.-ից սկսվեց նոր` շարժուն ու գործունյա կանանց շրջանը: ![]() Ջոն Լենոնը և Յոկո Օնոն Նույն թվականին Ջոն Լենոնը ամուսնացավ ճապոնուհի ավանգարդիստ Յոկո Օնոյի հետ: Ի դեպ, Լենոնը Սինթիայից բաժանվեց Յոկոյի հետ ծանոթությունից երկու տարի անց: Ասեկոսեներ էին տարածվել, որ նրանց հարաբերությունների սկզբում Յոկո Օնոն համառություն է ցուցաբերել և կապվածություն առաջացրել իր նկատմամբ: Յոկոյի հանդեպ երկրպագուները տհաճ վերաբերմունք ունեին. ավելի, քան` դեպի Լինդան: Նա միակ կինն էր, ով ներկա էր լինում երաժիշտների փորձերին և միջամտում Լենոնի գործերին: Խումբը նույնիսկ սկսեցին հեգնախառն անվանել «զարմանալի հնգյակ»: Բազմաթիվ երկրպագուներ մինչև հիմա էլ խմբի ցրման համար մեղադրում են Յոկո Օնոյին: Ոմանք էլ մեղադրում են Լինդային, ով իր ամուսնուն ծանոթացրեց Փոլ Ալան Քեյնի հետ, իսկ վերջինս չէր կարողանում ընդունել բիթլներին: Նյութի 2-րդ մասն՝ ԱՅՍՏԵՂ Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1867
| | |