Լյուքսեմբուրգյան ընտանիք
![]()
  "Լինա" ամսագիր Լյուքսեմբուրգցիները կյանքը սիրող մարդիկ են: Նրանք ոչ միայն իրենք են ուրախ ապրում, այլև միշտ ուրախությամբ են հյուրեր ընդունում: 450 000 բնակչություն ունեցող այս երկրում կարծես բոլորն իրար ճանաչում են կամ ազգականներ են: ![]() Մեծ ընտանիքի պես Հարմարավետ փոքրիկ փողոցներ, հին ամրոցներ, պետական հաստատությունների շենքեր, մաքրությունից փայլող արահետներ, որոնք երիզված են նախշազարդ պարիսպներով: Ասես մանկության պայծառ ու գունավոր հեքիաթում ես հայտնվում, ուր կարելի է մոռանալ ամեն ինչի մասին և զգալ օդում թևածող երջանկության շունչը: Կարող ես նստել սրճարանի հսկայական հովանոցի ստվերում և, մի բաժակ նրբահամ վարդագույն գինով վայելելով լյուքսեմբուրգյան համադամ ուտեստները, ժպիտներ փոխանակել փողոցում զբոսնող ընտանիքների հետ: Այստեղ աննկատ մնալն անհնար է: Բոլորը մեկի համար, մեկը` բոլորի Երկրորդ կեսին գտնելն այստեղ դժվար չէ: Այդ հարցում անպայման օգնության են հասնում հարազատներն ու ընկերները: Եթե նույնիսկ շրջապատում հարմար թեկնածու չկա, հոգ չէ, կարելի է համացանցից (ինտերնետ) գտնել: Լյուքսեմբուրգի բնակչության մեկ քառորդը դեմ չէ արտասահմանցու հետ ամուսնանալուն: Միայնակներին օգնության են շտապում նաև զբոսաշրջության գրասենյակները, որոնք հատուկ ուղևորություններ են կազմակերպում: Այստեղ պարային ակումբներ են գործում հատուկ ծրագրով, որը կոչվում է` «Նրանց համար, ովքեր արդեն…»: Սակայն կա մի վայր, որտեղ լյուքսեմբուրգցիները խուսափում են ծանոթանալ: Դա փողոցն է: Հարսանիք` երեխաների հետ Սովորաբար տղայի և աղջկա միջև առաջին ընկերությունն սկսվում է քոլեջում: Արդեն 18 տարին լրանալուց հետո զույգը կարող է մի փոքրիկ բնակարան վարձել և փորձնական ընտանիք կազմել: Ամուսնության ամենաընդունված ձևը քաղաքացիականն է: Այստեղ արդեն ժամանակավրեպ է համարվում անձնագրում ամուսնության կնիք դնելը: Ըստ վիճակագրության մինչև 38 տարեկան կանանց 60%-ն ամուսնությունը պաշտոնապես չի գրանցում: Իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, որոշում են պաշտոնապես ամուսնանալ, սկզբում նշանադրության արարողություն են կատարում: Փեսացուն իր ընտրյալին ոսկե մատանի է նվիրում, ցանկալի է` ադամանդով: Ի դեպ, այն թաքցնում է կարկանդակի մեջ կամ գցում գինու բաժակի մեջ, որպեսզի հարսնացուն պատահաբար գտնի: Հնարավոր է, որ աղջիկը միտքը փոխի և, նվերը վերադարձնելով, ինքն էլ իր հերթին փեսացուին անակնկալ մատուցի: Շատ զույգեր հարսանիքը որևէ հին ամրոցում են կազմակերպում: Հարսանեկան արարողության ժամանակ նորապսակների ետևից հաճախ նրանց սեփական երեխաներն են քայլում: Պատահում է նաև, որ հարսնացուն հղի է լինում: Օրինակ, 2008 թվականին նորածինների 40%-ն ամուսնությունը չգրանցած զույգերի ընտանիքներում է լույս աշխարհ եկել: Սիրի'ր և հարգի'ր մերձավորիդ Երեխայի ծնվելուց հետո կինը երկընտրանքի առջև է հայտնվում. շարունակել կարիերա՞ն, թե՞ նվիրվել ընտանիքին: Երկրում մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված շատ քիչ հաստատություններ են գործում: Լյուքսեմբուրգում նաև ընդունված չէ երեխաներին տատիկների ու պապիկների խնամքին թողնելը: Վերջին տարիներին երկրում մտահոգիչ խնդիր է դարձել ծնելիության ցածր մակարդակը: Քսաներորդ դարում 1000 մարդուն ընկնում էր 31 երեխա, իսկ 2005 թվականին՝ միայն 11: Այսօր հազվադեպ է պատահում, որ ընտանիքում 3 երեխա լինի: Եվ սա այն դեպքում, երբ կինը ծննդաբերելիս միանվագ ստանում է 1567 եվրո, իսկ հետո՝ ամենամսյա նպաստ, չհաշված հարկային բավականին մեծ արտոնությունները: ![]() Ընտանեկան կյանքի հիմքում հարգանքն է յուրաքանչյուրի, նույնիսկ՝ ամենակրտսեր անդամի նկատմամբ: Այստեղ երեխաների վրա չեն բղավում, իսկ նրա հետույքին խփելն արգելված է: Երեխայի տխուր հայացքը բավական է, որ դպրոցի տնօրենը սկսի հետաքրքրվել, թե ինչպես են նրան վերաբերվում իր ընտանիքում: Ծնողներն իրենց երեխաների հանդեպ սիրալիր լինելով հանդերձ, միաժամանակ նրանց երես չեն տալիս: Փոքրիկները ծննդյան օրից արդեն գիտեն, որ մայրիկն իր գործերն ունի, և ինքը պետք է սովորի դժվարություններն ինքնուրույն հաղթահարել: Տասնհինգ տարեկանից դեռահասները սկսում են աշխատել, որպեսզի կարողանան սեփական կարիքներն իրենց վաստակածով բավարարել: Թերթեր են ցրում, գովազդ տարածում: Քաղաքացին թանկ արժե Եթե լյուքսեմբուրգցի փոքրիկին հարցնեք, թե որտեղ են աշխատում նրա ծնողները, տասը պատասխանից ինը կլինի՝ «Հայրիկը՝ բանկում, իսկ մայրիկը գնումներ է անում»: Եվ դա իսկապես այդպես է, քանի որ ընդամենը 3000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա 200 բանկ է գործում: Լյուքսեմբուրգում նվազագույն աշխատավարձը երկու անգամ բարձր է եվրոպական միջին աշխատավարձից: Սակայն նույնիսկ այդ համեմատաբար մեծ գումարը շատ արագ վերջանում է, քանի որ պետք է վճարել ապառիկ վերցված տան, ավտոմեքենայի համար, զանազան ապահովագրական մուծումներ և ամենատարբեր գնումներ անել: Ի դեպ, ապրանքների գներն էլ բավականին բարձր են: Պետական բոլոր պարտքերն ու վճարումները կատարելու համար այս երկրի բնակիչը պետք է տարվա 365-ից 166 օրն աշխատի, այն դեպքում, երբ Անգլիայում նույն նպատակով պետք է 129 օր աշխատել, Հոլանդիայում՝ 158, իսկ Շվեդիայում՝ 195: Միևնույն ժամանակ լյուքսեմբուրգյան ընտանիքի գրեթե բոլոր անդամները, թե՛ տատիկներն ու պապիկները, թե՛ երիտասարդ մայրիկներն ու փոքրիկները, սոցիալապես ապահովագրված են: Պետությունն իր յուրաքանչյուր քաղաքացու վրա տարեկան 35 000 եվրո է ծախսում: Աշխատանքն ի՛ր տեղն ունի, ընտանիքը՝ իր Բնիկ լյուքսեմբուրգցիները կոկիկ են, պարտաճանաչ և աշխատասեր, ինչպես գերմանացիները: Միաժամանակ շփվող են, բարյացակամ և կայտառ, ինչպես ֆրանսիացիները: Երեկոյան վեցից հետո թվում է, թե երկրում մեռյալ ժամ է հայտարարված. խանութները փակվում են, փողոցները դատարկվում: Լյուքսեմբուրգցիները տուն են շտապում, ընտանիքը հավաքվում է սեղանի շուրջ, որի վրա հաճախ ոչ թունդ գինի է դրվում: Այստեղ աշխատանքային և հանգստի ժամերը խստորեն սահմանազատված են: Աշխատավայրում ընտանիքի մասին չեն խոսում, իսկ տանն ընդունված չէ հիշել աշխատանքի մասին: Կոկիկ ու կարգապահ՝ նաև միմյանց հանդեպ Լյուքսեմբուրգցիները մի փոքր պահպանողական են£ Ամենատարբեր նորություններն ընդունվում են միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն խիստ անհրաժեշտություն են դառնում: Չեն սիրում, երբ խաթարվում է իրենց օրվա սովորական ընթացքը: Եթե նույնիսկ դրա պատճառն իրենց համար շատ հաճելի իրադարձություն է կամ այցելություն: Այնպես որ նրանք առանց տեղեկացնելու հյուր չեն գնում: Նաև սեփական զավակին այցելելուց առաջ անպայման նրան տեղյակ են պահում: Մայրիկից սկսած՝ փոքրիկով վերջացրած, ընտանիքի բոլոր անդամները կոկիկ հագնված են, իսկ ընտանի կենդանիներն էլ մաքուր են և ժամանակին խուզված: Ի դեպ, կենդանիներ շատերն են պահում և նրանց վերաբերվում են այնպես, ինչպես ընտանիքի անդամներին: Այս երկրում նույնիսկ լրջորեն քննարկվում է ավտոմեքենայում կենդանիներին անվտանգության գոտիներ հագցնելու մասին օրենք ընդունելու հարցը: Իշխանությունները մտածում են նաև այն մասին, որ փողոցներից կայծակնային արագությամբ անհետանան մեր «փոքրիկ բարեկամների» արտաթորանքները: Դրա համար էլ գուցե շուտով կենդանիների հետ զբոսնելիս հատուկ փաթեթներ, լաթեր ու «շվաբրեր» վերցնելու կարիք զգացվի: Լյուքսեմբուրգի բնակիչները չափազանց ուշադիր են նաև տան կահավորման և մաքրության հարցերում: Ծնողներն ընդգծված ջերմեռանդությամբ փոքրիկի սենյակում գունավոր պաստառներ են փակցնում, ամենուր սիրում են ծաղիկներ դնել: Գերադասում են քաղաքից դուրս, սեփական տանն ապրել և միայն աշխատանքի համար քաղաք գնալ: Ժամանակն իզուր չի անցնում Լյուքսեմբուրգում մարդիկ ամենատարբեր դասընթացների են հաճախում՝ խոհարարության և դիզայնի, ֆլորիստիկայի և լուսանկարչության, ինտերնետ-կայքերի ձևավորման և բնակարանի հարդարման, յոգայի և երաժշտության, պարի ու ձեռագործի… Սիրում են տեղական երաժշտական ֆոլկլորը: Շատերը տարված են տարբեր լեզուներ սովորելով: Կարելի է ասել, Լյուքսեբուրգում լեզուներ սովորելը ազգային ավանդույթ է, քանի որ այստեղ երեք պաշտոնական լեզու է գործում՝ ֆրանսերեն, գերմաներեն և լյուքսեմբուրգերեն: Նաև շատ են սիրում սպորտով զբաղվել: Երբեմն ընտանիքի բոլոր անդամներն էլ մարզական պարապմունքների են հաճախում: Կյանքը գեղեցիկ է Լյուքսեմբուրգում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը կազմում է 75 տարի, իսկ կանանցը՝ 81: Եվ նրանք բոլորն էլ հաճելի կյանքով են ապրում: Անկեղծորեն սիրում են իրենց ունեցածն ուրիշների հետ կիսել: Հաճախ դուռը թակում են ու փող խնդրում ամենատարբեր բարեգործական կարիքների համար: Ընդունված է մանկական հագուստ հավաքելը: Հագուստը միշտ կարգի է բերվում, որպեսզի ուղարկվի աշխարհի այլ երկրներում բնակվող կարիքավորներին: Լյուքսեմբուրգցիները նաև իրենց ուրախությունն են սիրում ուրիշների հետ կիսել: Նրանք ողջ աշխարհից հյուրեր են հրավիրում՝ մասնակցելու հուլիսին անցկացվող պարերի և մնջախաղի փառատոնին, օգոստոսին Մոզելյան դաշտավայրում սկսվող և խոր աշնանն ավարտվող տոնակատարությանը: Տեղի բնակիչները նաև մեծ հաճույք են ստանում զանազան տոնախմբություններ ու երթեր կազմակերպելուց: Օրինակ, կարող եք ականատես դառնել ոչխարների երթին, երբ լայնեզր գլխարկներով գյուղացիները երաժշտության ուղեկցությամբ փողոցներով ոչխարներ են քշում: Քաղաքի կենտրոնում գտնվող ամենահին տան ճակատին գրված է՝ «Մենք ցանկանում ենք մնալ այնպիսին, ինչպիսին կանք»: Եվ սա, իսկապես, այս փոքրիկ երկրի քաղաքացիների անկեղծ ցանկությունն է: ![]() Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2019 |
| | |