Անտ. Էքզյուպերի. հատված «Փոքրիկ իշխան»-ից
  kiss.am «Ես իմ վարդի համար պատասխանատու եմ ...» ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ ![]() ԼՍԵԼ ԿԱՄ ՆԵՐԲԵՌՆԵԼ ԱՈՒԴԻՈԳԻՐՔԸ - Բարև,- ասաց նա: - Բարև,- քաղաքավարի պատասխանեց Փոքրիկ իշխանը, գլուխը շուռ տալով: Բայց նա ոչ ոքի չտեսավ: - Ես այստեղ եմ,- նորից լսվեց ձայնը: - Խնձորենու տակ… - Դու ո՞վ ես,- հարցրեց Փոքրիկ իշխանը: - Ինչքան սիրուն ես… - Ես աղվեսն եմ,- ասաց աղվեսը: - Մի քիչ խաղա ինձ հետ,- խնդրեց Փոքրիկ իշխանը, - ես շատ տխուր եմ: - Ես քեզ հետ խաղալ չեմ կարող, - պատասխանեց աղվեսը, - ես ընտելացված չեմ: - Ախ. ներիր,- ասաց Փոքրիկ իշխանը: Հետո մի փոքր մտածելով, հարցրեց. - Իսկ ինչպե՞ս են ընտելացնում: - Դու տեղացի չես երևում,- նկատեց աղվեսը: -Ի՞նչ ես փնտրում այստեղ: - Մարդկանց եմ փնտրում, - պատասխանեց Փոքրիկ իշխանը: - Իսկ ինչպե՞ս են ընտելացնում: - Մարդիկ հրացան ունեն և որսի են դուրս գալիս: Դա շատ անհարմար բան է: Հետո՝ նրանք հավ են պահում: Նրանց լավն էլ միայն այդ է: Դու հա՞վ ես փնտրում: - Ոչ,- ասաց Փոքրիկ իշխանը: - Ես բարեկամ եմ փնտրում: Իսկ ինչպե՞ս են ընտելացնում: - Դա վաղուց մոռացված հասկացություն է,- բացատրեց աղվեսը:- Դա նշանակում է՝ կապվել մեկի հետ…- Կապվե՞լ… - Հենց բանն էլ այդ է ,- ասաց աղվեսը: -Դու ինձ համար առայժմ միայն մի փոքրիկ տղա ես, այնպես ինչպես մյուս հազարավոր տղաները: Եվ դու ինձ պետք չես: Ես էլ քեզ պետք չեմ: Ես քեզ համար ընդամենը մի սովորական աղվես եմ, այնպես ինչպես մյուս հարյուր հազարավոր աղվեսները: Բայց եթե դու ինձ ընտելացնես, մենք անհրաժեշտ կդառնանք մեկս մյուսի համար: Դու ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս, ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը… - Ես սկսում եմ հասկանալ, ասաց Փոքրիկ իշխանը: - Մի վարդ կար… որը երևի ինձ ընտելացրել էր… - Շատ հավանական է,- համաձայնեց աղվեսը: - Երկրի վրա ինչեր ասես, որ չեն լինում: - Դա երկրի վրա չէր,- ասաց Փոքրիկ իշխանը: Աղվեսը շատ զարմացավ: - Ուրիշ մոլորակի վրա՞… - Այո: - Իսկ այդ մոլորակի վրա որսորդներ կայի՞ն: - Ոչ: - Ինչ հետաքրքիր է: Իսկ հավ կա՞: - Ոչ: - Աշխարհում կատարյալ ոչինչ չի լինում,- հառաչեց աղվեսը: - Իմ կյանքը ձանձրալի է անցնում: Ես հավ եմ որսում, իսկ մարդիկ որսում են ինձ: Բոլոր հավերը մեկ են և մարդիկ էլ մեկ են: Եվ իմ կյանքը ձանձրալի է: Բայց եթե դու ինձ ընտելացնես, իմ կյանքը ոնց որ արեվից՝ կլուսավորվի: Քո ոտնաձայները ես հազարավոր ոտնաձայներից կտարբերեմ: Մարդկանց ոտնաձայները լսելով՝ ես միշտ փախչում եմ և թաքնվում գետնի տակ: Բայց քո քայլվածքը երգի պես ինձ կկանչի, և ես դուրս կգամ իմ թաքստոցից: Եվ հետո նայիր… Տեսնու՞մ ես, այնտեղ արտերի մեջ հասունանում է ցորենը: Ես հաց չեմ ուտում: Հասկեր ինձ պետք չեն: Ցորենի արտերն ինձ ոչինչ չեն հիշեցնում: Եվ դա շատ տխուր բան է: Բայց դու ոսկե մազեր ունես: Եվ ինչքան լավ կլինի, որ դու ինձ ընտելացնես: Ոսկե ցորենը կհիշեցնի ինձ քո մասին: Եվ ես կսկսեմ սիրել քամուց օրորվող հասկերի շրշյունը… Աղվեսը լռեց ու երկար ժամանակ նայում էր Փոքրիկ իշխանին: Հետո ասաց. - Խնդրում եմ ընտելացրու ինձ: - Ես ուրախությամբ այդ կանեի,- պատասխանեց Փոքրիկ իշխանը,- բայց ես անյքան քիչ ժամանակ ունեմ… Ես դեռ բարեկամներ պիտի փնտրեմ և նրանցից դեռ ուրիշ բաներ պիտի իմանամ: - Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել,- ասաց աղվեսը:- Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ են պատրաստի գնում խանութներում: Բայց չէ՞ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն: Եթե ուզւոմ ես բարեկամ ունենալ, ընտելացրու ինձ: - Իսկ դրա համար ի՞նչ է պետք անել,- հարցրեց Փոքրիկ իշխանը: - Հարկավոր է համբերություն ունենալ,- պատասխանեց աղվեսը:- Նախ նստիր այնտեղ, խոտի վրա, այ այդպես: Ես քեզ վրա ծուռ-ծուռ կնայեմ, բայց դու սուս մնա: Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն: Նստիր այնտեղ, բայց օր-օրի վրա մի փոքր մոտեցիր… - Ավելի լավ է միշտ նույն ժամին արի,- խնդրեց աղվեսը:- Ա՜յ, օրինակ, եթե դու գաս ժամը 4-ին, ես ժամը 3-ից արդեն ինձ երջանիկ կզգամ: Ժամը 4-ին ես արդեն կսկսեմ հուզվել և անհանգստանալ: Ես կսկսեմ զգալ երջանկության գինը: Իսկ եթե դու ամեն անգամ տարբեր ժամի գաս, ես չեմ իմանա, թե որ ժամի համար նախապատրաստեմ իմ սիրտը… Անհրաժեշտ է պահպանել ծիսակատարությունը: - Իսկ ի՞նչ բան է ծիսակատարություն,- հարցրեց Փոքրիկ իշխանը: - Դա էլ վաղուց մոռացված բան է,- բացատրեց աղվեսը:- Դա մի բան է, որի շնորհիվ մի օրը այլևս նման չի լինում մյուս օրերին, ժամը՝ մյուս ժամերին: Այ օրինակ, իմ որսորդները այսպիսի ծիսակատարություն ունեն. Հինգշաբթի օրերը նրանք պարում են գյուղի աղջիկների հետ: Եվ ի՜նչ հիանալի օր է հինգշաբթին: Ես զբոսանքի եմ գնում և հասնում մինչեւ խաղողի այգիները: Իսկ եթե որսորդները պարեին երբ խելքներին փչեր, բոլոր օրերը միանման կլինեին, և ես երբեք չեի հանգստանա: Այսպես Փոքրիկ իշխանը աղվեսին ընտելացրեց: Եվ ահա հասավ հրաժեշտի ժամը: - Ես լաց կլինեմ քեզ համար,- հառաչեց աղվեսը: - Դու ես մեղավոր,- ասաց Փոքրիկ իշխանը:- Ես չեի ուզում, որ քեզ համար դժվար լինի, դու ինքդ խնդրեցիր, որ քեզ ընտելացնեմ: - Այո իհարկե,- ասաց աղվեսը: - Բայց դու լաց կլինես: - Այո, իհարկե: - Նշանակում է, որ վատ ես զգում քեզ: - Ոչ,- առարկեց աղվեսը:- Ես ինձ լավ եմ զգում: Հիշիր, թե քեզ ինչ էի ասում ոսկե հասկերի մասին: Նա լռեց: Հետո ավելացրեց: - Գնա մի անգամ էլ նայիր վարդերին: Դու կհասկանաս, որ քո վարդը աշխարհում միակն է: Իսկ երբ վերադառնաս ինձ հրաժեշտ տալու, ես քեզ մի գաղտնիք կասեմ: Դա կլինի իմ նվերը քեզ: Փոքրիկ իշխանը գնաց վարդերին նայելու: Դուք բոլորովին նման չեք իմ վարդին,- ասաց նա:- Դուք դեռ ոչինչ եք: Ոչ ոք ձեզ չի ընտելացրել: Առաջ իմ աղվեսն էլ ձեզ նման էր: Նա ոչնչով չէր տարբերվում մյուս հարյուր հազարավոր աղվեսներից: Բայց ես նրա հետ բարեկամացա, և հիմա նա միակն է ամբողջ աշխարհում: Վարդերը շփոթվեցին: - Դուք գեղեցիկ եք, բայց դատարկ,- շարունակեց Փոքրիկ իշխանը:- ՁԵզ համար ոչ ոք չի ուզենա մեռնել: Իհարկե, պատահական անցորդը, նայելով իմ վարդին, կասի, որ նա ճիշտ և ճիշտ ձեզ նման է: Բայց ինձ համար միայն նա ավելի թանկ է, քան դուք բոլորդ: Չէ՞ որ նրա՛ն, ոչ թե ձեզ էի ամեն օր ջրում: Նրա՛ն և ոչ թե ձեզ էի ամեն օր ապակիով ծածկում: Քամուց պաշտպանվելու համար նրա՛ն էի շիրմայով առանձնացնում: Նրա՚ համար ես սպանեցի թրթուրներին և միայն երկու-երեք հատ թողեցի, որ թիթեռներ դուրս գան: Ես լսում էի, թե ինչպես է նա տրտնջում և ինչպես է պարծենում, ես լսում էի նրան նույնիսկ այն ժամանակ, երբ նա լռում էր: Նա իմն է: - Մնաս բարով,- ասաց նա: - Մնաս բարով,- ասաց աղվեսը:- Ահա իմ գաղտնիքը, որը շատ հասարակ է՝ միայն սրտի աչքն է սրատես: Ամենագխավորը աչքով չես տեսնի: - Ամենագլխավորը աչքով չես տեսնի,- կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի: - Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին: - Որովհետև ես նրան տվել եմ իմ ամբողջ հոգին…- կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի: - Մարդիկ մոռացել են այս պարզ ճշմարտությունը,- ասաց աղվեսը:- Բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար: - Ես իմ վարդի համար պատասխանատու եմ …- կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3012 |
| | |
