«Մայրս չընդունեց ընկերուհուս, քանի որ նրա կյանքում արդեն եղել էր անհաջող ամուսնություն...»
  Նարե Աթոյան «Մայրս չընդունեց ընկերուհուս, քանի որ նրա կյանքում արդեն եղել էր անհաջող ամուսնություն...» ![]() «Ընկերուհուս հետ, կարելի է նաև ասել կնոջս, արդեն 7 տարի է ապրում ենք մի տան մեջ, սիրում ենք իրար, երջանիկ ենք, որ իրար հետ ենք, մեր հարաբերություններում ամեն ինչ լավ է, բայց միևնույնն է 7 տարի է մի բայց խեղդում է ինձ... մորս անհամաձայնությունը: Հենց սկզբից մայրս չընդունեց ընկերուհուս, քանի որ նրա կյանքում արդեն եղել էր անհաջող ամուսնություն, մեր ձևով ասած` ամուսնացած - բաժանված էր: Մենք, միևնույնն է շարունակում էինք հանդիպել: Ես կարծում էի մայրս կամաց- կամաց կհաշտվի այն մտքի հետ, որ ես և ընկերուհիս միասին ենք լինելու, և կդադարի արհամարհել ընկերուհուս, այնինչ նա արհամարհեց նաև իմ որոշումը, երբ հայտնեցի, որ ուզում ենք ամուսնանալ: Հարսանիք չարեցինք, չամուսնացանք ու չստացանք ամուսնության վկայական, բայց սկսեցինք միասին ապրել մի հարկի տակ, քանի որ երկուսիս համար էլ անհնար էր հետաձգել մեր միությունը: Կինս միշտ հարգանքով է խոսում մորս մասին, երբեք ավելորդ արտահայտություններ թույլ չի տալիս ասել նրա հասցեին, և չի կանգնում մեր միջև, այնինչ մայրս սկսում է նախատել կնոջս, եթե ես ուշ- ուշ եմ տեսության գնում նրան: Բայց իրականում հակառակն է, կինս է ինձ ասում գնա, զանգիր, տես մայրդ ոնց է: Այս մասին ասում եմ մորս, բայց դա էլ ոչինչ չի փոխում, հակառակը սկսում է հիշել անցած- գնացած օրերը, թե ինչու էսպես եղավ, և այլն: Մայրս այնպես է խոսում ամուսնացած- բաժանված կնոջ մասին, կարծես այդ կինը երբեք լավ մարդ չի կարող լինել: Չեմ ուզում նրան հակառակն ապացուցել, քանի որ միևնույնն է, նա իրենն է պնդում: Եվ մայրս, և կինս թանկ են ինձ համար, երկուսին էլ ուզում եմ երջանիկ տեսնել, որից ավելի շատ ես եմ երջանկանալու, բայց մայրս խոսք անգամ չի ուզում լսել կնոջս ընդունելու մասին, և մենք շարունակում ենք ապրել այսպես: Ինքս ինձ տանջում եմ տարբեր հարցերով, միշտ հարց եմ տալիս, թե ինչու ամեն ինչ այս կերպ ընթացավ, և պատասխան չեմ գտնում... Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող եմ անել ես, որ չեմ արել այս 7 տարիների ընթացքում, որ դուրս գամ այս տհաճ վիճակից»: Հակոբ Թ. Պատասխանում է «Բրավո հայեր» ամսագրի փորձագետ Նարե Աթոյանը: Հակոբ, դու հայտնվել ես շատ տխուր իրավիճակում, և միայն դու ինքդ կարող ես կարգավորել այն: Կարծում եմ, բոլոր ազգերի բոլոր տղամարդկանց համար էլ երջանկություն է, երբ մոր և կնոջ հարաբերություններում համերաշխություն է տիրում: Սա ազատում է տղամարդուն ավելորդ գլխացավանքից, և նա ստիպված երկու կես չի լինում, որպեսզի կարողանա թե մեկի, թե մյուսի պարտադրած չափով ուշադրություն ցուցաբերել: Ուշադրություն ասելով պետք է հասկանանք խնամք, հոգատարություն, նվերներ, զանգեր և այլն, և այլն: Իսկ երբ մեկի հանդեպ ուշադրությունը շատ է, և մյուսը դա խանդով է ընկալում, սկսվում է անհաշտությունը, քանի որ կինը մնում է կին` մայր է, կին է, քույր, թե ընկերուհի, նրանց բոլորին էլ պետք է համապատասխան ուշադրություն տրամադրել: Չգիտեմ, գուցե դու 7 տարի առաջ, երբ հանդիպում էիր ներկայիս կնոջդ հետ, քո ունեցած ողջ ուշադրությունը տրամադրել ես նրան, և մորդ մոտ վախ է առաջացել, որ նա քեզ «կտանի» ու ինքը կմնա առանց քեզ... Երևի թե այդպես էլ լիներ, եթե քո կինն իրոք ատելությամբ լցվեր քո մոր հանդեպ և քեզ թույլ չտար նրան այցելեիր: Բայց քո նամակը հակառակն է ասում. քո կինն է հիշեցնում քեզ, որ այցելես մորդ... Այ, տեսնում ես, քո կողմից մայրդ հաստատ անտարբերություն է նկատել, և դա վերագրել է կնոջդ, ինչքան էլ դու հիմա ուզում ես հակառակն ապացուցել: Երեխաներ չգիտեմ, ունեք, թե ոչ, բայց ունենալու դեպքում պետք է որ քո մայրը նրանց տեսնելու ցանկություն հայտներ, թեկուզ իր տանը: Եթե դեռևս չունեք, ապա լրջորեն մտածեք այդ մասին, գուցե ձեր առաջնեկի ծնունդը դառնա մորդ և կնոջդ բարեկամության սկիզբը: Չեմ կարծում, որ մի մայր կարող է այդքան երկար ժամանակ անդրդվելի մնալ, երևի դու և կինդ պետք է ձեր գործերում ավելի համոզիչ լինեք, որ մայրդ հավատա և վստահի ձեզ: Եթե քո կինն իրոք հարգում է քո մորը, դու էլ պետք է այնպես անես, որ այդ հարգանքը վերածվի փոխադարձ սիրո: Դու շփվում ես մորդ հետ, և պետք է փորձես քո հաճախակի այցելություններով նրա կյանքը լցնել քո և կնոջդ կյանքի պատառիկներով այնպես, որ մայրդ մի օր առանց ձեզ իրեն լրիվ միայնակ զգա: Իհարկե, սկիզբը շատ դժվար կլինի. նա չի ցանկանա լսել, բայց դու պետք է ասես: Նվեր արա ու անպայման նշիր, որ միասին եք ընտրել: Արա ամեն ինչ, որ շահես ձեր տուն գալու նրա համաձայնությունը: Դրանից հետո, կարծում եմ, կինդ կանի այն ամենը, որ իր սկեսուրից ստանա փոխադարձ հարգանք: Սա կլինի այն բարի սկիզբը, որ դու ցանկանում ես ունենալ: Բայց ամեն դեպքում, և դու, և կինդ չպետք է մոռանաք, երբ մայրդ ձեր կողքն է, երկուսիդ ուշադրությունն էլ պետք է ուղղված լինի նրան: Հարգելի՛ Հակոբ, համոզված եմ, դու կվայելես այն երջանկությունը, որի կարիքն այդքան զգում ես: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 959 |
| | |
